Մերժել է խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը

Մերժել է խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մարզահամերգային համալիրի տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել «Շարմ հոլդինգի» նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը։ Թեեւ ի սկզբանե հայտ էր ներկայացրել 24 հոգի, բայց մրցույթին ներկայացել էին 21-ը, որոնցից մեկն ընթացքում հրաժարվել էր մասնակցությունից եւ հեռացել։ Հանձնաժողովի գնահատականների հանրագումարի արդյունքում ամենաբարձր միավորները ստացել էր Կարեն Ղազարյանը, ում նշանակումը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, քանի որ, շրջանառվող խոսակցությունների համաձայն, նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալն է, եւ հանձնաժողովի անդամներին դեռ մեկ օր առաջ զգուշացրել էին նրա համար։ Այդ առիթով, սակայն, Կարեն Ղազարյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր․ «Ինչ ասես, կարան խոսան, ինչ ասես, կարան գրեն, ես բան չունեմ ասելու դրա վերաբերյալ։ Կյանքը ցույց է տալիս՝ աշխատում ես, ու գնահատականը միշտ տրվում է աշխատանքով, ոչ թե խոսքով»։ 

Հաջորդ 5 ամենաբարձր միավորներ ստացած թեկնածուներին առաջարկվել էր կազմակերպության կանոնադրության փոփոխությունից հետո ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում։ 

Նախկին լրագրող, PR մասնագետ, ներկայումս պրոդյուսերական եւ խորհրդատվական աշխատանքներով Եվրոպայում աշխատող Թամարա Սարյանը (Սարգսյան) տնօրենի մրցույթի մասնակիցներից մեկն է, ում նույնպես առաջարկ է արվել՝ ընդգրկվել նոր ձեւավորվող խորհրդի կազմում։ «Քանի որ ամենաբարձր միավորներ հավաքած 5 թեկնածուները, այդ թվում՝ ես, լավ ծրագրեր էինք ներկայացրել եւ բարձր միավորներ հավաքել, մեզ առաջարկվեց ընդգրկվել կառավարման խորհրդի կազմում»,- ասում է Թամարա Սարյանն (Սարգսյանը) ու նկատում, որ նախնական համաձայնությունը տվել է․ «Որովհետեւ եթե իսկապես պահենք, ու խորհուրդն իր դերը կատարի` ձեւական չլինի, կարելի է բոլորի գաղափարներն օգտագործելով՝ միասնական գործ անել եւ կարելի է մեծ արդյունքների հասնել։ Բայց եթե ընթացքում տեսնեմ, որ չեն ուզում, այդ ծրագրերը չեն իրականանալու, կասեմ, որ ինձ այլեւս հետաքրքիր չէ»։

Ի դեպ, կանոնադրական փոփոխությամբ հնարավորություն կընձեռվի ՄՀՀ կառավարման խորհրդի կազմն ընդլայնել եւ 5 հոգու փոխարեն ընդգրկել 15 մարդու։ Համալիրի խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկ արվել է նաեւ հանձնաժողովի անդամներից՝ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին եւ ՄՀՀ ճարտարապետներից՝ Հրաչյա Պողոսյանին, ովքեր տվել են իրենց համաձայնությունը։   

Շատ խոսվեց, որ մրցույթն անցկացվել է ոչ արդար, ինքը՝ որպես մասնակից, նկատե՞լ է կողմնակալ վերաբերմունք հանձնաժողովի կողմից։ «Ոչ մեկ չի կարող դրա մասին ասել, որովհետեւ միմյանց ելույթները չենք լսել դահլիճում, այսինքն՝ չենք կարող ասել, թե ով ինչպես է պատասխանել, եւ ինչ չափորոշիչներ են եղել ծրագրերի հետ կապված»,- ասում է Սարյանն ու նշում, որ ծրագրային դրույթներից բացի, եղել են հարցեր նաեւ օրենսդրությունից եւ Սահմանադրությունից։  
Խորհրդի անդամները նորընտիր տնօրենի հետ դեռ չեն հանդիպել։ Իսկ խորհուրդը  հասարակական հիմունքներով է գործելու, թե ոչ՝ դեռ չգիտեն։ 

Իր հավաքած միավորներով Կարեն Ղազարյանից հետո եղել է երգիչ Եղիշե Պետրոսյանը, ում համար տհաճ էր այս թեման, այն աստիճան, որ հրաժարվեց խոսել, միայն նշեց, որ մերժել է խորհրդի կազմում ընդգրկվելու առաջարկը․ «Ես իբր թե 2-րդ տեղն էի իմ բալերով, ինձ առաջարկեցին խորհրդի կազմում լինել, բայց ես մերժեցի»։ Անհամաձայնությո՞ւն կար, դա՞ է պատճառը։ «Երեւի…, մերժել եմ ու չեմ ուզում համագործակցել այդ թեմայով»։

ՀԳ․ Ի դեպ, մեզ պատմեցին, որ թեկնածուները միմյանց ելույթները չեն լսել, քանի որ մրցույթն անցկացնողները՝ իբր ցրտի պատճառով, առաջարկել են, որ յուրաքանչյուրն ավարտի իր խոսքն ու հեռանա։