Ընդդիմադիր Փաշինյանի վարպետության դասը

Ընդդիմադիր Փաշինյանի  վարպետության դասը

Փաշինյան Նիկոլը երեկվա կառավարության նիստում ճանապարհների մասին խոսելուց հիշել էր, որ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ մեքենայով վթարի էր ենթարկվել: 2016 թվակա՞ն… այդ հատվածը մի անգամ էլ լսեցի: Աչքիս ինքը հիշողության հետ խնդիր ունի՝ մտածեցի: Որովհետև խորհրդարանական ընտրությունները կայացել են դրանից մեկ տարի անց: Կամ էլ այդ անձն այնքան է սուտ խոսել, որ անկախ իրենից նույնիսկ տեխնիկական հարցում չի կարողանում սուտ չխոսել: Երկու դեպքում էլ դա շատ վատ է, քանի որ այդ անձը պատասխանատու է ոչ միայն իր անձի կամ իր ընտանիքի համար, այլ մի ողջ պետության: Որովհետև, որքան էլ նրան ընդունենք կամ չընդունենք, ինքը ոչ բարով-խերով մեր երկրի վարչապետն է:

Կամ էլ, մեկ այլ գաղափար ծագեց ուղեղումս, ինքը սուտ չի խոսում և իսկապես 2016 թվականին քարոզարշավ էր անում հանրապետությունով մեկ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների կապակցությամբ: Պատկերացնում եք՝ դեռևս մեկ տարի կար, իսկ ինքն արդեն քարոզարշավ էր անում: Փաստորեն ստացվում է, որ 2017 թվականի նրա 7,7 տոկոս քվեն (եթե ճիշտ եմ հիշում) իր վաստակն էր և ոչ թե Սերժ Սարգսյանի նվերը նրան: Ինչպես փորձում էին այդ հանգամանքը ներկայացնել այն վերլուծաբանները, ովքեր Նիկոլին ընդդիմադիր դարձան 2020 թվականի 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո միայն:

Ինչևիցե, եթե իրականությանը համապատասխանում է հենց վերջին տարբերակը, պետք է խոստովանեմ, որ 2016 թվականի ընդդիմադիր Փաշինյանը մաստեր կլաս (վարպետության դաս) է ցույց տվել այսօրվա ընդդիմությանը: Ընդ որում, նաև ինձ, քանի որ ես ևս ընդդիմություն եմ, ու ընդդիմության սխալները համարում եմ նաև իմ սխալները: Ինչևէ, մայրաքաղաքի ավագանու ընտրությունների՝ քարոզարշավին հատկացված ժամանակից մնացել է ընդամենը 34 օր, սակայն ընդդիմությունը դեռևս չի կոմնորոշվել՝ մասնակցում է ընտրություններին, թե ոչ: Առանձին կուսակցություններ հայտարարել են ձեռնպահ մնալու մասին, սակայն որպես ինստիտուցիոնալ կառույց՝ խորհրդարանական ընդդիմությունը դեռևս լռում է: Ու, աչքիս, այդպես էլ լուռ կմնա:

Ի դեպ, անտարբերության է մատնվում նույնիսկ այն հանգամանքը, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից, որպեսզի իր նախաձեռած շարժումով մասնակցի ընտրություններին: Զարմանալի է, բայց նման լուրջ քայլը ևս ի վիճակի չեղավ ընդդիմությանը հանել ամառային ընդարմացումից: Այս հանգամանքը զարմանալիորեն շատ ճիշտ էր հաշվարկել Նիկոլը՝ երբ Հրաչյա Սարգսյանին հրաժարական պարտադրելով քաղաքապետի պաշտոնից՝ հետագա քայլերի առումով չառաջնորդվեց օրենսդրական նորմերով ու նույնն էլ պարտադրեց ԿԸՀ-ին:  

Ես, իհարկե, դեմ չեմ, որ Նիկոլի բռնապետությանը «մեկ էլ, մեկ էլ մի զարկ տրվի» ու երկրում հաստատվի հայրենասեր ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ իշխանություն: Ես էլ վստահ չեմ, որ հնարավոր է շահել մայրաքաղաքի ավագանու ընտրությունը: Բայց ես նույնչափ վստահ չեմ, որ մի վերջին զարկը տալով՝ երկիրը կազատենք հայրենադավ իշխանությունից: Ինչը նշանակում է, որ պետք է օգտագործվի յուրաքանչյուր հնարավորություն այդ նպատակին հասնելու համար: Իսկ ավագանու ընտրությունը մի այդպիսի հնարավորություն էր՝ ցանկանանք դա, թե ոչ: Հենց անցյալ ժամանակով, քանի որ հնարավորությունը, որքան հասկանում եմ, արդեն բաց է թողնվել: