Դեմ էին հին ԸՕ-ին, բայց ընտրությունների են գնում հաճույքով

Դեմ էին հին ԸՕ-ին, բայց ընտրությունների են գնում հաճույքով
ԱԺ արտահերթ ընտրությունների գնացող քաղաքական դաշտն օրեր առաջ կարելի էր բաժանել երկու խմբի` նոր ԸՕ-ի տապալման համար դարդ անողների եւ հին ԸՕ-ն բարեբախտություն համարողների: Բացառություն էր, թերեւս, ՀՅԴ-ն, որին մենք կանդրադառնանք վերջում:



Չնայած ԸՕ-ի քվեարկությանը հաջորդած օրերին առկա հստակ բաժանմանը, ընտրությունների պատրաստվող ուժերն արդեն լծվել են իրենց «գրպանի լոբին» հաշվելու, հնարավորությունները եւ թույլ տեղերն ի հայտ բերելու դժվարին գործին: Դաշինքներ են փլուզվում, դաշինքներ են ստեղծվում, անպակաս է քաղաքական դաշտին բնորոշ առնետավազքը, որն ընտրություններին ընդառաջ կարող է աննախադեպ չափերի հասնել: Այլեւս դժվար է ասել, թե «ՔՊ»-ն, օրինակ, որ ԸՕ-ի քննարկման ժամանակ երդվյալ «համամասնական էր», ինչ ընտրակարգ է դավանում այս պահին, երբ իր շարքերը համալրում է հանրահայտ ռեյտինգայիններով: Իսկ ի՞նչ պատահեց հանկարծ «Լույս» դաշինքին, որ մեկ ամիս առաջ ամենազուլալ համամասնական ընտրակարգով Երեւանում անցավ քաղաքապետարան: Ըստ երեւույթին, այդ դաշինքի ուժերը հանկարծ չցանկացան իրենց «մեծամասնական» ձայները ծառայեցնել միմյանց հաջողությանը, իսկ դաշինքի լուծարումից էլ գոհ են կարծես:



ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համար, ըստ էության, ռեյտինգային ընտրակարգը միանգամայն ընդունելի էր: Ավանդույթի ուժն այս կուսակցություններում իր դերը կխաղա բոլոր դեպքերում, ինչքան էլ ասենք` երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, բան է փոխվել եւ այլն: Ո՞ւմ համար պարզ չէ, որ մարդկային ֆակտորը մեծ դեր է խաղում ռեյտինգային ընտրակարգի պայմաններում, եւ հենց այդ ֆակտորի շնորհիվ նշված կուսակցությունները զգալի տեղեր կզբաղեցնեն ապագա ԱԺ-ում` լինի դա փոխված, թե հին դեմքերով:



Հին ԸՕ-ն անհույս վիճակի դատապարտեց մանր կուսակցություններին, որոնք գուցե լիահույս էին, որ նոր ԸՕ-ն կանցնի, ու կհաջողվի իրենց հանդեպ որոշակի հետաքրքրություններ առաջ բերել հիմնական խաղացողների շրջանում: Ավաղ, այսօր ո՛չ դաշինք կազմելն է ձեռնտու, ո՛չ էլ անհրաժեշտություն կա որեւէ ուժի դեմ միասնական ճակատ կազմելու:



Գլխավորն այս ընտրություններում լինելու է քաղաքական ուժի ներկայացրած պլատֆորմը, թեեւ արդեն իսկ թմբկահարվում է, որ ամենահաջող քաղաքական պլատֆորմն արդեն առաջարկված է հեղափոխության տեսքով, եւ հազիվ թե գտնվի մի ուժ, որ կարողանա դրանից ավելի լավ առաջարկ ներկայացնել ընտրողին: Մեր կարծիքով` այս հարցում թյուրիմացություն կա: Հեղափոխությունն ինքնին ավելի է բարդացրել «հեղափոխական» ուժի խնդիրը: Այո, բոլորս էլ գիտենք, որ հեղափոխություն է տեղի ունեցել, իսկ հետո՞: Ի՞նչ է լինելու հետո: Ընտրողն ի վերջո հիմար չէ եւ հասկանում է, որ ցանկացած հեղափոխություն դատապարտված է տխուր հեռանկարի, եթե չկա հետհեղափոխական ծրագիր: Իսկ ի՞նչ ծրագիր են ներկայացնելու այն «հեղափոխականները», որ ընտրողին են ներկայանալու հենց այն իշխանությունների վառ դեմքերով, որոնց մերժում էին մի քանի ամիս առաջ, հենց այն իշխանությունների քայլերով ու ձեռագրով, որոնց «հաջողությամբ տապալել են» իրենց, շատ կներեք, «աննախադեպ» քայլարշավով ու «գըմփ-գըմփ, հու»-ով: Մինչ օրս այդ հեղափոխությունից շահել են միայն միասեռականները, աղանդավորները եւ թմրամոլները: Իսկ մնացած հայտարարությունները, թե այլեւս ոչ ոք չի բռնանալու ժողովրդի կամքի վրա, մեր երկրում այլեւս կոռուպցիա եւ օլիգարխ չկա, շուտով չենք իմանալու ինչ անել ներդրողների բանակների դեմ, ընդամենը ֆիկցիա են: Եվ, պատկերացրեք, ընտրողն այդ ամենի ականատեսն է այսօր:



Հեղափոխությանն սպասարկող լրատվամիջոցները գրում են, թե իբր մինչհեղափոխական Հայաստանում եղել է հանրությանն արվող քաղաքական առաջարկների ճգնաժամ: Սուտ է, պարոնայք: Առաջարկների ճգնաժամը կա հիմա, երբ հայտարարում եք, թե հեղափոխությունն է այն ամենամեծ առաջարկը, որից ավելի լավ առաջարկ ներկայացնել այլեւս հնարավոր չէ: Մենք լավ ենք հասկանում, որ նման հայտարարությունները ծառայում են մեկ բանի` հեղափոխությունը հռչակել գերնպատակ, մինչդեռ հեղափոխությունն ընդամենը միջոց է եղել հին իշխանություններից ազատվելու, որից հետո անխուսափելիորեն գալիս է հերթական քայլերը բացահայտելու, անելիքները ներկայացնելու ժամանակը: Հեղափոխությունը գերնպատակ հռչակելով եւ հեղափոխություն արած քաղաքական թիմին անմրցակից համարելով` մենք ըստ էության քաղաքական առաջարկների արհեստական դեֆիցիտ ենք ստեղծում դաշտում, ինչը նույնիսկ ՀՀԿ-ի մենիշխանության տարիներին չի եղել:



Կասկածից վեր է, որ առաջիկա ընտրություններում կլինեն ուժեր, որոնք, չնայած հին ընտրակարգի պահպանմանը, պայքարին կմիջամտեն իրենց գաղափարներով ու հետագա անելիքների հետ կապված լուրջ ծրագրերով: Այդ ուժերից մեկը, թերեւս առաջինը, կլինի ՀՅԴ-ն, որի քարոզչության առանցքում, հավանաբար, ընկած կլինեն տեղի ունեցածն ի մի բերելու, նոր իրողությունների պայմաններում առաջ շարժվելու, ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու եւ երկրի անվտանգությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու հայեցակարգերը: ՀՅԴ-ն միշտ եւ միանշանակ կողմ է եղել համամասնական ընտրակարգին, որը քաղաքական ուժերի կայացածության պայմաններում բազմապատիկ անգամ շահեկան կարող է լինել: ՀՅԴ-ն իր պայքարով քայլ առ քայլ իրականություն է դարձրել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, որն այսօր կիրառվում է ոչ համապետական ընտրություններում: Ներկա ընտրակարգն էլ համամասնական է, թեեւ իր մեջ ներառում է ռեյտինգային էլեմենտը: Հարցն այստեղ այն է, որ մրցակից թիմերի համար, նույնիսկ հեղափոխությունից հետո, առաջնային է դառնում հենց ռեյտինգայինը, թեեւ ցանկության դեպքում, եթե դրանք իսկապես կայացած թիմեր են, կարող էին շեշտը դնել իրենց քաղաքական ծրագրերի վրա, որ նույնն է` համամասնական ընտրությունների տրամաբանության վրա, այլ ոչ թե «հեղափոխական գործողություններով» տակից տապալեին նոր Ընտրական օրենսգիրքը, իսկ հետո իրավապահ մարմինների ճնշումների տակ «լավ տղերքին» ստիպեին ձայն բերել եւ աշխատել իրենց համար:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**