Յուրաքանչյուր լումայի համար հաշվետու եմ այնպես, ինչպես մինչ օրս հաշվետու եմ եղել կառավարությանը

Յուրաքանչյուր լումայի համար հաշվետու եմ այնպես,  ինչպես մինչ օրս հաշվետու եմ եղել կառավարությանը

Անցած շաբաթ հաղորդել էինք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրաժարվել է հաջորդ տարի ֆինանսավորել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը, մերժվել է հեղինակային խմբի հայտը։ Ընդ որում, նախկինում էլ խաղի հեռարձակման համար անհրաժեշտ ոչ ամբողջ գումարն էր պետությունը տալիս, դրա ուղիղ կեսը հոգում էին հովանավորները։ Եւ խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը երեկ հայտարարեց, որ սկսում են «Համաժողովրդական դրամահավաք՝ հանուն ինտելեկտուալ Հայաստանի»։ Մի երկրում, որտեղ անհասկանալի ներկայացումներ են ֆինանսավորվում, կասկածելի ֆիլմեր, փող չեն խնայում գործուղումների վրա, պարզվում է՝ գումար չկա հայտնի խաղի համար, որն այս տարիներին մեծ լսարան է հավաքել, բազմաթիվ հետեւորդներ ունի եւ նաեւ կրթական նշանակություն։ Երեկ դրամահավաքը սկսելու նախաձեռնությունից մի քանի ժամ անց հաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյա էջում գրել էր․

«Հարգելի ընկերներ, բարեկամներ, ֆեյսբուքահայություն և իմ սիրելի հեռուստադիտողներ:
Քանի որ իմ տեսաուղերձից ընդամենը 2 ժամ հետո սկսվեց և գումարների հոսք և հարցերի տարափ, շահարկումներից խուսափելու և ֆեյքերի հացը կտրելու նպատակով միանգամից ասեմ. արտոնագրի գումարը կազմում է 17մլն ՀՀ դրամ գումարած 3.4 մլն ԱԱՀ: Որ պահին այդ գումարը հավաքվի մենք դրամահավաքը կկանգնեցնենք: Ամեն ինչ թափանցիկ է լինելու: Յուրաքանչյուր լումայի համար հաշվետու եմ այնպես, ինչպես մինչ օրս հաշվետու եմ եղել կառավարությանը:
Շաբաթը մեկ ձեր ուշադրությանը կներկայացնեմ այդ պահի դրությամբ հավաքված գումարի մասին տեղեկությունը:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահի դրությամբ արդեն փոխանցել են գումար՝ հանուն ժողովրդական հաղորդման և հանուն ինտելեկտի»։

Համոզված ենք, որ կարճ ժամանակում պահանջվող գումարը կհավաքագրվի եւ հաղորդումը 2020 թվականին անխափան եթեր կունենա։