Մարդկային էմոցիաները կիսատոների մեջ են, դրանք ավելի կարեւոր են, քան լայն ժպիտն ու ուրախությունը

Մարդկային էմոցիաները կիսատոների մեջ են, դրանք ավելի կարեւոր են, քան լայն ժպիտն ու ուրախությունը
_Ճանաչված ռուս լուսանկարիչ, դոկումենտալիստ Վլադիմիր Դուբրովսկու հետ առիթ ունեցա զրուցելու դոկումենտալ լուսանկարիչ Գերման Ավագյանի միջոցով, ավելին՝ Գերմանի շնորհիվ «Հայաստան 1988-2018» ֆոտոալբոմում Վլադիմիր Դուբրովսկու եւ շուրջ 30 լուսանկարիչների աշխատանքների կողքին տեղ գտան նաեւ իմ լուսանկարները։ Մի հանգամանք, որ պարտավորեցնող էր թե՛ գրքում, թե՛ զրույցի ընթացքում։_



_Վլադիմիր Դուբրովսկու լուսանկարներն ազդեցիկ են ու միաժամանակ պոետիկ, գուցե նրանից է, որ կարողանում է լույսի հետ վարպետորեն խաղալ։ Դրանք նաեւ ազնիվ են՝ իր լուսանկարների հերոսների պես, լինի դա Արցախյան պատերազմում մի ոտքը կորցրած տղամարդու լուսանկարը, ով պարում է մարտական ընկերոջ աղջկա հարսանիքին, Աստծո հետ երկխոսող եւ ազգություն չճանաչող հովիվները, թե Արալյան ծովի սահմաններից դուրս եկած էկոլոգիական աղետի մարդկային զոհերը։_



_Մոտ 2 ժամ տեւած զրույցը դժվար էր խմբագրել՝ ասելիքը տարողունակ էր ու հետաքրքիր, ուստի որոշեցի դրանք ներկայացնել ֆրագմենտալ՝ ճիշտ լուսանկարչական կադրերի պես։_



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42193738_472724913228929_8692387137015775232_n.jpg?_nc_cat=0&oh=387c4f418cf65092145ee3c04e57998e&oe=5C1821CA)



**Վերադառնալով հերոսներիդ**



Վերջին տարիներին անընդհատ վերադառնում եմ իմ հերոսներին. սա իմ աշխատանքի ոճն է, հաճախ 2-րդ, 3-րդ հանդիպումից հետո կարող ես նկարել այնպիսի բան, որ չէիր կարող նկարել առաջին հանդիպման ժամանակ, որովհետեւ ստեղծվում են այնպիսի անձնական հարաբերություններ, որտեղ մարդիկ դադարում են տեսախցիկի վրա ուշադրություն դարձնել եւ սկսում են իրենց դրսեւորել շատ տարբեր կողմերով՝ ավելի բնական, իսկ ամենակարեւորը՝ սովորում են վստահել քեզ։



Արդեն մի քանի տարի է՝ նկարում եմ հովիվների․ սա յուրօրինակ ասք է հովիվների մասին՝ աստվածաշնչյան մոտիվներով։ Երկար տարիներ նրանց նկարում էի Ալթայում, բայց եկավ մի պահ, երբ ուզեցի ընդլայնել աշխարհագրությունը։ Անցած տարի եկա Հայաստան, որն ինձ համար ուղղակի իդեալական էր էմոցիաների ու բոլոր այն առումներով, ինչ կուզեի տեսնել այստեղ։ Մենք Գերմանի հետ գնացինք Բաբռլու, որտեղ արդեն, վստահորեն կարող եմ ասել՝ ապրում են մեր ընկերները։ Նրանց համար բերել էի նվերներ, որ կինս էր պատրաստել։ Այս տարի արդեն եկա Հայաստան ոչ այնքան նկարելու, որքան այդ մարդկանց գրկելու համար։ Սա արդեն շփում էր ո՛չ լուսանկարչական մակարդակում։



Հետո մի երջանիկ պահ էլ կար այդ ամենի մեջ․ անցած տարվա հանդիպման լուսանկարները նյութականացվել ու տեղ էին գտել «Հայաստան 1988-2018» ֆոտոալբոմում։ Այդ մարդիկ տեսան, որ իրենց աչքի առաջ՝ իրենց մասնակցությամբ պատմություն է ստեղծվում, որն իրենցից հետո էլ պատմվելու է։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42195090_547962432306153_4597219121170481152_n.jpg?_nc_cat=0&oh=79dad445eba84ed5a944fdadff1de8bb&oe=5C162AFB)



**Ներքին կոնֆլիկտ կամ ներքին դիալոգ**



Երբ նկարում ես մարդկանց, չես կարող անտարբեր լինել նրանց նկատմամբ, չեմ ասում, որ պետք է անասելի սեր տածես քո հերոսի հանդեպ։ Մարդն ինձ մոտ չպետք է առաջացնի բացասական հույզեր, ես էլ իմ հերթին՝ նրա մոտ։ Դա չի կարող լինել սեր, սա նորմալ մարդկային շփում է, այդ փուլում իմ առաջ ավելի լուրջ խնդիրներ չեմ էլ դնում։ Այլ բան է հարազատների դեպքում։ Այստեղ իսկապես հեշտ չէ նկարել այն, ինչ ուզում ես։



Լուսանկարչի եւ լուսանկարվողի հարաբերություններից շատ բան է կախված, դա կա՛մ ներքին կոնֆլիկտ է, կա՛մ ներքին դիալոգ, որը կարող է գունավորվել դրական կամ բացասական էմոցիաներով։ Իրականում բացասական էմոցիաները երբեմն ավելի լավ են աշխատում, դրա համար բացասականից վախենալ չարժե։ Եթե կա խնդիր, կոնֆլիկտ, որտեղ քեզ թույլ են տալիս լինել նաեւ լուսանկարիչ, ապա շատ հավանական է, որ այդ լուսանկարներն ավելի ուժեղ ստացվեն, քան պարզապես ամերիկյան ժպիտի կամ դրական էմոցիայի ամրագրումը։ Ընդհանրապես, նորմալ մարդկային էմոցիաները կիսատոների մեջ են, եւ այդ կիսատոներն ավելի կարեւոր են, քան լայն ժպիտն ու ուրախությունը։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42374411_232967757570899_1323760391515275264_n.jpg?_nc_cat=0&oh=c745d5e085be0cd286b49067b07e16b7&oe=5C302CF3)



**Նկարում է մարդը, ոչ թե ապարատը**



Ես համոզված եմ՝ նկարում է ոչ թե լուսանկարչական ապարատը, այլ՝ մարդը։ Տեխնիկան կարեւոր է այն իմաստով, որ լուսանկարչական սարքը քո ձեռքերի, գլխի եւ սրտի շարունակությունն է։ Սա ընթացք է, որի ժամանակ ես, առավելագույնը, մարդուն կարող եմ տեղաշարժել ինձ հարմար լուսային դաշտ, բայց երբեք պրոցեսին չեմ խառնվում։



Ինչ վերաբերում է՝ ժապավե՞ն, թե՞ թվային, ապա թվայինն այնքան է մտել մեր առօրյա կյանք, որ նրանից ընդհանրապես հրաժարվել հնարավոր չէ։ Չնայած, որպես մարդ, ով երկար տարիներ նկարել է ժապավենով, միանշանակ վստահ եմ, որ ժապավենը՝ սեւ ու սպիտակ լուսանկարը, դեռ երկար ժամանակ մրցակցությունից դուրս կլինի։ Այլ հարց է, որ տեխնիկական պրոցեսը ծախսատար է, բարդ եւ ոչ օպերատիվ։ Դրա համար, անկախ ժապավենի ակնհայտ առավելություններից, մենք, միեւնույն է, ընտրում ենք թվայինը։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42252217_257658504799241_8790106314538745856_n.jpg?_nc_cat=0&oh=5dd2953f68ede924b01dc7f9aeefdbaf&oe=5C144564)



**Թվային աշխարհ, թվային սերունդ**



Լուսանկարչությունը, հատկապես՝ դոկումենտալը, փոփոխություններ կրել է, բայց կան բաներ, որ չեն փոխվել․ դա իրադարձային լուսանկարչությունն է։ Ավելին, թվայինի ի հայտ գալով՝ այն դարձավ ավելի օպերատիվ, հասանելի եւ ինչ-որ չափով պրոֆեսիոնալ։ Եվ դա այսօր լուրջ մրցակցություն է ստեղծում հեռուստատեսությանը, որովհետեւ վայֆայ կրիչների ի հայտ գալով՝ դու ցանկացած պահի կարող ես դրանք միանգամից ուղարկել խմբագրություն։ Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ապա այստեղ սանդղակը բավականին իջել է, չկա ակնարկային լուսանկարչությունը, ֆոտոպատմություն մարդու, գյուղի կամ ինչ- որ իրադարձության մասին։ Դրա հանդեպ պահանջարկն էլ է շատ նվազել։ Դա տեղի ունեցավ տարբեր պատճառներով՝ երկիրը քանդվեց, դրա հետ մեկտեղ վերացավ նաեւ սեփական թղթակիցներ ունենալու ցանցը։ Դա առաջինն էր, որ մեզ մոտ սպանեց լրագրությունը: Իհարկե, ինտերնետն այսօր տալիս է այլ հնարավորություններ, բայց մինչեւ ինտերնետի ի հայտ գալը ԶԼՄ-ները քանդվեցին։ Հիմա արդեն զարգանում է այլ լրագրություն՝ դրանք տպագիր մամուլի էլեկտրոնային տարբերակներն են, բլոգները, անձնական կայքերը, Ֆեյսբուքը, Ինստագրամը։ Երիտասարդները, ովքեր ծնվել են թվային աշխարհում, չգիտեն, թե ինչ է անալոգային լուսանկարչությունը։ Նրանք կարող են կատարյալ տիրապետել ֆոտոշոփի ֆիլտրերին, բայց, դրանով հանդերձ, աղավաղել պատկերը, պարզունակացնել այն, ու դա այն դեպքում, որ օրիգինալում ավելի շատ խորություն եւ ինֆորմացիա կա։ Անկախ ամեն ինչից, չեմ կարծում, որ ֆոտոլրագրությունը մահացել է: Բարձր մրցակցության պայմաններում, որտեղ չկան հեղինակություններ, ամեն մեկն «ինքն իրեն ռեժիսոր» է եւ իր ճանապարհն է փնտրում։ Կա նաեւ գովազդի հարցը, որին անընդհատ բախվում ենք, որովհետեւ լինելով անհատականություն, ունենալով մասնագիտական գիտելիքներ եւ պրոֆեսիոնալ հմտություններ՝ դու չես կարողանում քեզ համար ապահովել նորմալ կոմերցիոն գոյություն, որպեսզի աշխատանքդ նաեւ գումար բերի։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42221611_2192099014387930_6408154839867457536_n.jpg?_nc_cat=0&oh=91f48a4e4d9f8566702c0893ee6f18aa&oe=5C60A07F)



**Ցավը ֆոտոգենիկ է**



Հայրենական ֆոտոլրագրության մեջ 2 տարբեր ուղղություններ են նշմարվում․ առաջինի դեպքում լուսանկարում են քանդված գյուղեր, տներ, այն, ինչ մեզնից հեռացել է անվերադարձ։ Դա նաեւ սոցիալական որոշակի խավ է՝ հիվանդ մարդիկ, ծերեր, հաշմանդամություն ունեցողներ, եւ դա ի սկզբանե արդեն ֆոտոգենիկ է ու մի քանի բալ ավելացնում է քո աշխատանքին։ Կա նաեւ 2-րդ տարբերակը, երբ լուսանկարիչը նկարում է այնպիսի բաներ, որոնք իրեն հուզել են, թեպետ չգիտի դրա արտահայտման նրբությունները։ Լուսանկարը, ի վերջո, լեզու է, որն ինչքան շատ ես օգտագործում, ինչքան շատ ես կատարելագործում, այնքան այդ լեզվով՝ պոետիկ, մատչելի, եւ ոչ պակաս կարեւոր է՝ պրոֆեսիոնալ խոսելու քո շանսերն աճում են։ Ի վերջո, մենք մեծանում, աճում, վարպետանում ենք ոչ միայն պրոֆեսիոնալ տեսանկյունից, այլ նաեւ՝ կյանքի, իսկ այդ ամենը խաչվում եւ արտացոլվում է լուսանկարի մեջ։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42222866_549683285483860_1060186593681211392_n.jpg?_nc_cat=0&oh=40fe3d0e55927d1c445f16e25672e8c9&oe=5C1F157C)



**Պատկե՞ր, թե՞ պատում**



Լավ լուսանկարն ինձ համար այն է, որտեղ կա մի փոքրիկ սյուժե՝ լավ պատմության համար։ Այն կարող է ուղեկցվել տեքստով, որը, իհարկե, կարեւոր է, բայց ո՞ր տեքստն է կարեւոր։ Դու ցանկացած դեպքում ընտրում ես մի կադր, չէ՞ որ դրանով ուզում ես մի բան ասել, ավելին՝ եթե ընտրել ես, ուրեմն արդեն ասել ես։ Հասցնել այդ ասելիքն ընթերցողին կարելի է ընդհանրապես առանց մակագրության, որովհետեւ այն, ինչ ուզել եմ ասել, արդեն այնտեղ կա՝ մտածիր, ինչ ուզում ես, կարդա պատկերը, ինչպես ուզում ես։ Կա նաեւ այլ տարբերակ, երբ տալիս ես հուշում՝ անում ես նվազագույն գրառում լուսանկարի տակ։ 3-րդ տարբերակում ուղղակի ամեն ինչ ծամում ես, բայց դա չի նշանակում, որ պիտի ասես այն, ինչն արդեն կա լուսանկարում եւ ակնհայտ է։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42257223_1405030046296464_2577803516672212992_n.jpg?_nc_cat=0&oh=acdf1f35556d95f42b5d5280fef44a1a&oe=5C632181)



**Մարդու աշխարհն ու աշխարհում ապրող մարդիկ**



Հետաքրքրությունը գլոբալ թեմաների հանդեպ հիմնականում պայմանավորված էր երկրում տեղի ունեցած փոփոխություններով։ Չինացիներն ասում են․ Աստված չանի՝ ապրես փոփոխությունների շրջանում, բայց լուսանկարչի համար դա գտնված բան է, որովհետեւ փոփոխությունները հնարավորություն են տալիս արտահայտել քո վերաբերմունքը դրանց հանդեպ, կարեւոր է չկորչել դրանց մեջ, մնալ այնպիսին, ինչպիսին կաս, որովհետեւ լուսանկարիչը չի կարող լինել ոչ մեկի կողմից։ Դեռ 89-ին, այդ փոփոխությունների շրջանում, որոշեցի հեռանալ բոլոր այն ԶԼՄ-ներից, որտեղ կար գաղափարական ճնշում, եւ դարձա ֆրիլանսեր:



Արալյան թեման իմ մեջ միշտ կար, հնարավոր չէր մեկ անգամ լինել այնտեղ ու մոռանալ դա։ Ես նկարեցի Արալը մի քանի շերտերով՝ մարդկային, առողջապահական, սոցիալական, ընդհանուր առմամբ՝ դա ձգվեց 7-8 տարի, երբեմն գալիս էի ու մնում որոշ ժամանակով։ Հետաքրքիր պրոցես էր։ Այդ ժամանակ երկիրը քանդվում է, եւ ես դառնում եմ գրեթե միակ լրագրողը Միջին Ասիայում, ով ունի մրցունակ ֆոտոնյութ՝ արեւմտյան չափանիշներին համապատասխան, որն ինձ բարձրացրեց արդեն մի ուրիշ որակական մակարդակի։



Երբ հայտնվեցի Արալում, էմոցիաներս շատ ուժեղ էին, այդ պահին չէի գիտակցում, բայց ամբողջը նկարում էի որպես մի մեծ աբսուրդի թատրոն, որովհետեւ այնտեղ ամեն ինչն էր աբսուրդ, սկսած նրանից, որ ցամաքող ծովի վրա սկսեցին կառուցել հանգստյան շքեղ տներ, ներդնել մեծ գումարներ, բայց ծովը հետ էր գնում, ու դրա մասին բոլորը գիտեին, որովհետեւ դա 1-2 տարվա խնդիր չէր, այլ սկսել էր 60-ականների վերջից, իսկ 80-ականներին արդեն Արալյան ծովի մակարդակը կտրուկ ընկավ։ Դրա համար, որպես հետազոտող, Արալյան ծովի իմ պրոյեկտում մարդկանց օգտագործում էի իբրեւ մանեկեններ, որոնց նկարում էի ինչ-որ իրավիճակներում՝ էլ ավելի սրելով կատարվածի դրամատիզմը։ Երբ ծովի մակարդակի հետ ընկավ նաեւ մարդկանց կյանքի որակը, նրանք սկսեցին հեռանալ Արալից, բայց այդ տարածքում մնաց կազակների մի ընտանիք, մինչեւ հիմա հիշում եմ՝ Անդրեյ պապը եւ Գլաշա տատը։ Այդ պահից սկսած՝ ինձ համար Արալը մարդկային կերպարանք ստացավ․ հարցնում եմ՝ ինչո՞ւ դուք էլ չեք հեռացել, ասում են՝ ո՞ւր գնանք, այս գերեզմանոցում մեր նախնիներն են, մենք էլ արդեն ծեր ենք, այստեղ կմեռնենք։ Այդ պահին իմ գիտակցության մեջ մի բան փոխվեց, ես հասկացա, որ ավելի հետաքրքիր է նման մեծ ողբերգությունների մասին պատմել այսպիսի մարդկանց միջոցով։ Զարմանալին այն էր, որ իրենք այդ իրավիճակում իրենց տուժած չէին զգում, եթե ուրիշ տեղերում ես տեսնում էի մահ, հիվանդություն, ողբերգություն, ապա այստեղ իրենք կարծես նույնիսկ երջանիկ ապրում էին։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42197915_2238577519705577_5494299349624029184_n.jpg?_nc_cat=0&oh=c8c90a6225f5119673ff42e5ee1d0fee&oe=5C1C9DE5)



**Ո՞վ եմ ես**



Երբ ամեն ինչ մի քիչ հունի մեջ ընկավ, ինձ սկսեցին հետաքրքրել այլ հարցեր՝ ո՞վ եմ ես, ովքե՞ր են եղել իմ նախնիները, որովհետեւ եթե կազակները գիտեին իրենց արմատները՝ 7 սերունդ այն կողմ, ես նույնիսկ 3 սերունդ այն կողմ չգիտեի։ Հասկանում էի, որ դա ինձ համար կարեւոր է, որովհետեւ արյունակցական կապերը շատ եմ կարեւորում։ Այդ ընթացքում կամաց-կամաց գալիս եմ հովիվների թեմային ու հասկանում՝ դա այն հարցն է, որ ինձ դեռ երկար է հետաքրքրելու։ Ինձ համար հովիվներն ազգային ավանդույթների պահապաններն են, որոնք ունեն իրենց առանձնահատուկ հարաբերություններն Աստծո հետ։ Դա էթնոգրաֆիա է, ֆոլկլոր, բիբլիական թեմա եւ բնության հետ արտասովոր կապ, որովհետեւ նրանք չեն կեղտոտում այնտեղ, որտեղ ապրում են։ Շփվելով այդ մարդկանց հետ՝ ես տեղափոխվում եմ բոլորովին այլ աշխարհ, որտեղ չկան կեղծիք, երկակի ստանդարտներ։ Նրանք պարզ են իրենց դրսեւորումների մեջ, եթե նրանց դուր չեկար, գրողի ծոցը քեզ կուղարկեն, ու դու կգնաս, եթե դուր եկար, ուրեմն կլինեն հարաբերություններ, կլինի պատմություն, կլինի նաեւ լուսանկար։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42359199_685860235119694_4629698857863741440_n.jpg?_nc_cat=0&oh=1f2bb2f5936152c6ad73ff6d8152468f&oe=5C18B396)



**Ճանապարհ առ Աստված**



Հովիվները «Ճանապարհ առ Աստված» իմ մեծ պրոյեկտի մի մասն են։ Դրա տակ կան շատ անձնական բաներ։ 40 տարեկան էի, Կամչատկայի նավահանգստում կանգնած նայում էի մայրամուտին ու շատ հստակ զգացողություն ունեի, որ դա արդեն տեսել եմ, չնայած որ առաջին անգամ էի այնտեղ։ Եկա տուն, հայրիկիս հետ նստած խոսում էինք, պատմեցի այդ դրվագի մասին, հայրս մեկ էլ ասաց, որ իմ նախապապը կազակական զորախմբի հարյուրապետ է եղել այդ երկրամասում։ Հիմա սա ի՞նչ է՝ գենետիկ հիշողությո՞ւն, թե՞ ավել մի բան։ Մեկ այլ պատմություն․ հայրիկիս կողմից մեր ցեղում միանձնուհի է եղել, ում 37թ․ գնդակահարել են։ Մի ուրիշ հանգամանք․ իմ 2 աղջիկներն էլ ամուսնացան քահանաների հետ։ Այսինքն՝ իմ ճանապարհն առ Աստված միայն հովիվները չեն։ Իրականում այսպիսի բաները լուսանկարչական չեն, եւ սրանց մասին շատ քչերին եմ ասում։ Գուցե ես վերադառնում եմ այստեղ՝ այդ պատասխանների հետեւից, հանդիպում եմ մարդկանց, որոնց հետ հոգեւոր մտերմություն եմ զգում, կապ չունի, թե որ լեզվով են նրանք խոսում։ Երբ Գերմանը Բաբռլուից զանգում է, ես ու Լինդան արցունքների մեջ խեղդվելով՝ հազիվ ենք խոսում, իսկ դա շատ բան արժե, որովհետեւ սա արդեն լուսանկար չէ, այլ՝ ապրելաձեւ։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42269275_259121471464387_6889291644894445568_n.jpg?_nc_cat=0&oh=ce74fc8330d784ef9001bf5e3d6b7798&oe=5C62EB07)



**Դոկումենտալ լուսանկարիչ Վլադիմիր Դուբրովսկու հետ զրույցը ներկայացրեց ֆոտոլրագրող Սոնա Ադամյանը**



**Լուսանկարները՝ Վլադիմիր Դուբրովսկու**



**Հրապարակ մշակութային հավելված**