Ղազախստանը ՀԱՊԿ-ին այլընտրա՞նք է առաջարկում

Ղազախստանը ՀԱՊԿ-ին այլընտրա՞նք է առաջարկում
Սպուտնիկ-Ղազախստանը տեղեկացնում է, որ միջազգային փորձագետների Astana Glub ակումբի լիագումար նիստի բացման ելույթում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, թե հասունանում է Հավաքական անվտանգության ասիական կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունը:



Ղազախստանի առաջնորդի կարծիքով՝ «դա ժամանակի խնդիր է»: Նազարբաեւը գտնում է, որ Ասիայում համագործակցության եւ վստահության միջոցների ղազախստանյան նախաձեռնությունը, որին ներկայումս անդամակցում է ասիական մայր ցամաքի երկու տասնյակից ավելի երկիր, կարող է հանդիսանալ ապագայում Ասիայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հիմքը: Ամենաուշագրավն այն է, որ Ղազախստանի նախագահի կարծիքով՝ այդ կազմակերպությունը ԵԱՀԿ հետ միասին կարող է ողջ եվրասիական տարածքում ստեղծել անվտանգության հուսալի գոտի:



Այդ գաղափարն իրացնելու համար Նազարբաեւն առաջարկել է ԵԱՀԿ հետ խորհրդատվություններ սկսել: Ինչպես տեսնում ենք, եվրասիական տարածքում ապագա անվտանգության եւ համագործակցության մասին խոսելիս Ղազախստանի նախագահը որեւէ ձեւով չի հիշել արդեն իսկ գոյություն ունեցող ՀԱՊԿ-ն, որի անդամ է Ղազախստանը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկու երկրներ՝ Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Նազարբաեւի այս նախաձեռնությունն աչքի է զարնում մանավանդ վերջերս Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի շուրջ ամենատարբեր վերլուծությունների եւ ենթադրությունների ֆոնին: Որոշ մեկնաբաններ խոսում են անգամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներքին ճգնաժամի մասին:



Հավաքական անվտանգության ասիական կազմակերպություն ստեղծելու մասին Նազարբաեւի նախաձեռնությունը կողմնակիորեն վկայում է ՀԱՊԿ-ում առկա կենտրոնախույս միտումների մասին: Ակնհայտ է, որ Ղազախստանը փորձում է Ասիայում դառնալ ուժային նոր բեւեռի կենտրոն, որին կարող են մաս կազմել Կենտրոնական Ասիայի երկրները, հավանաբար նաեւ՝ Ադրբեջանը: Այդ դեպքում ինչպե՞ս կկառուցվեն Ռուսաստանի հարաբերություններն անվտանգության եւ համագործակցության ասիական կազմակերպության հետ: Հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ը կազմալուծվի: