Նրա անունն էր Վահրիճ, կամ՝ մի այլախոհի դիմանկարի էսքիզ

Նրա անունն էր Վահրիճ, կամ՝ մի այլախոհի դիմանկարի էսքիզ
Այս տարի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը բացվեց ուկրաինացի ամերիկաբնակ ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վահրիճը եւ սեւ քառակուսին» ֆիլմով, որը 2014-ից ի վեր ճանապարհորդում է փառատոնից փառատոն՝ ամենուր արժանանալով ջերմ արձագանքի ու բարձր գնահատականի։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ ֆիլմի հերոսն ու հեղինակը լիովին ներդաշնակ են միմյանց՝ թե՛ աշխարհընկալմամբ, թե՛ ճակատագրով, թե՛ մտածողությամբ։ Ո՞վ էր Զագդանսկու հերոսը, ինչո՞ւ էր ընտրվել հենց այդ հերոսը, ի՞նչ էր կատարվել ֆիլմի նկարահանումների տասնմեկ տարիների ընթացքում․․․ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է այս ամենը շաղկապվում Կազիմիր Մալեւիչի «Սեւ քառակուսու» հետ։



Այս տարի հայազգի նշանավոր նկարիչ եւ գրող-կոնցեպտուալիստ Վահրիճ Բախչանյանը կդառնար 80 տարեկան։ Սակայն նա, ով խորհրդային շրջանի ամենատաղանդավոր ու ինքնատիպ այլախոհների հետ դասվում էր նույն շարքում, նախընտրեց ինքը սահմանել իր կյանքի տեւողությունը՝ հոբելյաններ տոնելու փոխարեն թողնելով հիշատակը մոռացության չմատնելու տարբերակը։ Մյուս տարի կլրանա Վահրիճի մահվան 10-ամյակը։ Ինքնասպանություն։ Իր դավանանքին մինչեւ վերջ հավատարիմ այլախոհի էքզիստենցիալիստական ընտրություն։ 2003-ին, երբ Զագդանսկին Միացյալ Նահանգներում սկսեց Վահրիճի մասին ֆիլմի նկարահանումները, նրա հերոսը դեռեւս ողջ էր։ Ահա նա՝ փոքրամարմին, ճերմակած, իր կյանքի տասնամյակները կաղապարների դեմ պայքարներում անցկացրած, ինտելեկտ, հումոր ու կենսասիրություն ճառագող աչքերով, օտար երկրում, սակայն իր սիրելի քաղաքային նստարանին նստած, տեսախցիկի առջեւ մինչեւ վերջ անկեղծ։ Նա պատմում է իր օրագրերի մասին, որոնք լրացնում է ամեն օր՝ մեկ տողանոց, հակիրճ գրառումներով, լրացնում է՝ տարիների գրակույտում կարեւորելով յուրաքանչյուր օրը, քանզի կյանքը կարճ ու անկանխատեսելի է, եւ կենսասերի օրերից ոչ մեկն անդեմ ու անանուն չէ։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-0/p280x280/42204374_236861410509409_6242339647356141568_n.jpg?_nc_cat=0&oh=e3c57a1ffcb2cafc5f128979d2e55307&oe=5C2AB3A8)



Նկարահանումներն ավարտվեցին 2014-ին՝ Վահրիճի մահից հինգ տարի անց։ Ողբերգական հանգամանքների բերումով՝ տեսախցիկը հերոսին ուղեկցեց կյանքի ընթացքում եւ կյանքի ավարտից հետո։ Ահա՝ նույն տեսախցիկը մանհեթենյան սգո սրահներից մեկում է, անմոռանալի մի կադր, որում մեկտեղված են հանգուցյալի անվրդով կիսադեմը եւ օտար ափերում ճակատագիրը նրա հետ կիսած ընկերների հուզական կամ զուսպ ճառերը։ Ապրված կյանք, որի լույսի աղբյուրը հենց ինքն է, իսկ շուրջը՝ մալեւիչյան սեւ քառակուսին, միշտ նույն սեւ քառակուսին։



«Չկա ավելի խոր միայնություն, քան սամուրայի միայնությունն է, բացի, թերեւս, ջունգլիներում վագրի միայնությունից»։ Սամուրայների պատվո օրենսգրքից՝ Բուսիդոյից մեջբերված այս խոսքերը, որոնք Զագդանսկին ծառայեցրել է որպես բնաբան իր ֆիլմի համար, համահունչ են Վահրիճի կերպարին։ Կան կերպարներ, որոնք սիրվում են անմիջապես ու ընդմիշտ։ Վահրիճ Բախչանյանն այդպիսի կերպար էր։ 1974-ին, երբ նա խորհրդային իշխանություններից ստացավ կնոջ հետ միասին արտագաղթելու թույլտվություն, նրան ճանապարհելու էր եկել մոսկովյան գրեթե ողջ մտավորականությունը։ Միացյալ Նահանգներում նա, Սերգեյ Դովլաթովի եւ Իոսիֆ Բրոդսկու հետ միասին, դառնում է ռուսաստանյան սփյուռքի ամենավառ դեմքերից մեկը։ Նրան համարում էին նոր ժամանակների վերջին ֆուտուրիստը։ Միաժամանակ խոստովանում էին, որ նրան դժվար է ընկալել որպես արվեստի որոշակի ուղղության հետեւորդի։ Նրա մասին ասում էին, թե ի բնե զուրկ է փառասիրությունից։ Ավելացնում էին, թե, գուցեեւ, հենց փառասիրության պակասը կամ բացակայությունն էր, որ նրան հեռու էր պահում գեղանկարչական կտավներ ստեղծելուց։ Գուցեեւ՝ իր ժամանակից ու ժամանակակիցներից մարգարեաբար առաջ անցած մտածողությունը եւ մտավախությունը, թե բովանդակազուրկ դարձած գեղանկարչությունը սպառել է իրեն։



Նրա ամենասիրելի ժանրը կոլաժն էր, նրա գրաֆիկական աշխատանքները, նրա երգիծանկարները, որոնք ստեղծում էր իր իսկ մտահղացած տեխնիկայով եւ միայն իրեն բնորոշ ոճով, այնքան սրամիտ էին, որ անմիջապես ստիպում էին ժպտալ, եւ այնքան բազմաշերտ, որ ստիպում էին մտածել։ Նրա ստեղծագործական հնարամտությունն ու նորարարությունն անսպառ էին եւ հորդում էին նրա նկարներից, գրքերից, հանպատրաստից ասված թեւավոր խոսքերից, որոնք իսկույնեւեթ հիշվում էին ու բերնեբերան փոխանցվում։ «Նա այս աշխարհն ավելի ազատ դարձրեց»,- ասում էին Վահրիճի ընկերները։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42253324_2672619502963571_617646731303059456_n.jpg?_nc_cat=0&oh=d375c3b6044d83b59d112eb92dc86483&oe=5C26BA10)



Նա Հայաստանում երբեւէ չի եղել։ Ծնվել էր Խարկովում, այնուհետեւ տեղափոխվել Մոսկվա, ապա՝ կարճատեւ հանգրվան Ավստրիայում եւ, ի վերջո, մշտական բնակություն Միացյալ Նահանգներում։ Երբ չորս տարեկան էր, մայրը հեռացավ՝ որդուն թողնելով հոր խնամքին։ Հետագայում Վահրիճն ասում էր, թե ինքը հայ է 150 տոկոսով, որովհետեւ նույնիսկ իր խորթ մայրն էր հայ։ Իր տեսակով ու մտածողությամբ նա ամենեւին «խորհրդային մարդ» չէր, նրա պարագայում ավելի կհամապատասխաներ «աշխարհի քաղաքացի» բնորոշումը։ Երբեք չէր ենթարկվում ընդունված կանոններին, թելադրված սցենարներին, հասարակական կարծիքին։ Յոթերորդ դասարանն ավարտելով՝ դադարեց հաճախել դպրոց։ Նկարչությունը նրա միակ կիրքն էր։ Ընդունվեց Խարկովի դեկորատիվ արվեստի ստուդիա, հրապուրվեց ավանգարդ արվեստով։ Զինծառայությունից հետո աշխատեց գործարաններում՝ որպես նկարիչ-ձեւավորող։ Ամուսնացավ Իրինա անունով աղջկա հետ, ով մինչեւ վերջ մնաց նրա կողքին՝ հաղթահարելով այլախոհ ամուսնուն բաժին հասած փորձություններն ու դժվարությունները։ Նրա առաջին ամենամեծ երազանքն անհատական ցուցահանդես ունենալն էր։ Երազանքն իրականություն դարձավ, սակայն՝ ամենաանսովոր ձեւով․ խարկովյան բնակելի շենքերից մեկի բակում, հենց շենքի պատին եւ գետնին շարվեցին նրա նկարները՝ տարօրինակ, «հակախորհրդային», պրովոկացիոն աշխատանքներ, որոնք դիտելու հնարավորություն ուներ յուրաքանչյուր անցորդ։ Վահրիճը չէր թաքնվում։ Իհարկե, ամենատես գրաքննության արձագանքը չուշացավ։ Եղան քննադատական հրապարակումներ մամուլում, մեղադրանքներ աշխատավայրում, որտեղ ավանգարդ արվեստը, մեղմ ասած, անընդունելի էր բանվորների համար։ Ի վերջո, հասարակական կարծիքի ճնշման ներքո Վահրիճը կնոջ հետ միասին լքեց քաղաքը։ Տեղափոխվեց Մոսկվա՝ ակնկալելով, որ այնտեղ կկարողանա գտնել համախոհներ։



«Աշխարհին պետք է նայել այնպես, ասես տեսնում ես առաջին անգամ»,- իր ֆիլմում Կառլոս Կաստանեդայի հայտնի միտքն է հնչեցնում Անդրեյ Զագդանսկին։ Վահրիճը հենց այդպես էլ ընկալում էր աշխարհը, եւ այդ ընկալումն ավելին էր, քան սոսկ լավատեսությունը կամ վատատեսությունը։ Նա միշտ պատրաստ էր ամեն ինչ սկսելու նորից։ Մոսկվայում բնակվելու յոթ տարիների ընթացքում նա 12 անգամ տեղափոխվեց մի վարձակալված բնակարանից մյուսը, այդպես էլ չստացավ մոսկովյան գրանցում՝ շարունակաբար մերժվելով։ Ունեցավ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես, այն էլ՝ մոսկովյան սրճարաններից մեկում՝ տարածքը միայն մեկ երեկո զբաղեցնելու թույլտվությամբ, սակայն, փոխարենը, ձեռք բերեց հիանալի համախոհ ընկերներ, աշխատանք, որն ընձեռեց ազատ ստեղծագործելու հնարավորություն, եւ լայն ճանաչում։ «Արվեստում նա ուներ սեփական տարածությունը, որտեղ միանձնյա տիրակալ էր»,- արդարացիորեն փաստել է նկարչի ընկերներից մեկը։



Վահրիճի համար ինքնարտահայտման նոր եւ վաղուց սպասված ասպարեզ դարձավ «Լիտերատուրնայա գազետա» թերթը, որը մեծ հեղինակություն էր վայելում ընթերցողական շրջանակներում, ուներ պատկառելի տպաքանակ եւ զգալիորեն ավելի մեծ ազատություն՝ այլ պարբերականների համեմատ։ Թերթի վերջին՝ հումորային էջի ձեւավորումը վստահված էր լավագույն ծաղրանկարիչներին, որոնցից մեկն էլ դարձավ Վահրիճը։ Շատերը թերթը գնում էին նախեւառաջ նրա հումորային նոր գլուխգործոցները տեսնելու համար։ Երգիծական տեքստերի ճանաչված հեղինակները խոստովանում էին, որ Վահրիճի ծաղրանկարները ստվերում էին թողնում իրենց աշխատանքները։ Հետագայում, արդեն Միացյալ Նահանգներում, այդ նույն միտքն արտահայտել է նաեւ իր անկրկնելի հումորով հայտնի Սերգեյ Դովլաթովը, ով, Բախչանյանին պաշտելով հանդերձ, չէր ցանկանում, որ նա ձեւավորի իր գրքերի շապիկները՝ մտավախություն ունենալով, թե դրանք կարող են լինել շատ ավելի հիշարժան, քան իր գրական ստեղծագործություններն են։ 1983-ին, երբ Վահրիճը գրողներ Ալեքսանդր Գենիսի եւ Պյոտր Վայլի հետ Նյու Յորքում սկսեց հրատարակել «Յոթ օր» ամսագիրը, երկու գործընկերներն էլ շատ շուտով միաբերան հայտարարեցին, թե ամսագրի հաջողությունը պայմանավորված է բացառապես Վահրիճի նկարազարդումներով ու ձեւավորած շապիկներով։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42251842_298660497594491_8332660235583881216_n.jpg?_nc_cat=0&oh=6143694dfec536d699d030477dc27ec6&oe=5C26B909)



Որքան էլ մոսկովյան կյանքը հագեցած էր, սակայն Վահրիճն իր թիկունքում մշտապես զգում էր գրաքննության շունչը։ Ազատությունը չի կարող ունենալ չափաբաժին․ այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Ցանկացած փոխզիջում, թեկուզեւ՝ փոքր, նրանից մեծ ջանքեր էր պահանջում։ 1972-ին, ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ Խորհրդային Միություն այցելությունից հետո, ազգությամբ հրեա ԽՍՀՄ քաղաքացիներին տրվեց արտագաղթելու հնարավորություն։ Վահրիճը դիմեց համապատասխան ատյաններ՝ ասելով, թե ինքը հրեա է եւ ցանկանում է լքել Խորհրդային Միությունը։ Այդպիսով, նրան հաջողվեց ազատվել խորհրդային անազատությունից, սակայն, ի վերջո, յուրաքանչյուր տարածք ունի անազատության իր դրսեւորումները։ Ամերիկայում նա ուներ ազատության այն մակարդակը, որից զուրկ էր ԽՍՀՄ-ում, բայց, միաժամանակ, դա որոշակի սահմանափակումներով ազատություն էր, քանի որ վտարանդիությունն ինքնին ենթադրում է սահմանափակումներ եւ օտարության զգացում՝ լեզվի, մտածողության, կենսակերպի։



Օտարության զգացումից, մտերիմների վկայությամբ, նա այդպես էլ չկարողացավ ազատվել։ Միջավայրի փոփոխությունը նրան ընդամենը հանգեցրեց այն գիտակցմանը, որ բացարձակ ազատություն չկա եւ չի կարող լինել, համենայնդեպս՝ ստեղծագործողի պարագայում, ի՛ր պարագայում։ Երբ Վահրիճը Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում իրականացրեց «Ռուսական քարոզչության արվեստ» ակցիան, նրան ոչ միայն չհասկացան, այլեւ, թանգարանի ղեկավարության պահանջով, քաղաքավարի խնդրեցին հեռանալ։ 2003-ին նա երկարամյա ընդմիջումից հետո ժամանեց Մոսկվա եւ ներկա գտնվեց իր աշխատանքների ցուցադրությանը։ Ժամանակները փոխվել էին, այլեւս չկար երբեմնի գրաքննությունը, սակայն գիտակցումը, որ լավագույն տարիներն արդեն անցյալում են, չէր կարող չտխրեցնել։ Նա չէր կարող իմանալ, որ իր մահից հետո հետաքրքրության ու մեծարանքի մի նոր, աննախադեպ ալիք է բարձրանալու իր անձի ու ստեղծագործության շուրջ։ Ցուցահանդեսների շարք Մոսկվայում, Խարկովում, Կիեւում, Նյու Ջերսիում։ Նրա գրքերի եւ նրա մասին գրքերի հրատարակում ու վերահրատարակում, հարցազրույցներ ու գրախոսականներ մամուլում։ Ցուցահանդես կազմակերպվեց նաեւ Երեւանում՝ Վահրիճի այրու՝ Իրինա Բախչանյանի եւ ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու մասնակցությամբ։



Սրտի վիրահատությունից հետո Վահրիճը, ընկերների վկայությամբ, բողոքում էր ծանր գլխացավերից ու ականջներում լսվող աղմուկից։ Դեղամիջոցներն օգնում էին, սակայն, միաժամանակ, նաեւ անդառնալիորեն փոխում նրան։ Իսկ նա չէր ուզում փոխվել։ Եվ նա կատարեց իր՝ այլախոհի ընտրությունը․ հեռանալ՝ մնալով այնպիսին, ինչպիսին կա եւ եղել է։ Նա, ով երբեւէ չէր եղել Հայաստանում, սակայն ասում էր, թե ինքը հայ է 150 տոկոսով, վերջին կամքը հայտնելիս ցանկացավ տեսնել իր նախնիների երկիրը։ Կինը կատարեց Վահրիճի վերջին կամքը՝ նրա աճյունափոշին սփռելով Գեղամա լեռներում։ Եվս մի անմոռանալի կադր։ Թերեւս այդ պահին, սարերի բարձունքի ու երկնքի միջեւ, նա գտավ իր երազած ազատությունը։



**Անուշ Բաբայան-կինոգետ, սցենարիստ**



**Հրապարակ մշակութային հավելված**