Նիկոլ Փաշինյանը խորացրեց կասկածները

Նիկոլ Փաշինյանը խորացրեց կասկածները

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր պատասխանել վերջին շաբաթներին շրջանառվող լուրերին, որ նոյեմբերի 9-ին Ալիեւ-Պուտին-Փաշինյան եռակողմ հանդիպմանը «կապիտուլյացիոն երկրորդ» փաստաթուղթն է ստորագրվելու, Բաքուն ու Երեւանը ճանաչելու են միմյանց սահմանները, ճանապարհներն են ապաշրջափակվելու: Սակայն Փաշինյանը ոչ միայն չպատասխանեց այդ հարցերին, այլեւ իր կցկտուր մեկնաբանություններով ավելի խորացրեց հանրային կասկածները։ Նախ, հարցին՝ նոյեմբերի 9-ին հանդիպում կա՞, եթե այո, ապա ի՞նչ օրակարգով, նա պատասխանեց․ «Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որեւէ պայմանավորվածություն չկա։ Ես Ձեզ մի բան ասեմ՝ այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաեւ»։ 

Նույն օրը եւեթ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարեց․ «Այո, այդպիսի հանդիպում նախապատրաստվում է՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով» եւ կա՛մ խաբում է, կա՛մ տեղյակ չէ հանդիպման մասին։ Այսինքն, Փաշինյանը չի որոշում անգամ իր հանդիպումների օրակարգը։ 
Հարցին, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացից Հայաստանում մտահոգություն կա, որ Ադրբեջանը փորձում է դե յուրե ստանալ Արցախը, որովհետեւ եթե մենք ճանաչում ենք նրա սահմանները, ապա Արցախն ավտոմատ դառնում է Ադրբեջանի մաս, Փաշինյանն ուղիղ պատասխան չի տալիս՝ ասելով, թե մեկը մյուսի հետ կապ չունի։ Այդուհանդերձ, խոստովանում է, որ դեռեւս մայիսին պատրաստվում էր ստորագրել դեմարկացիայի փաստաթուղթ, բայց ընդդիմադիրների աղմուկը խանգարեց։ Հարց է ծագում․ եթե, ինչպես Փաշինյանն է պնդում, դրանում վտանգ չկա, եւ իրար չառնչվող փաստաթղթեր են, ապա ինչո՞ւ է հապաղել։

«Ինչ վերաբերում է սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի թեմային, դեռ մայիսին, հիշո՞ւմ եք, ես հայտարարեցի կառավարության նիստում, որ պատրաստ եմ ստորագրել ՌԴ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթը՝ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին: Եվ հիշում եք՝ ինչ ներքաղաքական աղմուկ բարձրացավ, հետո փակ տողերով փաստաթուղթ հրապարակվեց, հետո, երբ արդեն այդ տողերը բացվեցին, պարզվեց, որ, ընդհանուր առմամբ, այդ փաստաթղթի ստորագրման պահը բաց է թողնվել։ Որովհետեւ, այո, մենք ոչ միայն պատրաստ ենք, այլեւ անհրաժեշտ ենք համարում սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան: Բայց, մյուս կողմից, ասում ենք, որ շատ դժվար ենք պատկերացնում նման գործընթաց մի սահմանին, որտեղ ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում»,- ասել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը գաղտնազերծեց այդ փաստաթուղթը: Ըստ նրա, գործընթացի արդյունքում Տավուշի մի քանի անկլավներ, Տիգրանաշենն անցնելու էին Ադրբեջանին։

Փաշինյանը հայտարարեց, որ սահմանագծման եւ սահմանազատման բովանդակային գործընթացի առումով Երեւանի համար մեկնակետ են 1920-ականների քարտեզները։ Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, երթուղիներն արդեն գծվել են․ «Իջեւան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեկ հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված: Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, Հայաստանի Հանրապետությունը՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում, եւ նաեւ ավտոմոբիլային ճանապարհներ։ Այսինքն՝ աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները, ընդ որում՝ նաեւ ՌԴ, Իրանի Իսլամական Հանրապետություն հասանելիության ուղիները: Եվ մենք հիմա պետք է քննարկումներով համաձայնության գանք այդ երթուղիների վերաբերյալ»:

Այսինքն, պատերազմից հետո բոլոր խոսակցությունները եւ հնարավոր վտանգավոր զարգացումները, ըստ էության, մնում են ուժի մեջ, եւ Փաշինյանը հարցազրույցում դա չհերքեց։ Խնդիրն ընդամենը ժամանակն է։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը սպասում է ավելի «բարենպաստ» պահի, որ դրանք կյանքի կոչի։ Սա նշանակում է, որ եթե նոյեմբերի 9-ին նա Մոսկվա չի մեկնում, դեռ չի նշանակում, թե ոչինչ չի ստորագրելու, պարզապես կսպասի հարմար պահի, երբ հանրային կրքերը բորբոքված չեն լինի, ու մի գաղտնի օր կսսղացնի, ինչպես ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ 

Պատերազմից հետո՝ այս տարվա ընթացքում, Նիկոլ Փաշինյան-Պուտին եւ Փաշինյան-Պուտին-Ալիեւ մի քանի հանդիպումներ են եղել, որոնց ժամանակ կողմերը բանակցել են ապաշրջափակման, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերի շուրջ, սակայն որոշ կետերի մասին հրապարակային չեն հայտարարել։ Առաջին հանդիպումը հունվարի 11-ին էր՝ Մոսկվայում: Պուտինի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո հրապարակվեց հայտնի հայտարարությունը, որում ընդգրկված է նաեւ ճանապարհների ապաշրջափակման կետը։

Դրանից հետո ՌԴ նախագահն առանձին-առանձին է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, հեռախոսազրույցներ ունեցել նրանց հետ։ Փաշինյանի երկրորդ այցը Մոսկվա ապրիլի 7-ին էր։ Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությամբ հայկական կողմը հայտնեց, որ քննարկվել են «հունվարի եռակողմ հանդիպման արդյունքներին ու նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր»: Երրորդ հանդիպումն ընտրություններից հետո՝ հուլիսի 7-ին էր։ Այդ օրը  Կրեմլում տեղի ունեցան Վլադիմիր Պուտին-Փաշինյան եւ Պուտին- Իլհամ Ալիեւ հանդիպումները։ Մամուլն այդ օրերին արձանագրեց, որ Ալիեւն ու Պուտինը պարբերաբար միմյանց շնորհակալություն էին հայտնում, այդ թվում՝ ԼՂ հարցի հանգուցալուծմանն ուղղված արդյունավետ համագործակցության համար։ Ընդ որում, Պուտինն առանձնահատուկ էր շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին։

Դրան զուգահեռ նկատենք, որ հուլիսի 7-ին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը հակառակ պատկերն էր, եւ շնորհակալություն հայտնելու հերթը ՀՀ վարչապետի պաշտոնակատարինն էր։ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպմանն ընդգծեց, որ անկայուն վիճակ է հայ-ադրբեջանական սահմանին, որի մասին խոսել են ոչ մեկ անգամ։ Եվ հույս հայտնեց, որ այդ հարցով կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։ Աշխատանքային այցով ՌԴ կատարած վերջին այցը հոկտեմբերի առաջին տասնօրյակում էր։ 

Պուտին-Փաշինյան առանձնազրույցի մասին ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունից պարզ դարձավ, որ օրակարգում կրկին ԼՂՀ խնդիրն է. «Կողմերը քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր»։ Սակայն եզրահանգումը մեկն է, որ որեւէ վերջնարդյունքի չեն հասել։