Ո՞ր կողմից է լսվում մեծամասնության ձայնը

Ո՞ր կողմից է լսվում մեծամասնության ձայնը

Երբ մարդու սիրտը պարբերաբար ցավում է, իսկ ատամը փչացած է, ո՞ւմ մոտ պետք է գնա առաջինը` սրտաբանի՞, թե՞ ատամնաբույժի: Չգիտեմ՝ աշխարհում ինչպես է, բայց Հայաստանում մարդիկ գնում են ատամնաբուժարան: Եվ պատճառն ամենեւին այն չէ, որ ատամներն ավելի կարեւոր են, քան սրտի աշխատանքը, ուղղակի մենք սիրում ենք առաջնային ու էական խնդիրները ստորադասել ու մղել հետին պլան. կարեւորը ատամներն են, որ լավ հաց ուտենք, իսկ սիրտը թող սպասի: Եվ քանի որ ներկայիս իշխանավորները լավ գիտեն սա, որովհետեւ ընդամենը մի քանի ամիս առաջ իրենք էլ ուղղակի քննարկողներ էին, անկարեւոր ու կեղծ օրակարգերից մեզ զերծ չեն պահում: Ժամանակ առ ժամանակ կբուժվի բազմաթիվ ատամներից մեկը կամ երկուսը, կամ գոնե ցույց կտան, որ բուժում են, եւ կեղծ քննարկումների հերթագայության մեջ կմոռանանք, որ հիվանդ սիրտ ունենք: 

Դա՝ հիմա: Բայց ժամանակն աշխատում է իշխանությունների դեմ եւ գազի, հացի կամ թեկուզ բանանի շարունակվող թանկացմանը զուգահեռ ամենահետաքրքիր տեսարանն անգամ, այսպես կոչված, մեծամասնությանը չի բավարարելու: Որն արդեն ակնհայտ է:

6 ամիս առաջ ում հարցնեիր` հեղափոխական էր ու քայլող,  այժմ քայլողների թիվը կտրուկ պակասել է, հեղափոխականներինը` նույնպես, առաջ տեղի ունեցածը հեղափոխություն էր, հիմա` իշխանափոխություն կամ տեղափոխություն, Նիկոլ Փաշինյանը փրկիչ էր, ավելին` ըստ համաքաղաքացի Լյուբիկ Չիբուխչյանի «հանրահայտ» գրքի` Իջեւան մոլորակից իջած փրկիչ, հիմա` ուղղակի վարչապետ, առաջ սենսացիոն բացահայտում էր, հիմա՝ չհաջողված շոու: Եվ ամենեւին այնպես չէ, որ 6 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն իրոք փրկիչ էր, իշխանափոխությունը` հեղափոխություն կամ հերթական շոուն` սենսացիա: Խնդիրը մեր պատկերացումների ու ընկալումների մեջ է:

Արդարության համար ասեմ, որ շատ դժվար է ազգային նման զարթոնքի ու համախմբման ժամանակ ունենալ բավականաչափ խոհեմություն՝ հասկանալու, որ խոստացված նոր ու «անսերժ» Հայաստանը, անշուշտ, լինելու է «անսերժ», բայց ամենեւին՝ ո՛չ նոր: Նման պահերին ամբոխահաճո պոպուլիստական հայտարարություններն ավելի զորեղ ու արդյունավետ են` գեներացված հսկա ուժն ուղղորդելու համար, քան դամոկլյան սրի պես կախվող դառը ճշմարտության ոչ պակաս դառը խոսքերը: Նման պահերին ճշմարտությունը ծիծաղելի վիճակում է հայտնվում, այնպես, ինչպես հանրահայտ հեքիաթի տղան, ով փորձում էր հավատացնել, որ թագավորը մերկ է: Այս ամենից հետո հարց է առաջանում` իշխանությունների ընկալմամբ՝ այժմ  ո՞րն է ժողովրդի մեծամասնությունը, եւ ովքե՞ր են նրանք` իշխանափոխության օրերին «մերժիր Սերժին» բղավողնե՞րը, հիմա` նոր իրավիճակում, նոր իշխանությունից դժգոհողնե՞րը, իշխանափոխության օրերին իշխանափոխությունից դժգոհողնե՞րը, ո՞րն է, այսպես կոչված, մեծամասնությունը, մեծամասնության ձայնը: 

Իսկ մեծամասնության ձայնը շատ փոփոխական է, եւ երկրի առաջընթացի ու զարգացման նման ցուցանիշներով` առավելագույնը վեց ամիս անց, նույն մեծամասնությունն այլեւս դադարելու է աջակցել նոր կառավարությանը: Եվ ինչ` թավշյա հեղափոխականները հեռանալո՞ւ են իշխանությունից: Չեմ կարծում, որովհետեւ այդ ժամանակ նրանք լինելու են ոչ թե թավշյա հեղափոխականներ, այլ` սովորական իշխանավորներ: Իսկ իշխանավորների համար մեծամասնություն ասվածը իշխանության մեջ ներգրավված անձինք են` իրենց խնամի-ծանոթ-բարեկամ լայն շրջանակով: Այդպես էր նախորդ իշխանությունների ժամանակ, այդպես է նաեւ հիմա` միայն մի տարբերությամբ` համատարած օպտիմալացման ու կրճատումների արդյունքում այդ շրջանակը կտրուկ սեղմվելու է, եւ այդ ժամանակ իշխանությունները դժվար թե ցանկություն ունենան կողմնորոշվելու, թե որ կողմից է լսվում մեծամասնության ձայնը: Ասում եմ՝ «դժվար թե», որովհետեւ կողմնորոշվելու դեպքում վերջիններս ստիպված են լինելու կա՛մ լքել հարմարավետ աթոռները, կա՛մ սահման ուղարկված ոստիկաններին հետ բերել եւ փակել ԱԺ-ի ու Բաղրամյան 26-ի դարպասները: