Մինչ թեկնածուները պայքարում են, նախկին տնօրենը վերականգնվեց պաշտոնում

Մինչ թեկնածուները պայքարում են, նախկին տնօրենը վերականգնվեց պաշտոնում

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, «Իջեւան» ԲԿ տնօրենի թափուր պաշտոնի համար դեկտեմբերի 18-ին կայանալու էր նոր մրցույթ: Չնայած նախորդ մրցույթի երկու մասնակիցներից հաղթող էր ճանաչվել Էդուարդ Գրիգորյանը, սակայն մրցույթի մյուս մասնակից Վազգեն Մարգարյանը բողոքարկել էր արդյունքները՝ այն հիմնավորմամբ, որ մրցույթն անցել է անհավասար պայմաններում: Ու չնայած բողոքարկման հանձնաժողովը մրցույթի ընթացքի մեջ որեւէ խախտում չէր արձանագրել, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նոր մրցույթ նշանակեց, իր իսկ հավաստիացմամբ՝ շահարկումներից խուսափելու համար: Թեեւ մեզ հայտնի էր, որ պարտված թեկնածուն խոստացել էր «խոսել», եւ, թերեւս, այդ սպառնալիքն էր դեր խաղացել։

Նոր նշանակված մրցույթին մասնակիցների թիվն ավելացավ եւս երկուսով: Ըստ մրցույթի արդյունքների՝ երեք մասնակիցները բանավոր հարցերին պատասխանել են փայլուն եւ հայտնվել հավասար՝ հաղթողի կարգավիճակում: Մասնակիցներից միայն Վազգեն Մարգարյանը բանավոր հարցերից մեկին սխալ է պատասխանել, բայց այս անգամ էլ չի հաշտվում իր պարտության հետ եւ նորից բողոքարկել է մրցույթի արդյունքները: Պետք է դարձյալ բողոքարկման հանձնաժողով ստեղծվի, որը կքննարկի մրցույթի արդյունքները վերանայելու հարցը: Իսկ մինչ Մարգարյանը բողոքարկում է, նոր անակնկալ է հայտնվում. նախկին տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը, ում պաշտոնից ազատել էր մարզպետ Չոբանյանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2019թ․ վճռով վերականգնվել է աշխատանքում: Վճիռն ուժի մեջ կմտնի մեկ ամսից: Փաստորեն, թե՛ երկու մրցույթների անցկացումը, թե՛ Վազգեն Մարգարյանի բողոքարկումները եւ մյուս գործընթացները դառնում են անիմաստ:

Նախկին տնօրենը դարձյալ կզբաղեցնի պաշտոնը։ Թե ինչպես եւ երբ կլուծվի ԲԿ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակը, եւ երբ բժշկական կենտրոնը կսկսի բնականոն գործել, առայժմ պարզ չէ: