Մենք ապրում ենք Սերժի Հայաստանում, Թորոսյան Արսեն․ Մարինա Խաչատրյան

Մենք ապրում ենք Սերժի Հայաստանում, Թորոսյան Արսեն․ Մարինա Խաչատրյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամանակին հայտարարել էր, որ Հայաստանն այլևս երբեք չի ապրի Սերժի Հայաստանում։ Մարինա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մի շարք փաստեր, որոնց հանրագումարից գոնե պարզ է, որ առողջապահության ոլորտում լավ էլ Սերժի Հայաստանն է․ ատկատներ, երբ ԲԿ-ներում պարգևավճարներ են գրվում, հետո դրանք վերադարձվում ատկատի ձևով։

Ըստ բանախոսի՝ ՀԱՊԱԿ-ում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, ի վերջո` դիալիզի հայտնի դեպքը։ Պարգևավճարների հետ կապված` Մարինա Խաչատրյանը ժամանակին հարցում էր ուղարկել և ստացել պատասխան, որ, այո, բաժանվել են և բաժանվելու են։ Նա հարցրել է՝ որքա՞ ն է կազմում Արսեն Թորոսյանի մասնաբաժինն  այդ ատկատներից։

«Մարդը կարող էր հասարակ պատասխանել, որ ես ատկատ չունեմ, բայց քանի որ ինքը խառնվում է իրար, ինձ մոտ արդեն ենթադրություններ են առաջանում, որ ես շատ ճիշտ նպատակակետին եմ խփել, և, փաստորեն, չի բացառվում, որ այս մարդը ևս ստանում է այդ պարգևավճարներից որոշակի գումար»,-ասաց Մարինա Խաչատրյանը։

Մեկ այլ փաստ՝ բարձրաձայնված բանախոսի կողմից։ Նա ուսումնասիրել է elections.am կայքում նախարար Թորոսյանի գրանցման հասցեն, նրա հետ միասին գրանցված է ևս 43 անձ։ Բանախոսը հիշեցնում է, որ այս պրակտիկան ընդունելի էր և լայնորեն կիրառվում էր Սերժ Սարգսյանի օրոք։

«Գյուղի բարեկամներին, խնամի-ծանոթներին գրանցելով իր բնակության հասցեում, Թորոսյանը Սերժի գործելաոճն է որդեգրել։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ նրա համար ոչ միայն նախորդ արատավոր համակարգի գործունեությունն ընդունելի է, այլև նա անձամբ է կիրառել այդ համակարգի տեխնոլոգիաները»:

Թորոսյանը հետագայում դատարանին հայտնել է, որ Մարինա Խաչատրյանը կարող էր հարցում ուղարկել, և ինքը կտեղեկացներ, որ այդ հասցեում բազմաթիվ այլ բնակարաններում ապրող մարդիկ են գրանցված։ Բայց Մարինան ասում է, որ նախկինում Թորոսյանը մերժել էր պատասխանել անձնական գրագրություններին ու հարցումներին։

Մասնագիտությամբ հոգեբույժ Մարինա Խաչատրյանը լրագրողների խնդրանքով նաև անդրադադարձ կատարեց Սերժ Սարգսյանի և Արսեն Թորոսյանի հոգեկան առողջությանը։ Մարինան ասաց, որ չի պնդել, որ ունեն հոգեկան առողջության խնդիրներ, հայտնել է կասկածներ՝ լինելով բժիշկ և տեսնելով մի շարք կլինիկական նշաններ։ «Սրանք կլինիկական նշաններ են, և խոսակցությունները տարածված են հանրային տիրույթում, համացանցում, իսկ երբ դրանք տարածված են, և արձագանք չես տալիս, կասկածներն էլ ավելի են խորանում։ Օրինակ՝ այս թվականի հունիսի 12-ին ես դիմում էի ներկայացրել Արաբկիրի ոստիկանություն, որ մի քաղաքացի սպառնալիքներ է հնչեցնում, այդ թվում՝ ինձ, ինչի արդյունքում ես վախենում եմ կրել սև զգեստ։ Երբ հարցրեցին՝ ո՞վ է այդ քաղաքացին, ես հայտարարեցի, որ Նիկոլ Փաշինյանը, ով սպառնում է սևազգեստներին ասֆալտին փռել, պատերով տալ։ Հիմա ես  վախենում եմ»,-մանրամասնեց Մարինան։

Ոստիկանությունը, բնականաբար, հանցակազմ չի տեսել։ Մարինան կլինիկա է տեսնում նրանում, որ Փաշինյանն ավտոմեքենայում 50 օր ապրող ընտանիքին անտեսում է։ Որ չի մտածում՝ նրանք որտե՞ղ են ապրում, որտե՞ղ զուգարան գնում։ «Մարդ պետք է ադեկվատ չլինի, հոգեկան ինչ վիճակում է, որ ինքը ափռ-ցփռ ծախսում է։ Հաջորդը՝ ունի մանիա՝ ուղիղ եթերում ուտում է և նկարվում։ Սոված երկրում, որտեղ մեկ միլիոնից ավելի աղքատ կա, մարդիկ ուտելու հաց չունեն, էս մարդը նկարվում է, դա արդեն մանիկալ վիճակ է, էս մարդը դնում է՝ նկարում, թե ինչպես քյալլա կերավ կամ թթու լավաշ«։