Մի բաց նամակ ամենքին

Մի բաց նամակ ամենքին

Պատերազմի ժամանակ Ուինսթոն Չերչիլին ներկայացնում են քննարկելու երկրի բյուջեն: Թերթելով փաստաթուղթը՝ նա հարցնում է.

- Իսկ որտե՞ղ են մշակույթի համար նախատեսված ծախսերը:

- Չէ՞ որ պատերազմ է, ի՞նչ մշակույթ,- պատասխանում են նրան:

- Եթե չլինի մշակույթը, ապա էլ ինչի՞ համար ենք պատերազմում,- զարմացած հարցնում է Միավորված Թագավորության վարչապետը:

Տարիներ առաջ, երբ հասարակական ֆորմացիայի փոփոխության հետ փոխվեց նաեւ մեր կյանքը, եւ մեր ժողովուրդը թեւակոխեց մի փուլ, որտեղ արդեն ծիլեր էին գցել ու փարթամորեն աճում էին անարդարությունը, թալանը, սովը, հուսախաբությունը, պատերազմը, սուտը, զրկանքները, երբ մարդկային արժեքները նահանջել էին յոթ սարից էլ այն կողմ, երբ չգիտեինք դեպի ուր ենք գնում եւ ընդհանրապես՝ ինչպես կարելի է պահպանել մարդկային գոյությունը, մենք՝ այսօրվա Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներս, լցված մեր սերնդի ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվությամբ ու սիրով, Գորկու հերոսների նման՝ կրակը ձեռքներիս, փորձում էինք հույսի ու հավատի լույսեր վառել մեր առջեւ նստած ուսուցիչների սրտերում ու հոգիներում: 
Իսկ ո՞վ էր նա, մեր առջեւ նստած ուսուցիչը: Նա հոգնած էր ու հուսախաբ: Նրանց որդիներն ու ամուսինները կռվում էին մարտի դաշտում կամ էլ օտար ափերում հաց էին փնտրում: Նրանք ընտանիք էին պահում,  կրթում իրենց աշակերտներին ու փորձում հասկանալ նորաթուխ իշխանությունների անհասկանալի օրենքներն ու վայրագությունները:

Իսկ ի՞նչ էինք անում մենք: Խոսում էինք այն կրթական բարեփոխումների մասին, որով պետք է փոխեինք մեր երկրի կյանքը: Խոսում էինք այն անհատի, քաղաքացու մասին, ով պետք է փոխեր մեր կյանքը: Հեշտ չէր նման պայմաններում ավանդական գաղափարներով ու մեթոդներով ուսուցչի հետ խոսել նորագույն կրթական, մանկավարժական տեխնոլոգիաների, մեթոդների, մոտեցումների մասին, համակարգչի մկնիկից վախեցող ուսուցչին զինել համակարգչային գրագիտությամբ եւ ուղղորդել դեպի ինֆորմացիոն ցանց, ծանոթացնել համաշխարհային կրթական նորույթներին, ամրագրված կրթական նոր օրենքներին եւ ուսումնական ռեսուրսներով աղքատ դպրոցներում փորձել իրականացնել անհատակողմնորոշիչ դասեր…

Անցել են տարիներ: Ես գտնում եմ, որ շնորհիվ Կրթության ազգային ինստիտուտի, շատ բան է փոխվել ուսուցչի կյանքում: Նա մտահոգված է իր մասնագիտական զարգացմամբ, ինքնակրթվող է  ու հետազոտող: Նա սիրով է մասնակցում դասընթացներին եւ դասընթացավարների հետ  ապահովում հետադարձ կապը: 

Ինստիտուտի մասնագետների կողմից ուսուցիչների համար ստեղծվել են բազմաթիվ դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ, ամսագրեր, դիդակտիկ նյութեր…

Կարեւորում եմ նաեւ մասնաճյուղերի աշխատանքը: Մեր՝ Սյունիքի (Գորիսի) մասնաճյուղի մասնագետների կողմից ստեղծվել են բազմաթիվ ուսումնական նյութեր, հատկապես կարեւորում եմ  ձեռնարկը սկսնակ ուսուցիչների համար, որով մեծ սիրով առաջնորդվել են ինստիտուտի մեր գործընկերները: 

Որպես մասնաճյուղի մասնագետ՝ ցանկանում եմ անդրադառնալ ինստիտուտի մասնագետներին, որոնք ցանկացած հարցով օգնել են մեզ: Իմ բաց նամակով ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել տիկին Կարինե Թորոսյանին, ով մայրաբար, տարիներ շարունակ, մեծ համբերությամբ աշխատում էր մարզերի մասնագետների հետ եւ աննկարագրելի խստապահանջությամբ պահանջում որակյալ աշխատանք: Նա մեզ մասնագետ դարձրեց:

Յուրաքանչյուր տարի, երբ վերադառնում էինք Արցախից եւ բացում էլեկտրոնային փոստին հասցեագրված արցախցի ուսուցիչների նամակները, հուզվում էինք դրանց բովանդակությունից, շնորհակալ խոսքերից, ջերմ վերաբերմունքից: Նրանք երբեք մեզ չեն մոռանում:
Նույնը կարող եմ ասել Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների ուսուցիչների մասին:
Իսկ ինչպիսի անսահման ոգեւորությամբ մասնակցեցինք այս հեղափոխությանը…
Հեռացածներից վերջինն էինք…

Արթնացած հավատով շնորհավորում էինք միմյանց. վերջապես կզարգանա մեր երկիրը, հեռացածները կվերադառնան օտար ափերից, մեր երեխաներն ապագա կունենան, կբարգավաճեն կրթությունը, արվեստը, մշակույթը … 

Վստահորեն կարող եմ ասել, որ հրապարակ դուրս եկած երիտասարդները Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից ժողովրդավարական արժեքներով վերապատրաստված ուսուցիչների աշակերտներն էին…

Կրթության ազգային ինստիտուտն ունի անցած ճանապարհ, ունի կենսագրություն, ունի ավանդ, եւ այն անհրաժեշտ է գնահատել, պահպանել ու հզորացնել: 

Հավատացնում եմ, որ սրանք պարզապես խոսքեր չեն: Հայը շինարար է: Կառուցածը քանդել չի կարելի: Այն հային յուրահատուկ չէ: Արժեքներ քանդելը յուրահատուկ է միայն մեր հարեւան ազգին… 

Ինձ թվում է՝ այսօր մեր երկրի համար շատ արդիական է Շալվա Ամոնաշվիլու իմաստուն առակը՝ ուղղված մարդկությանը.

Երկու հրեշտակներ՝ մեկը՝ երիտասարդ, մյուսը՝ տարիքով, Յոթերորդ երկնքից նայում էին Երկրին ու հետեւում մարդկանց կյանքին: Տարիքով հրեշտակը երիտասարդի ուսուցիչն էր:

- Ինչո՞ւ է Աստված ստեղծել մարդուն,- հարցնում է երիտասարդն իր ուսուցչին: 

- Որպեսզի նա մտածի,- պատասխանում է ուսուցիչը:

- Իսկ մարդուն ինչի՞ համար է պետք մտածելը:

- Որպեսզի նա Մշակույթ ստեղծի:

- Իսկ ի՞նչ է Մշակույթը:

- Այն Ճանապարհն է առ Աստված:

-  Ինչի՞ համար է մարդուն պետք այդ Ճանապարհը:

- Որպեսզի կատարելագործվելով՝ հասնի կատարելության եւ նույնպես հրեշտակ դառնա:
Երիտասարդ հրեշտակը բավականին հետաքրքրասեր էր:

- Ցույց տուր ինձ Մշակույթը: 
Ուսուցիչը ցույց է տալիս նրան Երկրի ամենամեծ քաղաքներից մեկը:

- Նայիր, սա պետության մայրաքաղաք է: Այստեղ կան Թանգարաններ, Թատրոններ, Համերգային դահլիճներ, Գեղարվեստի սրահներ… այն, ինչ պահպանվում է այստեղ, կոչվում է Արվեստ:

- Արվեստ…,- կրկնում է աշակերտը, որպեսզի չմոռանա:

- Տեսնո՞ւմ ես, սլանում են գնացքներն ու ավտոմոբիլները, թռչում են ինքնաթիռներն ու տիեզերական հրթիռները: Մարդիկ ստեղծել են հեռուստացույց, համակարգիչ, ինֆորմացիոն ցանց… եւ այդ ամենն իրականացնում է Գիտությունը…

- Գիտություն, Արվեստ…,- կրկնում է երիտասարդ հրեշտակը:

- Այն շենքերում, որտեղից ներս ու դուրս են անում երեխաները, իրականանում է նրանց Կրթությունը…

- Կրթություն, Գիտություն, Արվեստ…,- դարձյալ կրկնում է երիտասարդ հրեշտակը:

- Իսկ այն՝ երկինք խոյացող Խաչերով գմբեթների շինությունները Եկեղեցիներ են:
Այնտեղ մարդիկ աղոթում են Աստծուն: Նրանք ունեն իրենց Կրոնը:

- Կրոն, Գիտություն, Կրթություն, Արվեստ…,- այդ ամենը Մշակո՞ւյթ է:

- Այո, Մշակույթ է,- դա էլ հենց Ճանապարհն է առ Աստված,- պատասխանում է ուսուցիչը: Նա հպարտ էր մարդկության նվաճումներով ու ցանկանում էր իր աշակերտին պատմել ավելին:

Հանկարծ այդ պահին տեղի է ունենում ինչ-որ սարսափելի բան: Խլացնող ձայնով քաղաքի վրա սկսում են սլանալ ինքնաթիռները: Ռմբակոծվում է հսկա քաղաքը: Մի քանի րոպեում այն խորասուզվում է դժոխային կրակի մեջ: Ծուխն ու կրակի լեզուները հասնում են մինչեւ Յոթերորդ երկինք: 

Երիտասարդ հրեշտակը սարսափից գոռում է.

- Ինչո՞ւ Մարդը ոչնչացրեց իր Մշակույթը…
Ուսուցիչը գլուխն առնում է ձեռքերի մեջ ու հեկեկալով ասում.

- Մարդը դարձյալ կորցրեց իր Ճանապարհը…

Թամարա ԱԹԱՅԱՆ
ԿԱԻ-ի Սյունիքի (Գորիսի) մասնաճյուղի ավագ մասնագետ