Ադրբեջանը չափն անցավ այս ձերբակալություններով․ Զատուլինի կոշտ արձագանքը

Ադրբեջանը չափն անցավ այս ձերբակալություններով․ Զատուլինի կոշտ արձագանքը

Ադրբեջանը չափն անցավ այս ձերբակալություններով։ Այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ 

Ռուս օրենսդրի համոզմամբ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը այլևս որևէ մեկին պաշտպանելու անհրաժեշտություն չունի։ Բացի այդ, նրա խոսքով, Ադրբեջանի հարձակումը «հարված է հասցրել» Ռուսաստանի դիրքերին։ 

«Սահակյանի և Ղուկասյանի (ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյանի-խմբ․) ձերբակալությունը, որն իրականացվել է փաստացի ռուսական խաղաղապահ զորախմբի առջև, իմ կարծիքով, շատ լուրջ նախատինք է ոչ միայն Հայաստանի դավաճան իշխանություններին, այլ նաև այն գործառույթին, որը մենք ստանձնել ենք մեր վրա՝ տարածաշրջանում խաղաղապահությունը»,-նշել է Զատուլինը։ 

Նրա դիտարկմամբ, որոշ ռուս պաշտոնյաներ այնքան հեռուն են գնացել, որ հրապարակայնորեն հայտարարել են, թե ոչ ոք մեղավոր չէ Լեռնային Ղարաբաղից հայերի հեռանալու համար․

«Նրանց խոսքով, սա, իբր, կամավոր գործողություն է։ Իրականում սա չմտածված հայտարարություն է, որը զրոյացնում է Ռուսաստանին՝ որպես խաղաղարարի։ Այն, որ բոլոր հայերը լքել են Ղարաբաղը, նշանակում է, որ այս պահի դրությամբ նրանք արդեն դադարել էին հավատալ, որ մեր խաղաղապահ զորախումբն ի վիճակի է պաշտպանել իրենց։ Ակնհայտ է, որ ամեն դեպքում ԼՂ-ում մեր զորախմբի օրերը հաշված են, որովհետեւ ո՞ւմ են պաշտպանելու, կոպիտ ասած, եթե այնտեղ մարդ չմնա։ Նա չի վերահսկի ճանապարհային երթեւեկության կանոնները Ստեփանակերտ քաղաքում, որն ադրբեջանցիներն այժմ պաշտոնապես անվանում են Խանքենդի։ Դա ուղղակի ժամանակի խնդիր է, ընդ որում` կարճ ժամանակի: Ահա թե ինչ եղավ ադրբեջանական հարձակման արդյունքում, որը հարված հասցրեց մեր դիրքերին տարածաշրջանում»։

Ռուս պատգամավորի կարծիքով, հենց Ադրբեջանն է մեղավոր, որ «Վրաստանում արդեն սկսել են խոսել, թե պետք է հետևել Ադրբեջանի օրինակին և նույն կերպ վերանվաճել Աբխազիան ու Հարավային Օսիան»։ 

«Կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ սխալ թույլ տվեց, քանի որ նա չափն անցավ թե՛ ձերբակալություններով, թե՛ նրանով, որ այդպիսով փաստացի վտարեց հայերին Լեռնային Ղարաբաղից։ Սա երկար ժամանակ կազդի Ադրբեջանի իմիջի վրա, նրա հնարավորությունների վրա աշխարհում և այլն, անկախ նրանից, թե ով ինչ է փնտրում՝ եկամուտ, նավթամթերք և մնացած ամեն ինչ»,-ընդգծել է Զատուլինը։