Հայաստանը Զիմբաբվեի, Բուրունդիի և Ռուսաստանի արանքում

Հայաստանը Զիմբաբվեի, Բուրունդիի և Ռուսաստանի արանքում

Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում ռուսական գործոնը դարձյալ վեր հառնեց՝ հայկական իրականության մեջ վերստին թարմացնելով Սերժ Սարգսյանի կառավարման տարիների արտաքին քաղաքականության ծանր հիշողությունները:  

2018թ. դեկտեմբերի 17-ին Երեւանը «դեմ» քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «ուկրաինական բանաձեւին», որը դատապարտում էր Ղրիմում, Սեւ եւ Ազովի ծովերում ռուսական ռազմականացումը եւ Ղրիմի բռնակցումը: Բանաձեւին «դեմ» է քվեարկել 19 երկիր, այդ թվում եւ՝ Հայաստանը: Միջազգային բարձր ատյանում Երեւանը դարձյալ պաշտպանեց Մոսկվայի դիրքորոշումը՝ իր պետական շահերը ստորադասելով Մոսկվային, դեմ գնալով միջազգային իրավունքին եւ դատապարտվելով ինքնամեկուսացման: Այդ քվեարկությամբ թավշյա հեղափոխություն իրականացրած Հայաստանը կանգնեց Սուդանի, Զիմբաբվեի, Բուրունդիի, Նիկարագուայի, Ուզբեկստանի հետ նույն շարքում: 

2014թ. մարտին, Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում, Երեւանը դարձյալ դեմ քվեարկեց Ղրիմի բռնակցումը դատապարտող եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող ՄԱԿ-ի բանաձեւին՝ կանգնելով Բոլիվիայի, Սուդանի, Զիմբաբվեի, Կուբայի, Հս. Կորեայի կողքին:
2018թ. դեկտեմբերի 3-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմահենակետի ռուս զինծառայողը դաժանորեն ծեծելով՝ սպանել է փողոցի հավաքարարին՝ 57-ամյա գյումրեցի կնոջը:
2015թ. հունվարին նույն ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը գյումրեցի մի ամբողջ ընտանիք արյունալի սպանդի ենթարկեց՝ դաժանորեն սպանելով բոլոր վեց անդամներին: 

Երկու դեպքում էլ Երեւանն անարձագանք թողեց ռուս զինծառայողների վայրենաբարո պահվածքը Հայաստանի պետության տարածքում, իսկ ռուսական կողմն արագորեն մեկուսացրեց իր զինծառայողներին: Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ համարող եւ մեր երկրում իրենց տերուտնօրեն զգացող ՌԴ դեսպանները պահանջեցին «հարցը չքաղաքականացնել» եւ «սեպ չխրել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մեջ»:

2018թ. դեկտեմբերի 18-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում բացահայտեց այն, ինչ խնամքով թաքցնում էր Երեւանը. «Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի մշակումը, որը կերաշխավորի, որ օտարերկրյա զինվորականներ չլինեն Հայաստանում: Այն կերաշխավորի թափանցիկությունը՝ սպառնալիքների ու վտանգների առումով»:

Սակայն նույնիսկ Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում պաշտոնական Երեւանը համաձայնություն չտվեց ղարաբաղյան կարգավորման Լավրովի Պլան Ա-ին, իսկ այժմ Մոսկվան ավելի հեռուն է գնում՝ Երեւանի հետ համաձայնության գալով Լավրովի Պլան Բ-ի իրականացման հարցում՝ դրանով իսկ ՀՀ ռազմաքաղաքական ինքնիշխանության եւ անվտանգության ապահովման վերջին բեկորները զիջելով Ռուսաստանին: 

Հայաստանի ռուսականացման գործընթացը շարունակվում է նույն արագությամբ եւ ընդգրկմամբ, ինչ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո, Սարգսյանի իշխանության պահպանման համար, Հայաստանը հատված առ հատված Ռուսաստանին էր զիջում իր ինքնիշխանությունը: Նիկոլ Փաշինյանն ընտրություններ չի կեղծել, սակայն իշխանության պահպանման ուղտը նրա դռան էլ է վայր իջել: Քաղաքականության օրենքներն անողոք են, դրանք վկայում են, որ իշխանություն վերցնելն ավելի դյուրին է, քան այն պահպանելը: Նույնիսկ Սերժ Սարգսյանից իշխանություն վերցնելն ավելի դյուրին էր, քան այդ իշխանությունն առանց Մոսկվայի պահպանելը: Նիկոլ Փաշինյանը դա հասկացավ հեղափոխությունից կարճ ժամանակ անց, երբ հեղափոխությունը փրկելու նպատակով մեկնեց Մոսկվա: Դեպի Մոսկվա նրա ճանապարհը կարմիր գորգով չէր անցնում, այլ անդունդի վրա գցված երերուն կամրջով: 

Հայկական թավշյա հեղափոխությունը նախեւառաջ պետք է լուծեր ամենակարեւոր՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման խնդիրը: Սակայն երիտասարդ հեղափոխականներն այդ խնդիրն իրենց առջեւ չէին դրել: Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը նրանց համար նման էր այդպես էլ չկարդացված այն գրքին, որի էջերից 70-80թթ. Հայաստանում արեւածաղիկ վաճառողները թղթե կոն էին սարքում (ճիշտ այնպիսին, ինչպիսին Նոր Հայաստանի տոնածառն է): Հայաստանի ինքնիշխանության էջերն անփութորեն պատռվում էին՝ դրանցով փաթեթավորելու նոր իշխանությունների քաղաքական անտեղյակությունը եւ ապազգայնությունը: 

Հեղափոխությունը սկսեց «Մերժի՛ր Սերժին» կարգախոսով, ավարտվեց Սերժ Սարգսյանի հրաժարականով եւ… մնաց գամված ռուսական սայլին: Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության խորհրդատուները քաղաքական ետնաբեմերում անվերջ կրկնում էին, թե Մոսկվային դիմակայելու փոխարեն պետք է սիրաշահել նրան եւ բացատրել ռուսական շահը: Այն, ինչ հայ ժողովրդի երկյուղած մտավորականներն անում են 200 տարի շարունակ՝ օտարամոլության եւ վախի սերմեր գցելով քաղաքական մտքի երաշտից ճաքճքած հայկական հողում: 200 տարվա ռուսական պատվաստը նոր իշխանությունը դարձյալ խնամքով ոռոգում է: Հայկական միջավայրում այս երեւույթը 30 տարի նոր անուն ունի՝ զորիբալայականություն: 

Նոր իշխանությունների զորիբալայականությունը նաեւ մարտնչող է Հայաստանի ներսում, երբ այն ուղղվում է բոլոր նրանց դեմ, ովքեր առնվազն տարակուսում են Հայաստանը ռուսական ուղեծրում պահելու Երեւանի վարքագծից: Նորօրյա զորիբալայականությունը, սակայն, շողոքորթ է եւ գլխահակ Մոսկվայում՝ հայկական դիրքորոշումը ներկայացնելիս, եթե նման դիրքորոշում ընդհանրապես գոյություն ունի բնության մեջ:

Նիկոլ Փաշինյանը փորձում է ցրել իր իշխանության գլխին կանգնած ցանկացած ամպ: Նա վստահ է, որ ներքաղաքական կյանքում ԱԺ ընտրությունների 70 տոկոս ապահովող ընտրաքվեներով հեռացրել է բոլոր կարկտաբեր ամպերը, եւ այժմ հերթը հասել է իշխանության գլխին կանգնած արտաքին վտանգները հեռացնելուն:

Եվ, ինչպես նախկինում, այդ իշխանության պահպանման համար Հայաստանը շարունակելու է վճարել պետության ինքնիշխանության թանկ գինը:

Երեւանի արտաքին քաղաքականության պատասխանատուները՝ Նիկոլ Փաշինյանի, Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ, նոր կարգախոս են բարձրացրել. «Առաջ՝ դեպի ետ»: Դեպի Զիմբաբվե, Սուդան, Բուրունդի, դեպի Ռուսաստան:

Ճիշտ այնտեղ, որտեղ գտնվում էր Հայաստանը մինչեւ հայկական թավշյա հեղափոխությունը՝ ռուսական արբանյակի քաղաքական կարգավիճակով եւ քայքայվող անկախությամբ: