Ո՞վ է տպավորել ադրբեջանցի լրագրողին

Ո՞վ է տպավորել ադրբեջանցի լրագրողին

Թուրան գործակալության խմբագիր Շաին Հաջիեւը երեւանյան գործուղման տպավորություններն ամփոփել է եկող տարի Արցախում անցկացվելիք նախագահական ընտրությունների շուրջ դիտարկումներով:

Երեւույթն ինքնին հետաքրքրական է, եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանը պաշտոնապես անտեսում է հակամարտության երրորդ կողմի գոյության փաստը, իսկ պետական քարոզչությունը՝ պնդում, որ Արցախում ընտրական գործընթացները բանակցությունների վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ:

Ադրբեջանցի լրագրողի մոտեցումը հակառակն է վկայում եւ հիմք տալիս եզրակացնելու, որ Բաքվում ոչ միայն ուշի-ուշով հետեւում են ներարցախյան քաղաքական զարգացումներին, այլեւ փորձում կանխատեսել, թե գալիք նախագահական ընտրություններում ով է ֆավորիտ լինելու: Կարելի է հետեւություն անել, որ բանակցություններին Արցախի մասնակցության թեման օրակարգային է, եւ ադրբեջանական կողմի համար ամենեւին էլ երկրորդական չէ, թե ում հետ են գործ ունենալու առաջիկայում:

Այս իմաստով ադրբեջանցի լրագրողի դիտարկումները կենտրոնանում են երեք հավանական մրցակիցների՝ Սամվել Բաբայանի, Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի վրա: «Եթե ընտրվի Բաբայանը, դժվար է հավատալ, թե նա կգործի Երեւանի ցուցումով, ինչպես որ ներկայումս է:

Դա նշանակում է Ղարաբաղում հետագա սրացում, որն ուժեղ կախվածության մեջ է Երեւանից՝ ամենից առաջ տնտեսապես»- տպավորություն է փոխանցում ադրբեջանցի լրագրողը, որը միաժամանակ Վիտալի Բալասանյանին անվանում է ղարաբաղյան պատերազմի մասնակից, բայց «ոչ այնքան ամբիցիոզ եւ վճռական, որքան Բաբայանը»:

Ի դեպ, նա ասում է, որ հարցազրույցի համաձայնություն է ունեցել Սամվել Բաբայանի հետ, բայց այն տեխնիկական պատճառներով չի կայացել, եւ  «Բաբայանը մեկնել է Ղարաբաղ, որտեղ նախընտրական կամպանիա է սկսել»:

Երեւանում ի՞նչ շրջանակների հետ շփումներից է ադրբեջանցի լրագրողը տպավորվել, որ Արցախում նախագահական ընտրությունների առանցքային ֆիգուր լինելու է Սամվել Բաբայանը: Ինչու՞ է փորձ արվում խնդիրը ներկայացնել այն կտրվածքով, որ Արցախի քաղաքական կյանքի հիմնական դերակատարները ղարաբաղյան պատերազմի մասնակից բարձրաստիճան զինվորականներն են, որոնց մասին, կարծես, ադրբեջանցի լրագրողը ոչ այնքան բացասական կարծիքի է: Հասկանալի է, որ Թուրանի խմբագրի երեւանյան գործուղումը հետապնդել է հայկական կողմի տրամադրությունները շոշափելու եւ համապատասխան հետեւություններ անելու նպատակ: Այդ դեպքում ինչու՞ Արցախի նախագահական ընտրությունների թեման խստորեն զուգակցված է հակամարտության գոտում լարվածության աճի հավանականության հետ: Դա ադրբեջանցի լրագրողի՞ մոտեցումն է, թե նրան այդպե՞ս են մատուցել: