Ինչ կապ կարող է լինել ատոմակայանի և հոգեբանի միջև

Ինչ կապ կարող է լինել ատոմակայանի և հոգեբանի միջև

Առաջին հայացքից հարցադրումն ուրախների և հնարամիտների մրցույթի հարցերի հետ նմանություն ունի. օրինակ, այսպիսի հարց կար տասնամյակներ առաջ կայացած մրցույթներից մեկում. «Ի՞նչ կապ կա ձիու և ասեղի միջև»:

Civilnet -ում հանդիպեցի «Ինչու՞ է Հայաստանը հրաժարվում ատոմակայանի վերազինման ռուսական վարկից․ զրույց փոխնախարարի հետ» հրապարակումը, եղել է 2020 թվականի հունիսի 15-ին: Թեմայի շուրջ Արշալույս Մղդեսյանը զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: Նյութն ընթերցելիս, ինչի համար պահանջվեց նյարդերի գերլարում, հասկացա, որ պետք է դիմել հոգեբանի՝ հետագա հնարավոր բարդություններից խուսափելու հա-մար: Այսպես, զրույցում վարկի մասին այնպես է ասվում, կարծես վարկավորման օբյեկտը ավտոմեքենա է, այլ ոչ հատուկ օբյեկտ՝ ատոմակայան: Ի պատասխան հարցադրմանը, սույն փոխնախարարն ասում է. «…ձեր ասած գումարը՝ ընդհանուր 300 մլն դոլար վարկը և դրամաշնորհը, ունեին օգտագործման ժամկետ, որն ավարտվել է 2019-ի դեկտեմբերի 31-ին։ 2018-ի վերջից և 2019-ի ամբողջ ընթացքում մենք բանակցել ենք վարկի մնացորդային չօգտագործված մասի ժամկետի երկարացման շուրջ։ Այդ ընթացքում քննարկվեցին բոլոր հնարավոր տարբերակները, և ի վերջո վարկի ժամկետը չերկարացնելու որոշում կայացվեց։ Այսինքն` սեփական միջոցներով ենք շարունակելու արդիականացումը, քանի որ կար տարբեր գործոնների ազդեցություն․ վարկի օգտագործման պայմաններն ու ճկունությունը, մեր հետագա աշխատանքների գրաֆիկներում որոշակի անհամապատասխանությունները»: 
Առանձին դիտարկենք ասվածից մի քանի արտահայտություն:

(1) «2018-ի վերջից և 2019-ի ամբողջ ընթացքում մենք բանակցել ենք վարկի մնացորդային չօգտագործված մասի ժամկետի երկարացման շուրջ»։
Պարզ չէ, թե ժամկետի երկարացման հարցը որ կողմն է դրել: Ենթադրաբար, ռուսական կողմն առաջարկել է երկարաձգել վարկի ժամկետը, իսկ հայկականը խոսել է «աշխատանքների գրաֆիկում որոշակի անհամապատասխանությունների» մասին, հետևաբար, ինչպես ավիատոմսերի դեպքում է ընդունված (բաց ամսաթիվ), ակնարկելով անժամկետ երկարաձգելու մասին: Ինչ է ստացվում, որ տասնամյակներ շարունակ ատոմակայանը նորմալ, ըստ կանոնների, սպասարկվել է ու խնդիր չի առաջացել: Բայց «հեղափոխությունից» հետո իրավիճակ է փոխվել և ատոմակայանն այլևս ընթացիկ վերանորոգումների է ենթարկվելու իմքայլական եղանակով, այլ ոչ ատոմակայանն արտադրողի հրահանգներով: Իսկը ֆրանսիական մեծ հեղափոխությանն հանգույն. Ազգային կոնվենտը 1793 թ. հոկտեմբերի 5-ին հաստատեց հեղափոխական օրացույց (օրինակ, աշնան ամիսները ստացան վանդեմիեր, բրյումեր, ֆրիմեր անվանումները): Հավանաբար, հեղափոխական կառավարությունն էլ հաստատել է ատոմակայանի նորոգման աշխատանքների հեղափոխական գրաֆիկը: 

(2)    «…դեկտեմբերին կառավարությունը վարկի մնացորդային մասի երկարացմանը հավանություն էր տվել, սակայն մեր ռուս գործընկերներն արդեն իսկ այդ մնացորդային մասի ժամկետի երկարացման համար առաջարկեցին պայմաններ, ինչն ուղղակի աշխատանքների անհամապա-տասխանություն էր առաջացնելու»։
Կրկին «աշխատանքների անհամապա-տասխանություն»: Այսինքն, մեղավորը ռուս գործընկերներն են եղել, որ վարկի մնացորդային մասի ժամկետի երկարացման համար չեն առաջարկել պայմաններ, որոնցից հրաժարվել չլիներ: Այդպիսի մեկ պայման կարող էր լինել. երկարաձգվող վարկի դիմաց ռուսական կողմը հայկական կողմին որոշակի տոկոս վճարելը, այլ ոչ հակառակը: Ամբողջ աշխարհում վարկատուները փնտրում են վարկառուների, համոզում, որ մատչելի վարկեր վերցնեն, իսկ այստեղ խոսքը վե-րաբերում է ատոմակայանի համար տրվող վարկին (նաև դրամաշնորհին), որը միանգամայն այլ, ավելի նպաստավոր պայամաններով է, ու պարզվում է, որ հարմար չէ, ճկուն չէ ու նման անհասկանալի բաներ: Կրկին լսենք փոխնախարարին:

(3)    «2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքներ, որոնց կատարման ժամկետը գերազանցում էր վարկի օգտագործման այն ժամանակվա ժամ-կետը, այսինքն՝ 2019-ի դեկտեմեբրի 31-ը, խնդիր ունեին: Վարկով նախատեսված պայմանագրերը չէին կնքվում: Վարկային համաձայնագրով այդպես էր նախատեսված, որ վարկից ֆինանսավորվող աշխատանքների ավարտը պետք է նախանշված լինի վարկային համաձայնագրի ավարտի հետ։ Սա բերեց մի վիճակի, երբ մեզ մոտ ունեցանք մեծ մնացորդ, այսինքն՝ պայմանական ասեմ, աշխատանքները, որ կարող էին 90 տոկոսով ավարտված լինել, 90 տոկոսով վճարումները կատարված լինեին մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը, ուղղակի չսկսվեցին»: 

Իսկ ինչու՞ «աշխատանքներն ավարտված չէին», ի՞նչ է՝ տրակտորի մասին է խոսքը. ատոմակայանը նորոգելիս ճեմու՞մ են, թե … Փաստորեն, էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինն է խոչընդոտում բնականոն գրաֆիկով ատոմակայանի նորոգման աշխատանքներին: Մինչդեռ ատոմակայաններում սովորաբար բարձր որակավորմամբ ու կազմակերպվածության բարձր մակարդակով համակազմեր են աշխատում, այլ կերպ աղետները կլինեին անխուսափելի:
Մի խոսքով, զրույցի հաջորդ, մի մեծ հատված կրկին վարկավորման և նորոգման աշխատանքների գրաֆիկին է վերաբերում: Տպավորություն է ստեղծվում, որ զրուցակիցդ քեզ տանում է մի լաբիրինթոս, որպեսզի մոլորվես ու իրեն հանգիստ թողնես:
Հավանաբարր, «շան գլուխն ուրիշ տեղում է թաղված», ինչ մասին կարելի է ենթադրել փոխնախարարի հետևյալ խոսքից.

(4)    «…վարկի հետագա օգտագործման համար կա լրացուցիչ պայման, որ վարկի 80 տոկոսով աշխատանքները պետք է իրականացնեին ռուսական ընկերությունները և ռուսական արտադրանքով։ Ու դա վերաբերում էր նրան, որ նույնիսկ եթե ռուսական ընկերությունը մրցույթը շահում է, կատարում է աշխատանքը, և օգտագործում է, դիցուք, այլ երկրի ար-տադրանք, դա մնացած 20 տոկոսից դուրս էր գալիս։ Եվ մինչև այդ, արդեն իսկ ծախսած գումարի մեջ այդ հարաբերակցությունը որոշակի չափով չէր պահվել: Ասում էին՝ արդեն իսկ այդ 20 տոկոսի մեծ մասը դուրս է եկել։ Ստացվում է, որ միայն ռուսական ընկերություններն էին կարողանալու մասնակցել մրցույթներին։ Սա բերում էր նաև մի մտահոգության, որ միգուցե այդ նույն ընկերությունները, իմանալով, որ չկա մրցակցություն, հնարավորությունը միայն իրենցն է, կարող է շատ ավելի թանկ առաջարկ անեին»։ 
Այստեղ առանցքայինը «լրացուցիչ պայման, որ վարկի 80 տոկոսով աշխատանքները պետք է իրականացնեին ռուսական ընկերությունները և ռուսական արտադրանքով» արտահայտությունն է։ Գլխավորն այստեղ ռուսական ընկերություններին, որոնք, ենթադրաբար, այդ գործի մեջ ավելի հմտացած են, խաղից հանելն է եղել, ինչը չի ստացվել: Պարզ է, չէ՞, որ այդ 20-30 % գումարը կարող էր ավելի «ճիշտ գրպան» մտնել, եթե նկատի ունենանք, թե վերջին տարիներին ինչպես են կազմակերպվում պետական գնումները. մեկ աղբյուրից, առանց մրցույթի:
Վերևում հատուկ նշվեց 2020 թ․ հունիսի 15, այսինքն հուլիսյան մարտական գործողություններից մոտ մեկ ամիս առաջ, այսինքն, համավարակի ամենաթեժ ժամանակահատվածում, երբ տնտեսությունը կանգ էր առել, երբ ֆինանսական միջոցների կարիքը մեծացել էր: Տպավորություն չի՞ ստեղծվում, որ բոլոր ուղղություններով իրադրությունը սրելու քայլեր են ձեռնարկվել: Այդ ի՞նչ ռեսուրսների է տիրապետում երկիրը, որ համավարակի ժամանակահատվածում հրաժարվում է մատչելի վարկերից ու դրամաշնորհներից: Միթե՞ տարածաշրջանային զարգացումները չեն հուշել, որ պետք է ուշադիր լինել երկրի տնտեսական ներուժի նկատմամբ, այն ոչ թե նվազեցնել, այլ մեծացնել, օրինակ, ի դեմս ատոմակայանի:

Մենք այս սուղ պայմաններում կարո՞ղ ենք համարել, որ Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից հրաժարվելու և սեփական միջոցներին ապավինելու վերաբերյալ կառավարության որոշումը խելամիտ է եղել: Հաստատ, այս նույն պատկերը եղել է համավարակի դեմ ձեռնարկված միջոցառումների իրականացման ժամանակ (կորոնավիրուսը ոչ մի կերպ չէր ցանկանում կառավարության գրաֆիկին հարմարվել, ճկունություն չէր դրսևորում), բանակի վերազինման պարագայում, երկրին սպառնացող պատերազմին նախապատրաստվելու հարցում…
Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր այս հրապարակմանը և դրա համար հիմք հանդիսացած վերոնշյալ հարցազրույցին ծանոթանալուց հետո ստիպված կլինեն դիմել հոգեբանի:

Գագիկ Վարդանյան

Հ.Գ. Հարցազրույցներից մեկում, երկրորդ նախագահն արտահայտել էր հետևյալ միտքը. «Ալիևը հիմա աքլորացել է և իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց եթե հայրը կենդանի լիներ, ի դեպ, նա խելացի մարդ էր, ականջը կքաշեր և կասեր՝ հանգստացի՛ր ...»։ Ոչ, պարոն Քոչարյան, Հեյդար Ալիևն ուղղակի կհասցներ իր ավանտյուրիստի վզակոթին: Ինչու՞, որովհետև նրա հետևում կանգնած ուժերի նպատակը սոսկ Արցախը չէ: Բավական է հիշել, որ վերջերս նա հայտարարել է հայկական ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին, ինչը տրամաբանական կարող է դիտվել նրա մյուս հայտարարությունների համատեքստում. «Հայաստանը բանակ չպետք է ունենա», «Զանգեզուրը պետք է վերադարձվի Ադրբեջանին» ու նման այլ բարբաջանքներ, մեր տեսանկյունից՝ բարբաջան-քներ: Ո՞վ թույլ կտա, որպեսզի բանակ չունեցող, օր-օրի փոքրացող ինչ-որ տարածքում, որտեղ չի կարող ապահովվել համապատասխան անվտանգությունը, գործի ատոմակայան: Թուրքիան էլ է, չէ՞, բարձրացրել ատոմակայանի փակման հարցը: ՀՀ-ում 2018 թվականից ի վեր մեկնարկած զարգացումները, 2020 թվականի պատերազմի ելքը և հետպատերազմյան զարգացումները հարցականի տակ են դրել հայկական ատոմակայանի հետագա շահագործման նպատակահարմարությունը, ինչի մասին ակնարկ եղել է (50 մլն եվրոյի պատմությունը) դեռևս Հրանտ Բագրատյանի վարչապետ լինելու ժամանակ, երբ դրա դեմ առնվել է, ժամանակավորապես, քանի որ այդ գաղափարի ջատագովը ներկայում երկրի գլուխն է:
Այդպես էլ պետք է լիներ, եթե անկախությունից ի վեր չենք գիտակցել, որ, ըստ էության, ատոմային երկիր ենք եղել: Նշված զարգացումների խորապատկերին բոլորովին էլ պատահական չէ, որ էներգետիկայի առանձին նախարարություն չկա, քանի որ Հայաստանը վերածվելու է հարևաններից էներգակախյալ երկրի:  Ավելին, նույն տրամաբանությամբ, գյուղատնտեսության նախարարությունն էլ լուծարվեց. Արդրբեջանի և Թուրքիայի գյուղատնտեսության համեմատ (բնական և տեխնոլոգիական առավելություններով հանդերձ), Հայաստանի գյուղատնտեսությունը օժանդակ տնտեսության (подсобное хозяйство) նման մի բան է, նկատի ունենալով, որ ոլորտում այդպես էլ տեխնոլոգիական առաջընթաց չի եղել: