Ամոկ

Ամոկ

«Ամոկ»- ն (գերմ. Der Amokläufer) ավստրիացի գրող, դրամատուրգ Ստեֆան Ցվեյգի նովելն է: Նովելի հրապարակման ժամանակ (1922 թ.) «ամոկ» բառեզրը դեռևս համընդհանուր օգտագործվող չէր և բնորոշ էր մալազիական մշակույթին: Ենթադրվում էր, որ սա կատաղության վիճակ է, որն առաջանում է թմրանյութերի ազդեցությամբ: Սակայն ավելի լայն իմաստով` հոգեկան հիվանդություն է, որն առաջանում է գիտակցության խանգարումից: Տվյալ հիվանդության յուրահատկություններից է չվերահսկվող կատաղությունը և շրջապատող մարդկանց ֆիզիկական խեղումներ պատճառելը:

Նովելի սյուժեն այսպիսին է: 1912 թվականին շոգենավը մեկնում է Եվրոպա: Գիշերը, նավակողի ստվերում հանդիպում են երկու տղամարդ: Նրանց միջև տեղի է ունենում բաց զրույց, որում նրանցից մեկը, մյուսի նկատմամբ վստահություն տածելով, փորձեւմ է իր հոգին բացել և պատմում է վերջերս իր հետ պատահած դեպքի մասին: Նա պատմում է այն մասին, թի ինչպես, ստորագրելով տևական պայմանագիր, նա լքում է Հոլանդիան և մեկնում հեռավոր արևադարձային մի գյուղ՝ որպես բժիշկ աշխատելու համար: Տևական ժամանակ, գտնվելով օտարության մեջ, նա ընկնում է հուսահատության մեջ: Մի օր նրա մոտ գալիս է ինչ-որ ազնվական անձնավորություն և խնդրում գաղտնի դադարեցնել իր հղիությունը՝ միաժամանակ մեծ գումար առաջարկելով: Սակայն իրեն փոթորկող զգացմունքների պոռթկման մեջ, նա հրաժարվում է փողից և պահանջում ևս մեկ հանդիպում նրա հետ՝ ոչ աշխատանքային ժամին… 

Հետաքրքիր ստեղծագործություն է: Բայց, դառնանք ամոկի ակունքներին, դրա պատմությանը: Եվրոպացիներին ամոկի հետ առաջինը ծանոթացրել է պորտուգալացի ճանապարհորդ Ֆերնան Պինտուն, ով 1537-1559 թթ. եղել է Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում, իսկ 1545 կամ 1547 թ.-ին, դարձել բիրմանական թագավոր Թաբինշվետխի կողմից մոնական Պրոմա քաղաքի պաշարման վկան: Իր, 1614 թվականին Լիսաբոնում հրապարակված «Դեգերումներ» գրքում նա պատմում է. «Երբ Բիրմայի թագավորը տեսավ, որ ինչ արժեցավ իրեն առաջին գրոհը, նա այլևս չցանկացավ իր մարդկանց վտանգի ենթարկել, այլ հրամայեց հողից և ավելի քան տասը հազար արմավենու գերաններից կառուցել արհեստական հողե բարձունք («կավալյեր»՝ ֆորտիֆիկացիոն կառույց) այնքան բարձր, որպեսզի այն գրեթե 4-5 մետրով բարձր լինի քաղաքի պարիսպներից:  Այդ կավալյերի վրա տեղադրեցին ութսուն ծանր թնդանոթներ, որոնք գնդակոծեցին քաղաքը տաս օրվա ընթացքում, որից հետո Պրոմից կամ, համենայնդեպս, դրա մեծ մասից քարը քարին չմնաց…Այդ պատճառով Պրոմում հրավիրվեց խորհուրդ, որպեսզի որոշվի, թե ինչ է հարկավոր ձեռնարկել նման դժվարին իրավիճակում: Այն բանից հետո, երբ հա-վաքվածներից ամենաազդեցիկները հայտնեցին իրենց կարծիքը, որոշվեց, որ բոլորն իրենց օծեն Վիտաու դաշտից պատերազմի աստված Կիայա Նիվանդելի տաճարի ճրագների յուղով և, իրենց զոհելով, նետվեն կավալյերի վրա. կամ կհաղթեն կամ, դառնալով ամոկներ, կզոհվեն՝ պաշտպանելով իրենց մանկահասակ թագավորին, քանի որ երդվեցին նրան ծառայել հավատով և ճշմարտությամբ …Դրանից հետո որոշվեց, թե ինչպես իրականացնել հարձակումը պաշարողների վրա և ջոկատի ղեկավար նշանակվեց թագավորի քեռին՝ Մանիկա Վոտաուն, ով, հավաքելով եղած հինգ հազար մարդկանց այդ նույն գիշերը՝ երկրորդ գիշերային հերթափոխի փոփոխության ժամին, դուրս եկավ կավալյերին մոտ դարպասներից այնպես վճռական, որ ժամից էլ պակաս ժամանակում ճամբարն ամբողջապես խառնա-նաշփոթի ենթարկվեց, կավալյերը գրոհով գրավվեց, ութսուն թնդանոթները բռնագրավվեցին, թագավորը վիրավորվեց, ամրություններն այրվեցին, խրամատները վերացվեցին, Շեմիմբրռւն գլխավոր հրամանատարը և տասնհինգ հազար զինվորներ, ներառյալ վեց հարյուր թուրքեր սպանվեցին, բռնագրավվեց քառասուն փիղ, նույնքանը սպանվեցին և գերեվարվեցին ութհարյուր բրմանցիներ: Այսպես հինգ հազար ամոկներն արեցին այն, ինչին չէին հասնի հարյուր հազար այլ ռազմիկներ, որքան էլ որ նրանք համարձակ լինեին…»

Մոտ 500 տարի անց: Հայաստան, «պաշարված» թուրքերով, Պրոմայի պաշարման ժամանակ այն սպանված վեց հարյուր թուրքերի հետնորդներով: Իրավիճակը բարդ է, հետպատերազմյան զարգացումները՝ անկանխատեսելի:

Պրոմայի նմանությամբ, արդյոք, հրավիրվե՞ց «խորհուրդ»: Խորհրդում հավաքվածներից ամենաազդեցիկները, արդյոք, հայտնեցի՞ն իրենց կարծիքը, որոշվե՞ց, որ բոլորն իրենց օծեն Էջմիածնում պահվող մյուռոնով ու դառնան ամոկներ, պատրաստ լինեն զոհվելու հայոց պետականության վերջին փշրանքները, ազգային արժանապատվությունը պաշտպանելով…:
Անտարակույս, այժմ, 21-րդ դարում, մյուռոնից բացի կան նաև այլ բաներ, որոնք կարևոր են ոչ միայն պաշտպանվելու, այլև ստիպելու, որպեսզի նույնիսկ թշնամին քեզ հարգի ու քեզ հետ հաշվի նստի: Բայց, ինչպե՞ս, երբ համատարած իշխում են կապիտալիզմի ջունգլիների օրենքները, երբ հազարավոր, գուցե օժտված երեխաներ, չեն կարողանում, հնարավորություն չունեն զարգանալու: Մինչդեռ նրանց շարքում կլինեն մի քանիսը, որոնք կկարողանան ստեղծել Կիայա Նիվանդելի տաճարի ճրագների յուղից էլ ավելի զորեղ բան: Այդ զորեղ բանը առաջավոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսական մեծ ներուժն է: 

Հասարակությունում տիրում է այնպիսի մթնոլորտ, կարծես երկիրը պաշարված չէ: Եթե չկա այդպիսի զգացողություն, ինչպես որ երեք տասնամյակ չկար շրջափակված լինելու զգացողություն, ինչպե՞ս կարող են անտարբեր ու անհոգ, պաշտպանական անպայման ռեֆլեքսից (նույնիսկ ոզնիներին բնորոշ, երբ վտանգի դեպքում կծկվում ու փշերը ցցում են) զուրկ մարդիկ դառնալ ամոկներ… 

Հ.Գ.Նշվածի համատեքստում «ամոկը» դրական իմաստով է ընկալվում, իսկ մարդիկ ամոկ դառնում են գիտակցված, ինքնահրահրված, արժանապատվորեն: Մինչդեռ այդ բառեզրը կիրառվում է նաև բժշկական բնագավառում և նկարագրում է բավական լուրջ և շրջապատի համար վտանգավոր հիվանդություն: 

Այսպես, համաձայն Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի սահմանման, ամոկը հասկացվում է որպես «վարքագծի չհրահրված դրվագ, որը սպառնում է սպանություններով, մարմնական վնասվածքներով կամ կործանումներով: Դրանից հետո, ամնեզիա և/կամ ուժասպառություն: Այն հաճախ ուղեկցվում է ինքնաքայքայիչ վարքով, ինքնավնասմամբ, մինչև ինքնասպանություն»: Ըստ DSM-IV-TR դասակարգման, ամոկը վերաբերում է իմպուլսների վերահսկման խանգարումների կատե-գորիային: Մշակույթով պայմանավորված սինդրոմների բառարանում այն նկարագրվում է որպես «դիսոցիատիվ դրվագ, որը բնութագրվում է մտորումների մեջ ընկղմվելու ժամանակահատվածով` զայրացնող բռնության բռնկմամբ, մարդկանց և առարկաների դեմ ուղղված ագրեսիվ կամ մահացու վարք»:

Ռուսաստանյան հոգեբուժական դպրոցում ամոկը համարվում է հոգեկան հիվանդություն՝ գիտակցության մթնշաղային վիճակի տարատեսակներից մեկը: Այն դրսևորվում է թուլացած գիտակցության նոպաների տեսքով, որոնք տեղի են ունենում հանկարծակի կամ տրամադրության խանգարումներից որոշակի ժամա-նակահատված հետո: Հիվանդը սկսում է այս ու այն կողմ ընկնել՝ անիմաստ ոչնչացնելով շրջապատող ամեն ինչ: Նոպայի ավարտին մնում են աղոտ հիշողություններ կատարվածի վերաբերյալ կամ հիշողություններն առհասարակ բացակայում են: Ամոկը, որպես ագրեսիվ գրգռման չմոտիվացված նոպա, նման է էպիլեպտիկականին և օգտագործվում է որպես չվերահսկվող կատաղության վիճակի հոմանիշ: 

Այսպիսով, գուցե մեր երկրի համար պակաս վտանգավոր է կորոնավիրու՞սը, քան՝ ամոկը: Թվում է նպատակահարմար, մեզանում այդ սարսափելի հոգեկան հիվանդությամբ տառապողներին բացահայտելը և համապատասխան բժշկական միջամտություն ցուցաբերելը: 

Գագիկ Վարդանյան