«Հրապարակ». Իրենք երբեք էլ ՔՊ-ի կողքին չեն եղել, որ հիմա էլ միայնակ են թողել

«Հրապարակ». Իրենք երբեք էլ ՔՊ-ի կողքին չեն եղել, որ հիմա էլ միայնակ են թողել

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ

- Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության կողմից խորհրդարանական աշխատանքների բոյկոտը, արդյոք այդ փաստը չի՞ ապալեգիտիմացնում խորհրդարանը։

- Ոչ մի կերպ էլ չեմ գնահատում։ Ինչպես տեսնում եք՝ խորհրդարանը շարունակում է օրենքներ ընդունել, մենք աշխատում ենք բնականոն հունով, ե՛ւ հանձնաժողովներն են նիստեր գումարում, ե՛ւ լիագումար նիստեր են գումարվում, ու պետք է ասեմ, որ աշխատանքներն ավելի կառուցողական են, հանգիստ մթնոլորտում ենք աշխատում։ 

- Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ՔՊ-ին միայնակ են թողնում` Արցախը հանձնելու իր ծրագրի հետ։ Արդյոք նկատի ունեն խաղաղության պայմանագրի ստորագրո՞ւմը։

- Ես չգիտեմ՝ ով է նման բան ասել, բայց ինչ որ ասել է, սխալ է ասել, որովհետեւ իրենք երբեք էլ ՔՊ-ի կողքին չեն եղել, որ հիմա էլ միայնակ են թողել։ ՔՊ-ի կողքին ժողովուրդն է, կա ու լինելու է։ ՔՊ-ն երբեք միայնակ չէ։

- Արցախը հանձնելո՞ւ հարցում․․․

- Նման օրակարգ չկա։

- Բայց կան տեղեկություններ, որ Ադրբեջանն օր առաջ փորձում է ՀՀ իշխանություններին, առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, խաղաղության պայմանագիր պարտադրել։ Իսկ այդ պայմանագիրը ոչ լեգիտիմ խորհրդարանում չի կարող վավերացվել։

- Տեսեք՝ ընդդիմությունն այսօր չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում։ Ես քիչ առաջ խորհրդարանում հանդիպեցի Ազատան գյուղի դպրոցականներին, եւ երեխաներից ինձ հարց տվեցին, թե, օրինակ, Դուք ինչպե՞ս եք գնահատում, որ այսօր Ազգային ժողովում կան պատգամավորներ, ովքեր չեն աշխատում եւ աշխատավարձ են ստանում։ Այսինքն՝ իրենք բավականին տեղյակ են։

- Իսկ գուցե ձեր՝ ՔՊ-ականներիդ մասին են հարցրել։

- Ոչ, իրենք ուղիղ անուններ ասացին, ընդդիմադիրների մասին է խոսքը։ Նույնը՝ համայնքներում, հիմա ՏԻՄ քարոզարշավների մեջ ենք, Անիում էլ մարդիկ նույն հարցն են տալիս։ Եվ, այո, շատ վատ եմ գնահատում եւ կարծում եմ, որ պետք է անպայման միջոցներ ձեռնարկել, որ այս հարցը լուծվի, թե ինչ միջոցներ, այս պահին ես չեմ կարող ասել։ ․․․Բայց ցանկացած տարբերակ, Ձեր ասած՝ մանդատներից զրկելու, պետք է գործադրել, որովհետեւ սխալ է այսօր, որ մարդիկ չեն աշխատում ու գումարներ են ստանում։ ․․․Ես հասկանում եմ, որ, այո, պահումներ էլ են անում, բայց փաստացի ստանում են ոչինչ չանելու համար։

- Հիմա իրենք էլ ձեզ ասում են, որ խորհրդարանում զբաղված եք Արցախ հանձնելով կամ, ասենք, սնդիկի մասին օրենք ընդունելով, որը բացարձակ կապ չունի Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հետ։

- Թող գան՝ իրենք օրենքներ ներկայացնեն, ուղղեն այս իրավիճակը, մեկ տարի աշխատել են, թող ներկայացնեին։

- Տարբեր նախագծեր են ներկայացրել, որոնք իշխող մեծամասնությունը մերժել է, փոխարենը ծեծել եք իրենց, վիրավորել, գան, ի՞նչ անեն։

- Չի եղել, որ ներկայացնեն, որեւէ լուրջ նախագիծ չեն ներկայացրել, որը օգուտ կտա երկրին, համենայնդեպս, ես չեմ տեսել, ճիշտ է՝ մեկ ամիս է, որ պատգամավոր եմ, բայց չեմ տեսել։

- Եթե ընդդիմության բոյկոտից այդքան ուրախ եք, իրենց դերակատարումն էլ զրո է, ինչո՞ւ էր այսօր ԱԺ նախագահը հայտարարում, որ պատրաստ են գործընկերներին ծափողջույններով հետ ընդունել խորհրդարան։

- Ես Ձեզ ասեմ, որ այդ ընդդիմությանն է պետք վերադառնալ խորհրդարան, իրենց 270 հազար ՀՀ քաղաքացի է ձայն տվել, եթե իրենք չեն հարգում իրենց ձայն տված քաղաքացիներին եւ չեն գալիս խորհրդարան՝ մանդատը ծառայեցնելու նպատակին, դա անլուրջ է։

- Այդ մանդատը ստացել են իշխանափոխություն իրականացնելու համար։

- Մեզ էլ ձայն են տվել խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար, երեք անգամ ավելի մարդ մեզ խաղաղության համար ձայն է տվել։

- Ընդունո՞ւմ եք, որ դուք էլ չեք կարողանում ձեզ տրված մանդատը նպատակին ծառայեցնել, այսօր անգամ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր սադրանքի՝ ակնարկելով էսկալացիայի մասին։ Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ճնշման միջոցով է ուզում հասնել իր ուզած խաղաղության պայմանագրին։

- Ես տեղյակ չեմ դրա մասին, չեմ կարդացել պարոն Մարուքյանին, չեմ էլ զրուցել պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ, Ձեր տված հարցի վերաբերյալ ինֆորմացիա չունեմ։ Բայց պատերազմի վտանգ ցանկացած երկիր կարող է ունենալ։ Բայց կրկնում եմ՝ ամենակարեւորը, որ մենք ձգտում ենք խաղաղության, մեր քաղաքացիները հենց դրա համար են մեզ ձայն տվել։

- Ընտրություններից հետո բազմաթիվ անգամներ սահմանային միջադեպեր են եղել, հիմա էլ, ինչպես Մարուքյանն է ասում՝ վտանգ կա, ընդունո՞ւմ եք, որ չեք կարողանում արդարացնել տված խոստումը, սպասե՞նք քաղաքական պատասխանատվության։

- Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրակարգն իրականություն դառնա ու «եթե»-ներով, որ մենք չենք կարողանա․․․ ես չեմ ուզում խոսել։

- Այսինքն՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ժամանակում հնարավո՞ր է։

- Ես տեղյակ չեմ, այդ հարցի պատասխանը չունեմ։ Ես ասում եմ, որ մենք մեր աշխատանքը կատարում ենք, թող ընդդիմությունն էլ անի։

- Իշխանափոխության գործընթացն իրենց օրակարգում էլ է մնում, դա անելու են փողոցում, ապա՝ խորհրդարանում։

- Այս երկրում իշխանափոխություն լինելու է միայն ընտրություններով։ Թող գան, չորս տարի լավ աշխատեն, լավ օրենսդրական նախագծեր ունենան, չորս տարի հետո ընտրություններին մասնակցեն, մենք էլ՝ որպես իշխանություն, երաշխավորում ենք թափանցիկ ընտրություններ ապահովել, ժողովուրդը երբ կընտրի, թող գան իշխանության։

- 2018-ին էլ Սերժ Սարգսյանն էր ասում, որ իր ղեկավարած ուժն ընդամենը մեկ տարի առաջ 700 հազար ձայն է ստացել, բայց Փաշինյանը փողոցից խորհրդարան չվերադարձավ, չէ՞։

- Դե հա, բայց եղավ ընտրություն, չէ՞, իսկ էս մարդկանց հավաքները տեսնում եք ինչ խայտառակ են, քանի հոգի մարդ է հավաքվում, մենք երկու օր առաջ Անիում քարոզարշավ արեցինք, ավելի շատ մարդ էր հավաքվել, քան այստեղ իրենց հավաքներին։