2016-ից 2020

2016-ից 2020

Նորից սահմանին լարված է, այս անգամ Տավուշում` հայ-ադրբեջանական սահմանին են կրակում, եւ մեր բոլորի հայացքն ուղղված է դեպի Տավուշ։ Սրտատրոփ սպասում ենք լուրերի, ամեն տեղեկատվության հետ կծկվում ենք՝ հանկարծ զոհ չունենանք, կորուստներ չկրենք, տարածք չկորցնենք։ Մեր զինվորների ու սպաների համար ենք աղոթում՝ շառուփորձանքից հեռու լինեն, հակառակորդի գնդակը քար ու թփին առնի, մեր տղաները ողջ-առողջ դուրս գան այս հերթական սադրանքից։ Եվ բոլորս երեկվանից դեժավյուի զգացողություն ունենք՝ հիշել ենք 2016-ի այն 4 մղձավանջային օրերը, երբ 100 զոհ տվեցինք, տարածք կորցրինք, երբ բոլորը դեպի սահման էին շտապում։ 4 օր շունչներս պահած հետեւում էինք Արցախից եկող լուրերին։

Այդ օրերը մղձավանջային էին ոչ միայն այն պատճառով, որ կարճատեւ բլից-կրիգը կարող էր ամեն վայրկյան վերաճել հզոր մասշտաբային պատերազմի, որի հետեւանքները կարող էին կործանարար լինել մեր պետության համար, այլեւ այն պատճառով, որ նման իրավիճակներում տասնապատիկ մեծանում է մեր՝ լրատվամիջոցներիս պատասխանատվությունն ու դերակատարումը։ Մարդիկ տեղեկատվություն են փնտրում եւ կարդում են ամեն ինչ։ Ապրիլյան պատերազմի օրերին մեր կայքերը հարյուրապատիկ ավելի շատ այցելու եւ ընթերցող ունեին, բայց նաեւ հարյուրապատիկ կրճատվել էին մեր գործունեության ազատության սահմանները։ Վայ-հայրենասերների եւ պաշտոնական լրատվության ջատագովների հսկայական բանակներ էին գոյացել, որոնք ուղղակի ծեփում էին ԶԼՄ-ների բերանը, թե՝ միայն ՊՆ հաղորդագրությունները հրապարակեք։ Բայց մեր ընթերցողը պաշտոնական լրատվությունը կարող է հենց պաշտոնական կայքէջերից եւ լրատվամիջոցներից կարդալ, ազատ լրատվությունը ճշմարտությունը եւ այլընտրանքային տեղեկատվություն փոխանցելու համար է։