«Հրապարակ». Յուքոմի փոշիացման գործընթացը շարունակվում է

«Հրապարակ». Յուքոմի փոշիացման գործընթացը շարունակվում է

Յուքոմի եւ նրա «շուրջ» բավականին հետաքրքիր պրոցես է ընթանում. հայաստանյան ինտերնետ կապի ամենակայացած ոլորտի փոշիացման գործընթացը թեւակոխել է նոր փուլ։ Հիշեցնենք․ Յուքոմի սեփականատեր Խաչատրյանները հրաժարվեցին ենթարկվել իշխանություններին եւ Յուքոմի 6 տոկոս մասնաբաժնի սեփականատեր Եսայան եղբայրներին չցանկացան վաճառել Յուքոմը։ Խաչատրյանները չհամաձայնեցին նաեւ վճարել իշխանությունների պահանջած գումարը, եւ հայր ու որդի ենթարկվեցին քրեական հետապնդման։ Եսայանները ստեղծեցին նոր` «Թիմ» ՍՊԸ-ն, որն այժմ գնում է Բիլայնը՝ «Վեոնը»:  Մեր տեղեկություններով, գործարքը կնքվում է իշխանությունների հովանու տակ։ Իսկ փոխվարչապետ-պարետ Տիգրան Ավինյանը եւ Եսայան եղբայրներից Ալեքսանդրն ընկերներ են։ Պարետատան բավականին թանկ տեղորոշիչ համակարգը, որը տեխնիկական լուրջ հագեցվածություն է պահանջում, վերջինիս հետ փոխկապակցված «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն է նվիրել։ Պարետը հարցնողներին ասում էր` մասնավոր ընկերություն է եւ չի ցանկանում, որ անունը նշվի: ՏՏ ոլորտի անցուդարձից լավատեղյակ Դավիթ Խաժակյանին հարցրինք՝ այս լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ «Թերեւս՝ այո, որովհետեւ ուրբաթ օրը Տիգրան Ավինյանի մյուս մտերիմ, նորանշանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ հանձնաժողովը համաձայնություն տվեցին Եսայաններին պատկանող «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «Բիլայն» ապրանքանիշի ձեռքբերմանը: Այդ գործարքը խնդրահարույց է 2 պատճառով. նախ` դատելով հնարավոր գործարքի արժեքից՝ ակնհայտ է դառնում, որ այն բանկը, որը տրամադրել է վարկային միջոցները «Թիմ»-ին, գերազանցել է ԿԲ-ի կողմից սահմանված նորմատիվները, ինչն առանց ԿԲ-ի եւ կառավարության միջամտության անհնարին կլիներ, եւ ԿԲ-ն առնվազն պետք է պարզաբանումներ ներկայացնի, թե ինչու է դա տեղի ունեցել։ Երկրորդ հանգամանքն էլ այն է, որ Եսայանները շարունակում են մնալ Յուքոմի 6 տոկոսի տերը»: Եվ ի՞նչ։ «Մրցակցային տեսանկյունից սա կարող է բերել կենտրոնացման` հատկապես որ չեն դադարում խոսակցություները, թե վերջնանպատակը Յուքոմի եւ Բիլայնի միավորումն է` Եսայանների գլխավորությամբ»: