Քոչարյանի պաշտպաններն առաջիկայում կներկայացնեն, թե ինչպես են պատվերները դատավորներին հասնում

Քոչարյանի պաշտպաններն առաջիկայում կներկայացնեն, թե ինչպես են պատվերները դատավորներին հասնում

«Մենք գտնում ենք եւ պնդում ենք, որ չի կարող պատահել, որ պարոն Քոչարյանը կատարած լինի 300.1 հոդվածով նախատեսված արարքը, բացարձակապես այդպիսի ենթադրությունը զուրկ է հիմքից, դրան գումարած մենք պնդել ենք, որ պարոն Քոչարյանը օգտվում  է անձեռնմխելիությունից, նաեւ պնդել ենք, որ գոյություն չունի հիմք ենթադրելու, որ մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել քննությանը»։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երեկ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշմանը, որով անփոփոխ թողեց Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի որոշումը։ 

«Վերաքննիչ դատարանը երեկ մերժեց երկու բողոքն էլ, երեկվա տեղի ունեցածը դա իրավաբանական տեսանկյունից ծայրահեղ խախտում է իրենից ներկայացնում, շատ կոպիտ ձեւով Վերաքննիչ դատարանը խախտեց քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր, որոնց վրա մենք հիմնվում էինք»,- նշեց նա։ 

Նրա խոսքով՝ Քոչարյանը  նիստի ժամանակ ասել է, որ օբյեկտիվ լինելու համար դատավորն այս փուլում պետք է հերոս լինի․ «Պարոն Քոչարյանը դատավարության ժամանակ ասաց, որ մենք չենք կարող ակնկալել, որ դատավորը պիտի նաեւ հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորն այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում։ Ստեղծված իրավիճակում ինքը նաեւ պետք է լինի հերոս»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ ինֆորմացիաներ են ստանում, որ պատվերներ են իջեցվում դատարանների վրա․ «Մենք նաեւ տարբեր աղբյուրներից ավելի ստույգ տեղեկություններ ենք սկսել ստանալ թե ինչ կերպ, ինչ միջոցներով, եղանականերով է այդ պատվերները հասնում դատավորներին։ Կգա դրա ժամանակը, դա կներկայցվի, կներկայացվի անուններ՝ անուն առ անուն։ Իրենք գիտեն, էնպես չի, որ էս ամեն ինչը միշտ լինելու է քողարկված, այս ամեն ինչը իր օրինական լուծումն է ստանալու»։