Լավրովի հավասարումը

Լավրովի հավասարումը

Ադրբեջանական մամուլը գրում է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում «ուղղել է իր «լյապը» եւ չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձեւակերպումը՝ ինչպես ասել էր Երեւանում»:

Հիմա տեսնենք, թե ինչ է ասել Լավրովը Բաքվում. «Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից»: 

Ահա եւ քեզ՝ լավրովյան հավասարում. չկա Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ: Կա Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչություն, եւ ցանկացած լուծում պետք է ընդունվի բոլոր երեք կողմերից: Ադրբեջանական կողմն ունի՞ ասվածից բավարարվածության զգացողություն: Թող այդպես լինի: Կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարն ասում է, որ ԼՂ կարգավորումը պետք է ընդունվի նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից՝ նույն եզրաբանությունը տարածելով նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:

Իսկ մի հանրության օժտել որոշում ընդունել-չընդունելու լիազորությամբ, նշանակում է ճանաչել նրա սուբյեկտությունը: Ուզում ես՝ ժողովուրդ ասա, ուզում ես՝ բնակչություն: Դրանից կարգավորման տրամաբանությունը չի փոխվում: Դրանից հետեւում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող որոշել ԼՂ կարգավիճակը, այդ հարցը նրա բնակչության իրավասությանն է վերապահվում: Լավրովի Բաքու այցին ընդառաջ մենք տեսակետ էինք հայտնել, որ եթե նա Իլհամ Ալիեւի եւ Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո վերահաստատի երեւանյան հայտարարությունը, որ առանց ԼՂ ժողովրդի համաձանության անհնար է հասնել համապարփակ կարգավորման կամ դրան մոտ ձեւակերպում օգտագործի, ապա կարող ենք Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից որոշ ակնկալիքներ ունենալ: Մեր սպասումը, կարելի է ասել, հիմնական մասով արդարացված էր: Դրանից չի հետեւում, թե վաղը Բրատիսլավայում ,,ճեղքում,, է սպասվում: Ադրբեջանը կարող է անկանխատեսելի կեցվածք դրսեւորել: Բայց  առկա է մեկ քայլ առաջընթացի հնարավորություն: Եւ ցանկալի է, որ այն արդյունավետորեն օգտագործվի: