Մի հեղափոխական քարը փոսն է գցել` հիմա պետք է հանենք

Մի հեղափոխական քարը փոսն է գցել` հիմա պետք է հանենք

Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանին այլ պաշտոնի տեղափոխեցին ոչ թե նրա խոսնակի ֆեյսբուքյան հայտնի գրառման պատճառով, որով նա հակադարձել էր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, այլ բոլորովին այլ նկատառումներից ելնելով: Ես չեմ կարող բացառել, օրինակ, որ մոտ ապագայում ՀԱՊԿ-ում հենց Լյովա Մնացականյանը չի ներկայացնի Հայաստանը: Սա, իհարկե, ընդամենը ենթադրություն է, ոչ ավելին, բայց մեր կարծիքով` դա նաեւ ճանապարհ է, որով Փաշինյանը կկարողանա վերականգնել այդ կառույցում Հայաստանի սասանված հեղինակությունը:

Այսուհանդերձ, չմոռանանք, որ Լյովա Մնացականյանը գրեթե հաստատեց, որ իր պաշտոնանկության պատճառը ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումն է, որով նա հակադարձել էր Սասուն Միքայելյանին` ընդգծելով, որ վերջինիս հայտարարությունը, թե հեղափոխությունն ավելի կարեւոր իրադարձություն էր, քան արցախյան հերոսամարտը, ասելիք չունենալու հետեւանք է: Բայց պետք չէ մոռանալ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մի քանի անգամ հետուառաջ արեց Սասուն Միքայելյանի` մի փութ մեղրով չուտվող հայտարարությունը, ինչից հասկացվեց, որ գործ ունենք ոչ թե քաղաքական լուրջ հայտարարության, այլ «հեղափոխության» առաջնորդի հանձնարարությունը շատ փնթի կատարելու փաստի հետ:

Իշխանական շրջանակները պնդում են, որ ինչ էլ լիներ, ԱՀ ՊԲ-ն չպետք է արձագանքեր հայաստանցի «քաղաքական գործչի» թեկուզ ամենախայտառակ հայտարարությանը: Մենք համաձայն չենք այս պնդման հետ, որովհետեւ հասկացողը հասկանում է, որ դա իշխանության ներկայացուցչի հայտարարություն էր, իսկ բանակն էլ միայն սապոգից ու ավտոմատից չէ կազմված: Կռվող բանակը գաղափարախոսություն է, դաստիարակություն: Երբ մեկը կանգնում ու հայտարարում է, որ այդ բանակի արածը «հեչ բան է» իր թիմի հեղափոխական հաղթանակների համեմատությամբ, բանակում այդ «սապոգներն ու ավտոմատները» կարող են նաեւ մտածել` «բա էլ ինչի՞ համար է այս ամենը»: Բանակի հրամանատարությունը չի կարող իրեն թույլ տալ լռել, երբ մեկի հիմարության պատճառով խեղաթյուրվում է արյունով կերտված հաղթանակների պատմությունը, որով սերունդ է դաստիարակվել, որ այսօր էլ պատրաստ է տեր կանգնել իր պապերի ու հայրերի հաղթանակներին:

Սասուն Միքայելյանին այսքան բան հասկացնելը գուցե անհնար է, բայց նրա «հայտարարությամբ» ոգեւորված «թիմի» ինտելեկտուալ հատվածին, որի պնդմամբ` Լյովա Մնացականյանին, իբր, Սասունի մատի շարժումով են հեռացրել ՊԲ հրամանատարի պաշտոնից, դեռ հնարավոր է հիասթափեցել` նշելով, որ «նորերը», ի դեմս ԱՀ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի եւ շտաբի պետ Ջալալ Հարությունյանի, փողոց փակող «թավշյա ջահելներ» չեն, որոնք մեկ էլ տեսար՝ կլռեն, Հայաստանից հերթական հիմարությունը լսելուց հետո:
Ես համոզված եմ, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ լուրջ սկանդալներ պարզապես չեն կարող լինել, քանի դեռ Հայաստանն ի զորու կլինի կատարել Արցախի անվտանգության հովանավորի իր պարտականությունները: Իսկ դրա համար ՀՀ նոր իշխանությունները ոչ թե պետք է ջանան ինքնահաստատվել Արցախում ու ցույց տալ, թե ով է երաժշտություն պատվիրողը, այլ վարել լրջագույն արտաքին քաղաքականություն եւ այդ քաղաքականությունից բխեցնել իրենց ամեն մի հայտարարություն:
Ոչ անհայտ մի քաղաքական գործիչ օրերս կարճ ու խոսուն գրառում էր թողել Ֆեյսբուքում. «Լուկաշենկոյի եւ Լավրովի հարցով ԱԱԾ-ն դեռ չի՞ զբաղվում»: Իրոնիան թողնենք մի կողմ, որովհետեւ Լուկաշենկոն ու Լավրովն այսօր զբաղված են ոչ միայն ՀՀ ԱԱԾ-ով, այլեւ Հայաստանով: Իսկ դա արդեն լուրջ է այնքանով, որ Հայաստանն իսկապես կարող է մեկուսացվել Արցախից եւ ապրել «երջանիկ», ինչին էլ, գուցե սխալմամբ, ձգտում են օրվա իշխանությունները: