Պողոսը՝ հրաշքների աշխարհում

Պողոսը՝ հրաշքների աշխարհում

TIME-ի գնահատմամբ՝ Հայաստանը հռչակվել է «Կովկասյան վագր»: Այսինքն՝ ոչ թե TIME-ի, այլ այդ պարբերականի մեջ տեղադրված գովազդի համաձայն: TIME-ի մասնագետները Հայաստան չեն այցելել, ոչ էլ նրանց խնդիրն է նման նյութ տեղադրելուց առաջ սեփական աչքերով տեսնել երկրի վիճակը: TIME-ը գումար է աշխատում գովազդային ընկերությունից, ընկերությունն էլ՝ փողին մուննաթ, գովազդում գրում է այն, ինչ պատվիրատուն է ուզում: Այս դեպքում պետք է փնտրել գովազդատուին, այսինքն՝ հասկանալ, թե ում էր ամենաշատը պետք, որ Հայաստանը տնտեսության զարգացման տեմպերով հավասարվեր ոչ միայն տարածաշրջանային երկրներին, այլեւ առաջ անցներ նրանցից ու հռչակվեր «վագրային թռիչքներով զարգացող երկիր»: Հենց սա պարզենք, կպարզվի նաեւ, թե ով է փողը տվել եւ նման գովազդ պատվիրել: Արժե՞ անուններ տալ, թե՞ արդեն գլխի եք ընկնում: Ի դեպ՝ նման գովազդները TIME-ում էժան չեն՝ 15-30 հազար են՝ կախված իլյուստրացիայի որակից: Եթե չեմ սխալվում՝ 2007-ին Հայաստանի տնտեսական աճի մասին ուսումնասիրություն-զեկույց հրապարակել է Համաշխարհային բանկը, որտեղ մեզ տրվել էր «Կովկասյան վագր» «տիտղոսը»:

Այսօր, երբ ուզում ես համեմատել այդ երկու «վագրերին», հասկանում ես, որ Փաշինյանի եւ նրա տիկնոջ գրառումները վերաբերում են բացառապես հանրահայտ հեքիաթի վագրին, որին «հեծնելով», հեքիաթի հերոսը հասել է փառքի գագաթին: Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ մի քանի հարյուր հազար պողոս լուրջ ընդունեց TIME-ի հրապարակումը եւ այդ հրապարակման նիկոլփաշինյանական մեկնաբանությունները: Նույն լրջությամբ պողոսներն ընդունեցին նաեւ լուրը, որ 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանին հաջողվել է լքել Հայաստանը։ Ինչպե՞ս է հաջողվել՝ ոչ ոք չգիտի եւ չի էլ ուզում իմանալ:

Դատախազությունից ասում են, որ Հոկտեմբերի 27-ի գործը քննած Ուզունյանը Հայաստանի սահմանը հատել է «Զվարթնոց» օդակայանով եւ նախնական տվյալներով՝ մեկնել է Մոսկվա։ Սա արդեն «կովկասյան վագրի» պատմություն չէ, այլ՝ «կովկասյան կրիայի»: Ինչպե՞ս Ուզունյանին հաջողվեց մեր իրավապահների քթի տակից անցնել, ինքնաթիռ նստել ու թռչել, եթե ուղեբեռում «կասկածելի իր»՝ փամփուշտ է հայտնաբերվել: Իսկ գուցե Ուզունյանն ավելի շո՞ւտ է թռել, քան նրա ճամպրուկում ոստիկանությունը կասկածելի իր կհայտնաբերեր: Այդ դեպքում ինչո՞ւ են վստահ, որ դա հենց Ուզունյանի ճամպրուկն է: Ոստիկանությունում, ինչ է, Ուզունյանի սպիտակեղենի չափսերն անգի՞ր գիտեն: Տեղի ունեցածը խայտառակություն է: Հրաժարական պետք է տան ինչպես ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ները, այլեւ ՀՔԾ-ն՝ ամբողջ կազմով: Ի՞նչ իմանաս, գուցե ռուս սահմանապահնե՞րն են օգնել նախկին դատավորին ինքնաթիռ նստել ու թռչել հայդե Մոսկվա: Դատախազությունը, ինչպիսի արագաշարժություն, գործի է անցել՝ արդեն հանձնարարություն է տրվել պարզելու «տվյալ դատավորի՝ Հայաստանի Հանրապետությունը լքելու հանգամանքները»: Իսկ կկարողանա՞ն պարզել, օրինակ, թե ով էր Ուզունյանին նախապես տեղեկացրել հնարավոր կալանքի մասին, որ նա էլ փամփուշտը դրել է ուղեբեռի մեջ եւ գնացել օդանավակայան: 

ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Փաշինյանը, առանց խղճի խայթի, հայտարարեց, որ արցախյան կարգավորման ուղղությամբ իր բոլոր քայլերը (կարդա՝ կիսաքայլերը) լավ արդյունքների են հանգեցրել, եւ մեր դիրքերը թավշյա հեղափոխությունից հետո ամրապնդվել են: Լավ, եթե դա այդպես է, եթե Բրատիսլավայում մենք ադրբեջանցիների պորտը տեղն ենք դրել, ապա ինչո՞ւ էիք «զադնի-պերեդնի» անում Զոհրաբ Մնացականյանի ելույթը ու վերջը այն հեռացրեցիք, որ ոչ մի պողոս գլխի չընկնի, թե ինչ եք բերել Հայաստանի ու Արցախի գլխին: Ինչո՞ւ եք լռում Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի մասին, որով Հայաստանին կոչ է արվում այլեւս բնակավայրեր չկառուցել «նախկին ադրբեջանաբնակ տարածքներում, այնտեղ տեղակայել խաղաղապահներ եւ մերձեցնել կողմերի դիրքորոշումը»: Սա՞ է մեր ամրապնդված դիրքը բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ բանակցություններ, որպես այդպիսիք, կա՞ն: Եթե այո, ապա ինչո՞ւ է վարչապետը մեր սպառազինության ու նորագույն զենքերի ֆոնին լուսանկարներ հրապարակում, խոսում զենքի աննախադեպ քանակություն ձեռք բերելու մասին: Արդյոք ճի՞շտ է դա «կողմերի դիրքորոշումների մերձեցման» համատեքստում:

Դեռ որքա՞ն կշարունակվեն ծուռ հայելիների թագավորությունում մեր զբոսանքները: Ամեն ինչ հոգնեցնելու աստիճան անհետաքրքիր է դառնում: ՀՀ իշխանությունները սպառել են իրենց, իսկ նրանց ամեն մի նոր քայլ հակասության մեջ է նախորդ, վստահ եմ՝ նաեւ հաջորդ քայլի հետ: Մի ջրապտույտ է սկսվել, որից դուրս գալու ոչ մի հույս, թվում է՝ չկա: Ուրիշ ինչո՞վ զարմացնել պողոսներին՝ թանկարժեք մեքենաներ, 2 միլիոն դոլար արժողությամբ «ռեմոնտ», վերեւներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգեւատրումներ, անհասկանալի վարսահարդարումներ, ստամբուլյան կոնվենցիայի ընդունման սպառնալիք, Սահմանադրության համատարած ոտնահարումներ, ՀԽ-ի արժեզրկում՝ սորոսական դեմքերով… Էլ բան չէր մնացել, անցել են 40 տարվա «Այբբենարանին», թե այնտեղ պատկերված կանայք լավը չեն, պետք է «ղզողլան» լինեն…

Ո՞վ պետք է պողոսին ասի, որ այսպես երկիր ենք կորցնում՝ մտավորակա՞նը: Ո՞ւր են նրանք՝ սեփական ստվերից վախեցող այդ արարածները, որոնք, այո, մեղավոր են, որ պողոսը մինչ այս պահը չի կարողանում հասկանալ, թե իրեն ուր է առաջնորդում խամաճիկների այս խունտան, որ հեղափոխական կառավարություն է կոչվում: Եվ ի՞նչ է ասելու այս կառավարությունը, երբ պողոսները կլորացած աչքերով կնայեն իրենց կոմունալ ծախսերին, որոնց մի մասն էլ, ի դեպ, գոյացել է այս ողջ շոուին հետեւելու պատճառով: