Նախընտրական վճարովի եթերում առաջատարը ԲՀԿ-ն է, իսկ լրատվական եՎ այլ հաղորդումներում՝ «Իմ քայլը»

Նախընտրական վճարովի եթերում առաջատարը ԲՀԿ-ն է, իսկ լրատվական եՎ այլ հաղորդումներում՝ «Իմ քայլը»
ՀՌԱՀ-ը ներկայացրել է ավագանու նախընտրական քարոզչության առաջին 7 օրերի՝ սեպտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածի, իր մշտադիտարկման արդյունքները՝ եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերաբերյալ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման հետ կապված։



Ըստ այդմ՝ քարոզչության առաջին 7 օրերին լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակով առաջատար է եղել «Իմ քայլը» դաշինքը, որը եթերում եղել է հազար 109 րոպե, ապա՝ «Լույս» դաշինքը՝ 968 րոպե, «Երեւանցիներ» դաշինքը՝ 956, ՕԵԿ-ը՝ 936, ԲՀԿ-ն՝ 903, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 746 րոպե։ Քաղաքական ուժերի 2-րդ վեցնյակում են «Ժառանգություն» կուսակցությունը՝ 702 րոպե, Ռեֆորմիստների կուսակցությունը՝ 663, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ 662, «Երեւանի հանրություն դաշինքը»՝ 646, «Հայկ» (Հայկազուններ) կուսակցությունը՝ 637, եւ վերջում՝ ՀՅԴ-ն՝ 624 րոպե։



Բոլոր հեռուստաընկերություններում վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակից ամենաշատն օգտվել է ԲՀԿ-ն՝ 743 րոպե 34 վայրկյան, ապա՝ «Իմ քայլը» դաշինքը եւ «Ժառանգություն» կուսակցությունը՝ 150-ական րոպե։ Վճարովի եթերաժամանակից բացարձակապես չեն օգտվել «Երեւանցիներ» դաշինքը եւ «Հայկ» (Հայկազուններ) կուսակցությունը։



**Հայաստանի հանրային հեռուստաընկերության** եթերում անվճար կարգով տրամադրված եթերաժամանակից ամենաշատն օգտվել են «Իմ քայլը» եւ «Լույս» դաշինքները՝ 8-ական րոպե։ Վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակից՝ դարձյալ «Իմ քայլը» (15.03 րոպե) եւ «Լույս» (12․46) դաշինքները, ինչպես նաեւ ԲՀԿ-ն (7.30), ՕԵԿ-ը (7․58) եւ ՀՅԴ-ն (5.07), իսկ լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակում ամենաշատը հատկացվել է «Իմ քայլը» դաշինքին՝ 20․20, որին հաջորդում է ԲՀԿ-ն՝ 19․55, «Լույս» դաշինքը՝ 19․24, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 16․07։



**«Երկիր մեդիայի»** եթերում վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակից օգտվել է 5 քաղաքական ուժ․ ԲՀԿ-ն՝ 46 րոպե, «Լույս» դաշինքը՝ 17 րոպե 54 վայրկյան, ՕԵԿ-ը՝ 12․57, ՀՅԴ-ն՝ 12․48, եւ «Ժառանգություն» կուսակցությունը՝ 2 րոպե 29 վայրկյան։ Լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակով առաջատար է «Լույս» դաշինքը՝ 172 րոպե 9 վայրկյան, ապա «Հայկ» (Հայկազուններ) կուսակցությունը՝ 146 րոպե 35 վայրկյան, որից հետո՝ ԲՀԿ-ն՝ 129 րոպե 57 վայրկյան։ «Քաղաքական հաղորդում՝ որպես այդպիսին, «Երկրի հարցն» է եղել, որտեղ այնպես դասավորեցի, որ բոլոր 12 քաղաքական ուժերն էլ հնարավորություն ունենան մասնակցել։ Բացի «Իմ քայլից», մնացած բոլորը մասնակցել են, այսինքն՝ նրանք տեւական ժամանակ ձգձգեցին, վերջում իրենց ցուցակի 2-րդ համարը եկավ մեզ մոտ հյուր։ Ունենք նաեւ «Երկրի հյուրասրահը», որտեղ գրեթե բոլոր կուսակցությունների ավագանու թեկնածուները տարբեր ձեւաչափերով մասնակցել են, գումարած լրահոսը»,- ասում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար **Գեղամ Մանուկյանն** ու հավելում, որ դժվարություններ առաջանում են հիմնականում պասիվ կուսակցություններին ներկայացնելիս, քանի որ պարտավորություն ունեն հավասար լուսաբանել․ «Երբ կա կուսակցություն կամ դաշինք, որ գրեթե ոչինչ չի անում, շատ դժվար է։ Դա փորձում ենք այլ կերպ փոխհատուցել՝ հարցազրույցի ֆորմատով»։



**«Արմենիա» հեռուստաընկերության** եթերում «Իմ քայլը» դաշինքը (45.26) եւ ԲՀԿ-ն (24.12) ամենաշատն են օգտվել վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակից։ Լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակում ամենաքիչ ժամանակը հատկացվել է «Երեւանի հանրություն դաշինք»-ին՝ 3 րոպե 32 վայրկյան, եւ Ռեֆորմիստների կուսակցությանը՝ 5 րոպե 9 վայրկյան։ Առաջատար են «Իմ քայլը» (20.18) եւ «Լույս» (19.58) դաշինքները եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը (19.59)։



**«Շանթ» հեռուստաընկերության** հեռուստածրագրերում վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակից ամենաշատն օգտվել են «Իմ քայլը» դաշինքը (44.41) եւ ԲՀԿ-ն (24.22): Լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակում առաջատար են «Լույս» դաշինքը (47.07) եւ ԲՀԿ-ն (47.04)։



**«Կենտրոն» հեռուստաընկերության** եթերում վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակից ամենաշատն օգտվել է հենց ԲՀԿ-ն՝ 116 րոպե 47 վայրկյան, «Իմ քայլը» դաշինքը՝ ոչ մի րոպե։ Այնուհանդերձ, լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակով «Իմ քայլը» դաշինքն ամենաշատն է լուսաբանվել՝ 265 րոպե 46 վայրկյան։ Այնուհետեւ հաջորդում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ գրեթե նույն տեւողությամբ, ապա՝ «Երեւանցիներ» դաշինքը՝ 234, «Հայկ» (Հայկազուններ) կուսակցությունը՝ 229, եւ 221 րոպե՝ ԲՀԿ-ն։ «Կենտրոնի» եթերում իր հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում Անժելա Թովմասյանը հյուրընկալել է բոլոր 12 քաղաքական ուժերին․ «Բոլորն էլ եղել են, որեւէ խնդիր չի եղել, ուղղակի «Իմ քայլի» դեպքում ես ուզում էի ցուցակի 1-ին կամ 2-րդ դեմքը գար, բայց ուղարկեցին 3-րդին։ Մնացած քաղաքական ուժերի դեպքում գրեթե բոլորի դեպքում էլ եղել են առաջին դեմքերը, բացառությամբ Ռեֆորմիստների, որ եկել էր կուսակցության նախագահը»։ Թե որ քաղաքական ուժի եւ գործչի հաղորդումն է իր ռեյտինգով ամենաբարձրը եղել, Անժելա Թովմասյանը նշեց, որ դեռ եթեր չեն գնացել ավագանու ՕԵԿ եւ ԲՀԿ առաջին դեմքերի հաղորդումները, բայց մինչ այս նկարահանված հաղորդումների մեջ ամենադիտելին եղել է Արարատ Զուրաբյանի հետ հաղորդումը, իսկ նրանից հետո՝ Զարուհի Փոստանջյանինը։



**«Արարատ» հեռուստաընկերության** եթերում վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակով (46 րոպե) առաջատար է ԲՀԿ-ն լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակով՝ «Երեւանցիներ» դաշինքը՝ 30 րոպե 39 վայրկյան, դարձյալ հաջորդում է ԲՀԿ-ն՝ 29 րոպե 49 վայրկյան։



**Հ 3-ի** եթերում թե՛ վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակով՝ 48․40, թե՛ լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակով՝ 350 րոպե 11 վայրկյան, առաջատար է ՕԵԿ-ը։



**Հ 2-ի** եթերում ԲՀԿ-ն առաջատար է թե՛ վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակի մեջ՝ 43․27, թե՛ լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակում՝ 50․16։ Իսկ «Արմնյուզ», «Ա TV» հեռուստաընկերությունների եթերից քաղաքական ուժերն ամենաքիչն են օգտվել։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**