Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով

Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են եւ շարքից դուրս եկել։

Գյուղի հիմնական փողոցները լուսավորվել են միայն երկու տարի առաջ՝ համայնքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած կազմակերպությունների գործակցության արդյունքում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով միայն 2017թ. Ծովակում տեղադրվել է 50 LED լուսարձակ, իսկ այս տարվա ամռանը՝ եւս 43-ը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ստեղծման շնորհիվ գյուղում լուսավորվել է 3300 մետր փողոց, որից շուրջ 1800 մետրը՝ 2017թ. եւ 1500 մետրը՝ ընթացիկ տարում: 

Ծրագրի երկրորդ փուլի ավարտից հետո էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը եւ համայնքի բնակիչները:
«Այս ծրագիրն ունի կարեւոր երկու նպատակ՝ նպաստել համայնքների զարգացմանը եւ թեթեւացնել առկա բեռը: Նոր ենթակառուցվածքների կառուցումն իրականացվում է այդ տրամաբանությամբ: Ուրախ եմ արձանագրել, որ այս գյուղում ծրագիրն ունեցել է հաջող ընթացք. փողոցները լուսավորվել են, իսկ դրա համար ծախսվող միջոցները լրացուցիչ բեռ չեն հողի մշակի համար: Կա նաեւ առաջին հայացքից քիչ նկատելի, բայց առավել կարեւոր արդյունք՝ մայրաքաղաք-գյուղ տարբերության կրճատումը: Դա չափազանց կարեւոր է՝ հատկապես արագ տեմպերով զարգացող ժամանակակից աշխարհում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական եւ էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ գյուղական համայնքներն էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը: Ծովակում համակարգի արդյունավետությունը զգացել են ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից: 2017թ.-ից խնայված միջոցներով մասնակիորեն լուծվել է եւս մեկ խնդիր. համայնքը կառուցել է ավելի քան 1 կմ երկարությամբ խմելու ջրագիծ: 
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-00:00-ն, իսկ ձմռանը՝ 18:00-23:00-ն: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Ծովակ գյուղի մասին

Ծովակ համայնքում 1827-1828 թվականից բնակվում են հայրենադարձներ՝ Արեւմտյան Հայաստանի Մուշ բնակավայրից։ 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղից կապ է հաստատվել Սեւան քաղաքի հետ, իրականացվել է նավթամթերքի եւ տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների եւ բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արեւմտյան բարձրադիր մասում: 
Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղի տնտեսության հիմնական ուղղություններն են ձկնորսությունը, կարտոֆիլի եւ հացահատիկի, ինչպես նաեւ բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակումը: Գյուղացիները հիմնականում զբաղվում են մանր եւ խոշոր եղջերավորների անասնաբուծությամբ եւ թռչնաբուծությամբ։

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին

Ծրագրի նպատակն այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման եւ փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արեւային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի եւ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը եւ նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձեւաչափ է` բնապահպանության եւ բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ․-ից: FPWC-ն Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության եւ կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների եւ բնության պահպանության կարեւորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության եւ դրա հետեւանքների նվազեցմամբ կրճատել կենդանական եւ բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը եւ հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։