Խեղճ Սյունիք՝ մի կողմից ադրբեջանցիներն են հարձակվում, մյուս կողմից՝ երեւանցիները

Խեղճ Սյունիք՝ մի կողմից ադրբեջանցիներն են հարձակվում, մյուս կողմից՝ երեւանցիները

Այսօր առավոտյան վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարասյունը շարժվեց դեպի Սյունիք։ Նախօրեին նա արդեն հայտարարել էր, որ՝ հազարավոր մեքենաներով վաղը գնում ենք Սյունիք, իսկ առավոտյան տեսանյութեր հայտնվեցին, որ

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ազգային միասնության ավտոերթ է կազմակերպում դեպի Սյունիք»։ Բայց բոլորը հրաշալի հասկանում են, որ դա ոչ թե «ազգային միասնության» դրսեւորում է, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «Սյունիքը նվաճելու» ակցիա։ 

Նրա կոկորդում է մնացել նախորդ երկու անգամները Սյունիքի՝ իր հանդեպ դրսեւորած վերաբերմունքը եւ նա ամեն ինչ անում է ռեւանշի գնալու՝ Սյունիքը նվաճելու համար։ 
Եթե «հազարավոր ավտոմեքենաներին» գումարենք նաեւ երեկ տարածված տեղեկությունը, որ ողջ ոստիկանական համակարգը մոբիլիզացվել է եւ 1400 ոստիկան է ներգրավված այս «զավթողական» արշավանքի համար, որպեսզի ապահովեն Փաշինյանի «հաղթարշավը» Սյունիքում, պարզ կդառնա, որ սյունեցիներն անզոր են այս արշավանքի դեմն առնելու։ 

Ցանկացած փորձ՝ «սյունյաց ողջույններ» հղելու երկիրը պարտության տարած, Սյունիքի սահմանները վտանգած, ադրբեջանական դրոշը, ադրբեջանական զինուժը Սյունիք բերած Նիկոլ Փաշինյանին, բախվելու է Երեւանից ժամանող այս «զավթիչ ուժերի» հակազդեցությանը, բախումների եւ պատժիչ գործողությունների՝ ոստիկանության կողմից։ 

Նման բան ոչ մի երկրի կառավարիչ չի ձեռնարկել սեփական երկրում, սեփական ժողովրդի դեմ։ Նման արշավանքներ ու ուժային գործողություններ, որպես կանոն, ձեռնարկում են թշնամու դեմ, բայց Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին եւ հատկապես՝ ըմբոստ սյունեցիներին։ 

Նա հույս ունի, որ ընտրություններից չորս օր առաջ Սյունիքը «զավթելու» այս գործընթացը վճռորոշ դեր կխաղա եւ մարդիկ կնահանջեն ուժի առաջ ու ձայն կտան իր ղեկավարած ուժին։ Որ ինչ որ ժամանակ կարողանա շարունակել պառակտել երկիրը, թշնամանք ու ատելություն տարածել եւ վայելել իշխանությունը։

Սվետա Մարտիրոսյան