Իսկ ՀՔԾ պետը պատրա՞ստ է ներողություն խնդրել

Իսկ ՀՔԾ պետը պատրա՞ստ է ներողություն խնդրել
«Հրապարակը» դեռ մեկ ամիս առաջ էր գրել, որ հայաստանյան իրավապահ մարմիններն անհարմար վիճակում են հայտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործով եւ հիմա չգիտեն՝ ինչպես դուրս գալ իրենց հայտարարության տակից։



Բանն այն է, որ ՀՔԾ-ն այդ զենքերը հայտնաբերելուց անմիջապես հետո շտապել էր հայտարարել, թե այդ զենքերը կիրառվել են Մարտի 1-ի ժամանակ։ Բայց ՀՔԾ մեր աղբյուրների մեզ հայտնել էին, Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ։ ՀՔԾ-ից մեր այս հրապարակումից հետո անմիջապես գործի անցան և անամոթաբար հերքեցին մի բան, որն այսօր պաշտոնապես են հաստատում։



Նրանք մի «խրատական» տեքստ էին տարածել՝ որպես հերքում մեր հրապարակմանը, որտեղ իրենց՝ արդեն բազմիցս ապացուցված կարճ խելքով դասեր էին տալիս մեզ․ «Լրատվամիջոցին հորդորում ենք անանուն աղբյուրներից ստացված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանց հավաստիությունը ստուգելու համար»:



Սրանից անցավ մեկ ամիս, և նրանք փորձաքննության արդյունքները համառորեն չէին հրապարակում՝ անընդհատ ձգձգելով այն։ Երեկ վերջապես ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսեց։ Նա լրագրողների հետ զրույցում այս թեմայով **Hraparak.am**-ի հարցին ի [պատասխան](https://www.hraparak.am/posts/5bc1a14a8426567f56d44368/%D5%B0%D5%B8%D5%BE%D5%AB%D5%AF-%D5%A1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D6%84%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A6%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%BA-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB-1%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9)՝ ասաց․ «Փորձաքննությունն ավարտվել է, Մարտի մեկի հետ համընկնում [չկա](https://www.youtube.com/watch?v=EjBKtEwl-b4&feature=youtu.be)»։



Այսինքն՝ հաստատեց, որ «մենք ճիշտ էինք, ՀՔԾ-ն՝ սխալ»։ Այստեղ մի քանի հարց է առաջանում՝ արդյոք ՀՔԾ-ն՝ իր ղեկավարով հանդերձ, այդքան ոչ պրոֆեսիոնալ է, որ նման հայտարարություններ են անում, և ամենակարևորը՝ արդյոք ՀՔԾ-ն և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պատրաստվում են պաշտոնապես ներողություն խնդրել «Հրապարակից»՝ մեզ իրականությանը չհապատախանող տեղեկություն հրապարակելու մեջ մեղադրելու համար։



Վատ չէր լինի, եթե ներողություն խնդրեին նաև Աբրահամյանների ընտանիքից՝ նրանց անունը Մարտի մեկի ոճրագործության հետ կապելու համար, ինչպես նաև հասարակությունից՝ նրան մոլորեցնելու, թյուրիմացության մեջ գցելու համար։ Կսպասենք ՀՔԾ-ի արձագանքին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**