Հեղաշրջման նպատակը եւ արդյունքը. հնգամյակի առիթով

Հեղաշրջման նպատակը եւ արդյունքը. հնգամյակի առիթով

«Ապստամբության խնդիրն իշխանություն վերցնելն է. նրա քաղաքական նպատակը պարզ կլինի իշխանությունը վերցնելուց հետո»․ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից մի քանի օր անց անկեղծորեն գրել է այդ հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինը։ Ապրիլի 23-ին լրացավ թավշյա հեղափոխության կամ, ավելի ճշգրիտ` հակասահմանադրական հեղաշրջման հինգ տարին, որի խնդիրը եւս իշխանությունը վերցնելն էր: Իսկ թե որն էր քաղաքական նպատակը, պարզ դարձավ իշխանության գրավմանը հաջորդած հինգ տարիների ընթացքում:
Հակասահմանադրական հեղաշրջման նպատակ հռչակվեց «Նոր Հայաստանի» ստեղծումը, ի հակադրություն գոյություն ունեցող «Հին Հայաստանի»: Նորը պետք է հնից տարբերվեր ժողովրդավարական արժեքներին հավատարմությամբ, կոռուպցիայի եւ հովանավորչության բացակայությամբ, պետական կառավարման մեջ թափանցիկությամբ, երկրում պետք է տիրեին ազատությունը, եղբայրությունը եւ հավասարությունը: Հասարակության ճնշող մեծամասնությունը, հատկապես նրանք, ովքեր անձնապես ծանոթ չէին հեղաշրջման նախաձեռնողներին, տեղյակ չէին նրանց իրական արժեքային համակարգի եւ մինչեւ հեղափոխությունը գործած սխրանքների մասին, հավատացին, որ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի: Շատ կարճ ժամանակ անց հույսը փոխարինվեց հուսախաբությամբ, հավատը վաղվա պայծառ ապագայի նկատմամբ վերափոխվեց ապագայի նկատմամբ տագնապով եւ անորոշությամբ:

Իրեն Չե Գեւարա հռչակած հեղաշրջման առաջնորդը, ով սկզբում խոսում էր սիրո եւ հանդուրժողականության մասին, ընդամենը օրեր անց սկսեց հասարակությունը բաժանել սեւերի ու սպիտակների, նախկինների եւ ներկաների, հեղափոխականների ու հակահեղափոխականների: Միայն թե, ի տարբերություն Չե Գեւարայի, հեղափոխական Փաշինյանն իր քաղաքական հակառակորդներին գերադասում էր ոչ թե գնդակահարել, այլ փռել ասֆալտին, ծեփել պատերին: Լինելով տեսակով բռնապետ եւ անհանդուրժող այլակարծության նկատմամբ՝ երկրում բռնապետություն հաստատելու առաջին քայլը եղավ դատական համակարգի բռնազավթումը, այդ թվում՝ բարձրագույն դատական ատյանը` Սահմանադրական դատարանը, իրեն ենթակա անձանցով համալրելը: Դատարանների շրջափակումը, իրեն ոչ ցանկալի դատական ակտեր կայացնող անկախ դատավորներին «պատերի տակ վնգստացող» պիտակավորելը ցույց տվեցին, որ իշխանության եկածները չեն հանդուրժելու անկախության, անաչառության որեւէ դրսեւորում: 

Իշխանազավթումը վերջնականապես օրինականացնելու համար իրականացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի միջոցով Փաշինյանը ձեւավորեց իրեն հնազանդ, կամակատար անձանցից կազմված մարմին, որտեղ էական դերակատարում տրվեց փաշինյանական ընտանեկան կլանի ներկայացուցիչներին: Օրենսդիր եւ դատական իշխանության բռնազավթումն իրականացնելուց հետո Փաշինյանն անցավ տեղական ինքնակառավարման մարմինները գրավելուն: Ունենալով դատարանների եւ իրավապահ կոչվող այլ կառույցների աջակցությունը՝ Փաշինյանը զավթեց նաեւ ՏԻՄ-երը: Ընդ որում՝ այդ զավթումն իրականացվում էր ապօրինությունների եւ հակաօրինական այլ գործողությունների մասսայական գործադրմամբ: Որտեղ հնարավոր էր լինում, իշխանությանը հակադրվող թեկնածուներին ստիպում էին հրաժարվել ընտրություններին մասնակցելուց, որտեղ պետք էր լինում, թույլ էին տալիս, որ ոչ իշխանական թեկնածուն հաղթի, բայց իշխանությունը խլում էին նրա ձեռքից: Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում, փաշինյանական ՔՊ-ն պարտություն կրեց, գյումրեցիները քվեարկեցին այլ կուսակցությունների օգտին, ու քաղաքապետ էլ ընտրվեց ոչ ՔՊ-ական, սակայն քաղաքային իշխանությունն ընտրությունից հետո փաստացի հայտնվեց ՔՊ-ականների ձեռքում: Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն մոտ երկու տարի` առանց դատ ու դատաստանի, գտնվում է անազատության մեջ, իսկ վանաձորցիները զրկված են իրենց ընտրած իշխանությունից: Բերդի համայնքապետը հաղթեց ընտրություններում, բայց քրեական հետապնդման սպառնալիքի տակ հայտարարեց, որ չի ուզում համայնքապետ աշխատել:

Դատարանների ուզուրպացմանը զուգահեռ, Փաշինյանը սկսեց բանակի համակարգված կազմաքանդումն ու վարկաբեկումը: Հայտարարելով բանակի իբրեւ թե բարեփոխումների մասին, որոնցից ամենատեսանելին զինվորների ռացիոնում մեկ օրով ելակ մտցնելն էր, դրանից հետո բանակում ելակ այլեւս չեն տեսել, Փաշինյանը փոխեց բանակի արդիականացման եւ նորագույն զինատեսակներով համալրման պլանը, բյուջեով նախատեսված գումարներն ուղղելով բարոյապես եւ ֆիզիկապես անպետք զինատեսակների գնմանը կամ այնպիսի զինտեխնիկայի ձեռքբերմանը, որը չօգտագործվեց ռազմական գործողությունների թատերաբեմում: Փորձված ու հայրենիքին ծառայություններ մատուցած ռազմական գործիչների դեմ սարքվեցին շինծու գործեր, սկսվեց պատերազմի վետերաններին միավորող եւ բանակի ռեզերվը համարվող Երկրապահ կամավորների միության ոչնչացումը: Հակասահմանադրական հեղաշրջումը հռչակվեց ավելի բարձր արժեք, քան Արցախյան ազատամարտն ու դրա փաստացի ձեռքբերումները: Փաշինյանն իր պրովոկացիոն եւ սադրիչ հայտարարություններով արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացը մտցրեց փակուղի, լեգիտիմ հնարավորություն տալով Ադրբեջանին՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսել Հայաստանի եւ Արցախի դեմ: Երկիրը պատերազմին չպատրաստելու, ռազմական գործողությունները միտումնավոր կամ ապաշնորհության արդյունքում տապալելու հետեւանքը եղավ Արցախի Հանրապետության տարածքի երեք քառորդի օկուպացիան, 4 հազարից ավելի հայ զինվորականների մահը, միլիարդավոր դոլարների նյութական կորուստը, հայ հասարակության բարոյական եւ հոգեբանական անկումը: Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով, սակայն ադրբեջանական սողացող ագրեսիան կանգ չառավ: Հաջորդած երկուսուկես տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակում է տարածքներ գրավել` ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից: Եթե Արցախի կորուստների համար Փաշինյանը դրանց պատասխանատու է հռչակում ռուսական խաղաղապահ զորախմբին, ապա Հայաստանի տարածքային կորուստների մեղավորը զինվորականներն ու սահմանապահներն են, լրտեսներն ու գործակալները: Փաշինյանն իրեն ու իշխանությանն ազատել է Հայաստանի նկատմամբ որեւէ պատասխանատվությունից:

Երկրի ֆինանսական միջոցներն օգտագործվում են հիմնականում սեփական թիմի բարեկեցության եւ անվտանգության ապահովման ծախսերն իրականացնելու համար: Հայտնի են դառնում նորանոր փաստեր պետական պաշտոնյաների կողմից իրականացված սեփականության խոշոր ձեռքբերումների, պաշտոնյաների աշխատավարձերի եւ պարգեւավճարների անհամաչափ բարձրացումների, պետական ապարատի ուռճացման մասին: Արդյունքում ընդամենը մի քանի տարի առաջ 70 տոկոս աջակցություն ունեցող Փաշինյանը Երեւանում շրջում է հազարավոր ոստիկաններից կազմված շարասյուների ուղեկցությամբ, նույնիսկ խորհրդարանի դահլիճում չի համարձակվում գտնվել առանց թիկնազորի ներկայության: Աննախադեպ մի բան, ինչը չի եղել Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում եւ ինչը վիրավորանք է խորհրդարանի անդամների նկատմամբ: 

Անցած 5 տարիների ընթացքում իշխանությունը հասցրեց փչացնել հարաբերությունները Հայաստանի հիմնական դաշնակիցների հետ. Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավոր Ռուսաստանը եւ նրա բանակը հռչակվեցին Հայաստանի անվտանգության սպառնալիք, Հայաստանն այդպես էլ ոչինչ չարեց՝ հարեւան Իրանի հետ ավելի սերտ ու բազմակողմանի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու համար: Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գիծը դարձել է թշնամի Թուրքիային եւ Ադրբեջանին սիրաշահելը, նրանց պահանջներն ու նախապայմանները բավարարելը, այն հույսով, որ հնարավոր կլինի փոքր զիջումների արդյունքում խուսափել մեծ կորուստներից, մինչդեռ «Չարի վերջը» առակը ցուց է տալիս, որ չարագործը չի բավարարվում կկվի մեկ ձագ ուտելով, նրա նպատակն ամբողջ սարն ու անտառն է, իսկ դրա դեմն առնելու միակ արդյունավետ միջոցը թշնամուն համարժեք պատասխանելն է:

Կորցնելով հանրային աջակ-ցությունը եւ հասկանալով, որ իր իշխանությունն ու անձամբ ինքը հայ հասարակության կողմից ընկալվում են որպես ազգուրացների, դավաճանների եւ կապիտուլյանտների մի խմբակ, Փաշինյանն ավելի ու ավելի է ուժեղացնում ռեպրեսիաները: Նրա միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, իսկ պաշտպանության միակ միջոցը` բռնությունը: 5 տարի առաջ ժողովրդավարության եւ ազատության լոզունգներով իշխանության եկած խմբակը վերածվել է անկյունում հայտնված վիրավոր գազանի, որը պատրաստ է հոշոտել ցանկացածին, սեփական քաղաքական գոյությունը եթե ոչ փրկելու, ապա գոնե ինչ-որ չափով երկարաձգելու հույսով: Իսկ փաշինյանական իշխանության գոյության երկարաձգումը հնարավոր է դարձել միայն համակարգված եւ միասնական դիմադրության բացակայության պատճառով: Ինքնապաշտպանության բնազդն ի վերջո ստիպելու է հայ հասարակությանը՝ միավորվել եւ հեռացնել իր ֆիզիկական եւ տեսակային գոյությանը սպառնացող ռեժիմը: Ռետինը ձգվելու հատկություն ունի, բայց ի վերջո կտրվում է, երբ հասնում է իր ձգվելու սահմանագծին:

Ավետիս Բաբաջանյան