Չեմ բացելու՝ ում հետ, ոնց, որովհետև ունենք մի կարգախոս

Չեմ բացելու՝ ում հետ, ոնց, որովհետև ունենք մի կարգախոս

Մայիսի 23-28-ը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։

Hraparak.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը խուսափեց ներկայացնել պաշտոնատար անձանց և ինստիտուտների շրջանակը, որոնց հետ այցի շրջանակներում ունեցել է հանդիպումներ։ «Տարբեր շրջանակներ, չեմ բացելու ում հետ, ինչ կերպ, որովհետև ունենք մի կարգախոս, հատկապես դա հիմա շատ կարևոր է, քիչ խոսանք հնարավորինս, հնարավորինս շատ և արդյունավետ գործենք։Հանդիպումները եղել են Ռուսաստանի քաղաքական, հասարակական, գիտավերլուծական դաշտի ներկայացուցիչների, բնական է՝ հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Այսինքն՝ հետաքրքիր են անցել»։

Իսկ ՌԴ արտգործնխախարարությա՞ն։ «Ես ասացի՝ ինչ շրջանակներ, որևէ այլ տեղեկություններ, ում հետ, անուն, ազգանուն, վայր, թեմա, չեմ ներկայացնելու»։

Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, այնուամենայնիվ, նշել էր՝ քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ԼՂ հարցում առարկայական բանակցությունների կոչ արել էին դեռ պատերազմի ավարտից անմիջապես հետո, վերջին անգամ՝ 2020-ի դեկտեմբերի 3-ին։Համանախագահ երկրները հորդորել են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից` համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարելու կայուն խաղաղության վերաբերյալ: 

Ինչպես է մեկնաբանում դրանք Դավիթ Բաբայանը։ «Մեր մոտեցումն անփոփոխ է մնացել, մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության վերջնական կարգավորման գործընթացում մասնակցություն ունենալ։ Բնական է, որ մեզ համար կարգավիճակի հարցը եղել է և կա մեր օրակարգում։ Մենք չենք ընդունում այն, ինչ այսօր Ադրբեջանը կամ որևէ մեկը փորձում է «սահման» անվանել։ Մենք այս պահի դրությամբ սահմաններ չունենք, ունենք շփման գիծ, դեօկուպացիայի խնդիրը կարևոր է, մտել է օրակարգ և տեսանելի ապագայում լինելու է այդ օրակարգով»։