Ո՞վ է նա
Ամեն ինչ այս կյանքում ինչ-որ կերպ բնութագրվում է, անուն ունի կամ՝ նկարագիր: Հակառակ պարագայում մենք չէինք հասկանա, թե ինչ է ուզում ասել մեր զրուցակիցը, թե նրա խոսքն ինչի մասին է, ում մասին, ինչ երևույթի մասին է նա պատմում: Հայերիս բախտն այս առումով շատ է բերել: Մեր լեզուն այնքան ճոխ է, որ, ինչպես Վիկտոր Համբարձումյանն էր ասում՝ տիեզերքում անգամ չկա մի շարժում, որ հնարավոր չլինի հայերեն բառերով նկարագրել: Էլ ուր մնաց որ մեր մոլորակի վրա տեղի ունեցող որևէ բան չկարողանանք հայերեն՝ հայոց լեզվով արտահայտել: Գրաբար հայերեն, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն, տասնյակ բարբառներ… Ու տիեզերքն ի՞նչ է, որ կարողանա մեր լեզվից գաղտնիքներ պահել:
2018 թվին, սակայն, հայերենը կանգնեց լուրջ դժվարությունների առջև: Դա անսպասելի էր: Ինչ-որ մեկը մի հեղափոխություն արեց, ու մինչ մենք ջանում էինք հայերեն անուն գտնել այդ հեղափոխությանը, ինքն էլ հենց այն անվանեց «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն», կրճատ՝ Թ(ոչ)ԲԺՀ: Բնականաբար դա միանշանակ չընդունվեց հայերիս կողմից, որովհետև հենց իր՝ հեղափոխության պարագլխի ճղճղոցները ոչ միայն բռնություն ու հակաժողովրդականություն էին բուրում, այլև բացարձակապես որևէ կապ չունեին թավիշի հետ: Ինքներդ դատեք՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Ժողովրդին ուղղված ստերի մասին էլ չասեմ՝ վարչապետը դու ես, վարչապետը դու ես, վարչապետը դու ես… Մինիստրն ո՞վ ա, որ քո առջև դուռ փակի, դու այդ դուռը պետք է ոտքով բացես… Ինչևէ, սա կոչվեց Թ(ոչ)ԲԺՀ և կարճ ժամանակ անց այս խայտառակ անվամբ մտավ դպրոցական դասագրքերի մեջ: Դեռ ուզում էին Թ(ոչ)ԲԺՀ-ի թանգարան էլ բացել, բայց սմարթֆոններով արված լուսանկարներից ավելի արժեքավոր բաներ չգտան այդ թանգարանում ցուցադրելու համար:
Կարելի էր, իհարկե, լեզվաբանների շրջանում մրցույթ հայտարարել մեր կյանքում տեղի ունեցած այդ աննախադեպ բանին նորմալ բնորոշում գտնելու համար, բայց նորահայտ կառավարությունը փող չհատկացրեց, և լեզվաբաններն իրենց չծանրաբեռնեցին այդ անշնորհակալ գործով: Մյուս կողմից էլ, եթե կառավարությունն անգամ շատ փող տար, մեզանում այնպիսի բան էր տեղի ունեցել, որին, իմ կարծիքով, որևէ անուն տալը անմարդկային ճիգեր կպահանջեր մասնագետներից: Եվ դա ոչ թե հայերենի աղքատության պատճառով, այլ որ այդ հեղափոխությունը նման էր մի բանի, որի նմանն առհասարակ չկար, ոչ բնության մեջ, ոչ աշխարհով մեկ ցրված մարդկային հասարակություններում և ոչ էլ անգամ տիեզերքում: Առաջարկներ եղան տեղի ունեցածն անվանել իշխանափոխություն և պրծնել այդ դարդից, բայց պարզվեց որ այդկերպ կխեղաթյուրվի իրականությունը, քանզի ոչինչ չփոխվեց՝ ոչ Պողոսը դարձավ վարչապետ, ոչ մինիստրի դուռը բացվեց կրնկի վրա, ոչ էլ վարչապետ դարձածն այնպիսի քայլեր արեց, որ մտածեինք՝ հենց ինքն է, որ կա ու նրանից բացի ոչ ոք չպետք է լինի:
Օրեր, ամիսներ, տարիներ անցան, մինչև հասկացանք, որ տեղի ունեցածին անուն դնելուց առաջ պետք է անուն մտածել այդ ամենի պարագլխի համար: Չէ, Նիկոլ Փաշինյանը անձնանուն է, որ այդ մարդը կրում է ծննդյան օրվանից: Խոսքը բնորոշիչ բառի մասին է: Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը որպես երևույթ: Կասեք՝ մարդ, նախկին ընդդիմադիր, նախկին խմբագիր, նախկին լրագրող… Բայց դրանք գործող վայ վարչապետի, միահեծան բռնապետի, կապիտուլյանտի, դավաճանի, ժողովրդի կողմից հայհոյված պաշտոնյայի բնորոշումներ չեն և, նախկին- նախկին ասելով, դժվար կլինի Նիկոլ Փաշինյանի մասին ամբողջական պատկերացում կազմել: Պետք է գտնել ճիշտ բառը, որ նրան կբնութագրի բոլոր կողմերից: Ու նաև պետք է շտապել, որովհետև Նիկոլը կարող է այդպես էլ անիմանալի հեռանալ:
Ես կառաջարկեի Նիկոլին փնտրել իր տխրահռչակ նմանակների՝ Սահակաշվիլու և Զելենսկու մեջ: Դա կարագացնի աշխատանքը, որովհետև այս եռյակի անդամները՝ Սահակաշվիլի-Նիկոլ-Զելենսկի, արդեն իսկ նույնական են մի շատ կարևոր հարցում: Նրանք բերովի են: Եվ ուրեմն պատահական չէ, որ մենք արդեն 6 տարի ինքներս մեզ հարցնում ենք՝ ո՞վ բերեց Նիկոլին: Ո՞վ բերեց Սահակաշվիլիին կամ Զելենսկուն՝ ըստ էության սա նույն, մինչ օրս անպատասխան մնացած հարցն է, որ տանջում է հայ, վրացի և ուկրաինացի ժողովուրդներին: Ակնհայտ է նաև, որ երեքն էլ ազգակործան պատուհաս են՝ ժողովրդական խոսքով՝ ավանակ: Համաձայնել են իրենց իշխանության բերողների պայմաններին, եկել իշխանության և կործանել իրենց «վստահված» երկրները՝ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան: Պարտվել են երեքն էլ, երեքի պատճառով էլ պատերազմներ են եղել, զոհեր, տարածքային կորուստներ: Շատ նման են, ախր: Հեքիաթներում հաճախ երեքին մեկ բնորոշում են տալիս՝ «Երեք հաստլիկները», «Երեք խոզուկները»… Բայց այսպիսի բնորոշում տալը հարմար չէ այնքանով, որ Նիկոլ Փաշինյանն, այնուամենայնիվ մյուս երկուսից առանձնանում է մի շատ կարևոր և միայն իրեն բնորոշ հատկանիշով: Ոչ Սահակաշվիլին և ոչ էլ Զելենսկին երբեք չեն հրաժարվել կորցրած տարածքներից, չեն ասել, որ դրանք ռուսական տարածքներ են՝ Ռուսաստան են: Սահակաշվիլին, որ այսօր փտում է Վրաստանի բանտում, մտքով անգամ չի անցկացրել, որ Աբխազիան ու Հարավային Օսեթիան Վրաստանի մաս չեն: Զելենսկուն սպանես՝ չի ասի, որ Ղրիմը Ուկրաինա չէ: Բայց Նիկոլը, որ ոչ բանտում է, ոչ էլ ատրճանակ էին դրել քունքին, Պրահայում բլթացրեց, որ Արցախը Հայաստան չէ: Այս հանգամանքն արդեն թույլ չի տալիս Նիկոլին դնել Սահակաշվիլիի և Զելենսկու կողքին: Վերջիններս էլ են վախկոտ, բայց Նիկոլը մի ուրիշ տեսակ վախկոտ է: Նիկոլի վախերը, կարծես, ավելի մտածված են և հաշվարկված:
Ես ինձ իրավունք չեմ վերապահի ևս մեկ բնորոշում տալ Նիկոլին: Դրանք առանց այն էլ շատ են, որոնք, ճիշտ է, սազում են, բայց լիարժեք չեն բնութագրում նրան՝ կապիտուլյանտ, դավաճան, հողատու, բան, կառավարության գլուխ, ազգակործան պատուհաս…
Պետք է գտնել այն միակ բառը, որի ծանրությանն ու ճնշմանը Նիկոլը չկարողանա դիմանալ: Ոչ հայհոյանք, ոչ նսեմացնող փոքրացուցիչ մասնիկներ, ոչ այլաբանություններ պետք չեն: Ընդամենը մեկ հատիկ բառ է պետք՝ հնարավորինս պարզ և դաժան:
Կարծիքներ