«Հրապարակ». Մենք 2 ամիս ժամանակ ունենք

«Հրապարակ». Մենք 2 ամիս ժամանակ ունենք

Ընդդիմության երեկվա այլընտրանքային նիստին՝ «Հայաստանի իրական օրակարգով», մասնակցում էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր։ Ներկա էր նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ով 2021-ի արտախորհրդարանական ընտրություններին դաշինք էր կազմել Տիգրան Արզաքանցյանի հետ։ Սակայն այն շատ կարճ կյանք ունեցավ՝ Արզաքանցյանն այժմ միայնակ է փորձում քաղաքական գործունեություն ծավալել։ Մի քանի հարց ուղղեցինք Արամ Գասպարիչին։

- Ընդդիմությունը որոշել է այս ձեւաչափով պայքարել՝ այլընտրանքային նիստեր կազմակերպել, ինչպե՞ս եք գնահատում։

- Առաջինն անհրաժեշտ է կոնսոլիդացիա` բոլոր այն ուժերի, որոնք էսօրվա իշխանությունների հետ համաձայն չեն՝ մեղմ եմ ասում, որովհետեւ իրենց վարած այս քաղաքականությունը՝ արտաքինի  հետ կապված, բացարձակ անընդունելի է: Որովհետեւ եթե մենք խաղաղության պայմանագիր ենք կնքելու, Հայաստանը ճանաչում է նրանց տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում Արցախը տրվում է Ադրբեջանին անվերապահորեն, այդ պարագայում Ադրբեջանը միանշանակ դիմում է Ռուսաստանին, թե էլ ի՞նչ գործ ունեք դուք մեր տարածքում՝ խաղաղությունը կնքել ենք, ավարտվել է։ Էս իրավիճակում, երբ որ վարչապետը հայտարարում է, որ Տեղ գյուղից հետո Հայաստան չէ՝ Ադրբեջան է, ամեն ինչ հասկանալի է։ Եթե մենք դա հաշվի չենք առնում, ուրեմն կնշանակի՝ մենք նույնպես աշխատում ենք իրենց օրակարգով։ Հիմա անհրաժեշտություն է, որ կոնսոլիդացիայի հարց լուծվի։ Այսինքն՝ ոչ թե միայն մեկ-երկու քաղաքական ուժ, այլ լայն հանրային կոնսոլիդացիա։ Եվ այդ պարագայում, եթե դա հաջողվի այս պահին, իսկ ես կարծում եմ, որ մենք ընդամենը երկու ամսվա ժամանակ ունենք, որովհետեւ նա արդեն հանձնարարել է, որ նոյեմբերի կեսին այդ տեքստը պատրաստ լինի, ապա մենք կկարողանանք գոնե կանխել այդ վտանգավոր զարգացումները։

- Աղավնոն ու Բերձորը հանձնելուց առաջ էլ երկու ամիս ժամանակ ունեինք, բայց ոչ մի բան չկարողացանք անել, ու հանձնեցին։ Հիմա Դուք ի՞նչ հույս ունեք, որ այս երկու ամսում կկարողանանք գոնե այս մեկը կանխել։

- Մենք չկարողացանք, որովհետեւ չկար այն իսկապես իրական ռազմավարությունը, որ անհրաժեշտ է, որ ունենային կոնսոլիդացված ուժերը։ Ցավոք սրտի՝ այդպես է։

- Ի՞նչն է խանգարում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանան լայն կոնսոլիդացիա ապահովել։

- Էդ հարցը պետք է տալ նրանց, ովքեր վարում են այս ամբողջ շարժումն այս պահին, բայց մեր առաջարկությունը եղել է հետեւյալը՝ մենք ասել ենք, որ անհրաժեշտ է ձեւավորել քաղաքական խորհուրդ, որը պետք է կարողանա մշակել այդ ռազմավարական գործողությունների ծրագիրը եւ սկսի միասնաբար գործել։ Բացի այդ, մեր խնդիրը նաեւ հետեւյալն է՝ Սփյուռքը ներգրավել, եւ կարողանանք համահայկական համաժողով ձեւավորելով՝ նաեւ այստեղ կենտրոնացնել մեր կարողությունները, որովհետեւ ազգն ունի այդ պոտենցիալը։

- Խոսեցիք կոնսոլիդացիայից, ես հիշեցի, որ 2021 թ․ արտահերթ ընտրությունների ժամանակ Դուք կոնսոլիդացիայի էիք գնացել Տիգրան Արզաքանցյանի հետ, ու չստացվեց ձեր դաշինքը։ Ի՞նչը խանգարեց։

- Էդ թեման արդեն, կարծում եմ, անցած պիտի լինի, բայց եթե ուզում եք նորից թարմացնենք՝ խնդրեմ։ Մենք պարզ բացատրել ենք, որ այդ պահին մենք դիմել էինք խորհրդարան, որպեսզի նրանք դուրս բերեն «գրավ» հասկացությունը, որովհետեւ քաղաքական կուսակցությունները չպիտի մասնակցեն ընտրություններին՝ 20 հազար դոլար վճարելով դրա համար։

- Այսինքն՝ գումարի՞ համար էիք միացել Արզաքանցյանին։

- Այո, պարզ եմ խոսում՝ հիմնական խնդիրն այն է, որ կար ֆինանսական այդպիսի պարտադրանք՝ մեզ վրա դրված, եւ իր առաջարկը եթե մենք ճիշտ գնահատեինք, մենք սխալ ենք գնահատել՝ պարզ ասեմ, մենք անգամ այդ պարագայում չէինք գնա իր հետ դաշինքի։

- Ո՞ր առաջարկը։

- Եթե մենք իմանայինք՝ ինչ է հետեւելու այդ ամենից հետո, ինչ PR են իրենք իրենց համար կազմակերպելու զուտ դրա հաշվին, մենք այդպիսի կամպանիա չէինք ծավալի։ Ցավոք սրտի՝ այդպես եղավ։

- Բայց Արզաքանցյանն էլ կարող է մտածել, որ իր փողերի համար դաշինք կազմեցիք։

- Մենք ոչ մի նպատակ չունեինք, որ մենք հաղթելու ենք, դրա համար էլ մտանք նրա հետ դաշինքի մեջ։ Նա է մեզ խնդրել։

- Ի՞նքն է Ձեզ խնդրել, որ դաշինք կազմեք։

- Բա հո ես չե՞մ առաջարկել։ Ինքը մի քանի անգամ եկել է բանակցությունների, եւ այդպիսի խոսակցություն է եղել։

- Իսկ հիմա ինչպե՞ս եք գնահատում իր գործունեությունը, օրինակ՝ նրա կինը որոշել է դառնալ Երեւանի քաղաքապետ։

- Էդ իրենց պիտի դիմեք։ Ես ոչ մի կերպ չեմ վերաբերվում։