Բանակները չեն հաղթում և պարտվում, հաղթում ու պարտվում են ժողովուրդները և պետությունները

Բանակները չեն հաղթում և պարտվում, հաղթում ու պարտվում են ժողովուրդները և պետությունները
Երկար դարեր հետո առաջին անգամ հայ ժողովուրդն իր փոքրաթիվ նվիրյալ քաջորդիների հերոսական մաքառման ու արյան գնով պաշտպանեց իր պատմական իրավունքն ու Արցախի հողը հայրենի։ 4 միլիոնանոց Հայաստանի բնակչության 30-40 հազար ներկայացուցիչ զենք վերցրին ու պայքարեցին` հաղթանակ շնորհելով հայությանը։ Իսկ ի՞նչ է այսօր կատարվում հասարակական գիտակցության եւ հասարակական բարոյականության մեջ։



Չեմ ուզում քննարկել ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսային գաղտնալսման միջադեպը, բայց այն, որ նրանք քամահրական տոնայնությամբ էին խոսում գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի մասին, արդեն իսկ խոսում է իշխանության մոտեցման ու արժեհամակարգերի մասին։ Հերոս մարտական գեներալների մասին խոսում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արցախյան պատերազմի տարիներին թաքնված են եղել, եւ անգամ բանակի ծառայությունը նրանց արժեհամակարգին հարիր չի եղել։ Իսկ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որ Ստեփանակերտի խորհրդային բանակի գումարտակի հրամանատարն էր, թողեց իր պաշտոնը, միացավ Արցախում կռվող հայկական ուժերին, կորցրեց ոտքը եւ կերտեց այնպիսի փայլուն հաղթանակներ, որոնցից են Շուշին, Դրմբոնը, Ֆիզուլին եւ այլն։



Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, լինելով խորհրդային բանակի հրետանային բրիգադի հրամանատար, թողեց գեներալական պաշտոնը եւ մեծ ներդրում ունեցավ արցախյան հաղթանակի եւ բանակի կայացման գործում։ Հայաստանի անկախ պետության սահմանապահ զորքերի կայացումը գեներալ Խաչատուրովի մեծագույն գործերից մեկն է։ Ես անձամբ տեսել եմ նրան 1992 թվականի դեկտեմբերին Կապանի օպերացիայի ժամանակ․ նա ռազմաճակատի հրամանատար էր եւ նա էր Սիսիանի, Արաբոյի, Էջմիածնի, Կապանի եւ սահմանապահ վաշտերի առաջնորդող հրամանատարը։ Եվ այսօր այս փառապանծ գեներալների մասին խոսում են այնպիսի տոնով, կարծես գործ ունեն ապազգային հանցագործների հետ։ Այո, մարդիկ սխալական են, եւ եթե որեւէ գեներալ, անկախ իր ունեցած ներդրումից ու դիրքից, կատարել է հանցագործություն, պետք է պատասխան տա, սակայն բոլոր գործընթացները պետք է լինեն օրենքի խստագույն պահպանմամբ եւ չվիրավորեն մարդու արժանապատվությունը։ Եվ բանակից փախածները ոչ թե հերոսների ճակատագիրը պետք է որոշեն քամահրական հեռախոսազրույցներով, այլ լրջագույն փաստերի համադրմամբ՝ օրենքի շրջանակում։



Արցախյան ազատամարտի օրերին իր հրամանատարական ունակությամբ եւ հերոսությամբ փայլել է Սիսական ջոկատի մարտական հրամանատար Աշոտ Մինասյանը, ով առաջինն էր մտել Լաչին, ով առաջինն էր ճեղքել Կուբաթլուի հակառակորդի պաշտպանությունը, առաջինն էր ջախջախել Քալբաջարում գործող թշնամու խմբավորումը եւ 1992 թվականի հունիսին Մարտակերտի Դրմբոն գյուղի մոտ հաղթական ճակատամարտով կանգնեցրել հակառակորդի հարձակումն ու ստիպել նրան նահանջել։ Աշոտ Մինասյանը՝ որպես Գորիսի բրիգադի հրամանատարի մարտական գործողությունների գծով տեղակալ, փայլուն կերպով կազմակերպել է Հորադիզ-Ֆիզուլի ռազմաճակատի պաշտպանությունն ու մարտական գործողությունները եւ մշակելով շատ հմուտ մարտական գործողություն՝ ազատագրել է Խուդաֆերինը։ Եվ այս փայլուն հրամանատարին ազատեցին ՊԵԿ համակարգում զբաղեցրած պաշտոնից, որովհետեւ նա «չէր համապատասխանում հեղաշրջման բարոյականությանը», անկեղծ կլինի ասել՝ անբարոյականությանը։



Կարելի է բազում օրինակներ բերել։ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի գործիչները, որոնք տարբեր հիվանդությունների պատճառներով խուսափել են հայոց բանակում ծառայելուց, հանրային իրենց ելույթներում անընդհատ նշում են, որ բանակը կոռումպացված է, որ հայոց բանակի սպաները եւ գեներալները հեղինակազրկում են բանակը։ Եթե մեր բանակի սպաները եւ գեներալներն այդքան վատն են, այդ ինչպե՞ս է, որ Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն մեր պետական բյուջեից մեծ է, չի կարողանում հաղթել մեր բանակին։ Մի՞թե այս մարդիկ չեն հասկանում, որ այդ նույն գեներալների եւ սպաների շնորհիվ է, որ հայոց բանակի մարտական պատրաստությունն անթերի, բարձր մասնագիտական աստիճանի վրա է։ Երբ բանակում չծառայած, աթոռից աթոռ ցատկոտած Վիգեն Սարգսյանը մարտական գեներալ Բաղմանյանին վիրավորեց որպես պարտականությունները թերի կատարողի եւ ազատեց պաշտոնից, ես այն ժամանակ ասացի, որ Բաղմանյան Հայկազն այն պրոֆեսիոնալ սպան էր, որ ավտոմատը ձեռքին ազատամարտիկների առջեւից առաջինն էր նետվում հակառակորդների խրամատների վրա, եւ նա է մշակել ու իրականացրել տասնյակ խոշոր մարտական օպերացիաներ։ Այսօր նորերն են, վիրավորելով բանակն ու բանակի սպայական կազմին, անդառնալի հարված հասցնում երկրի պաշտպանունակությանը եւ բանակի մարտունակությանը։



Աշխարհում ոչ մի գործող բանակ չի հաղթում եւ չի պարտվում, հաղթում ու պարտվում են ժողովուրդները եւ պետությունները, եւ եթե գեներալ Մանվել Գրիգորյանին շինծու մեղադրանքներով կալանավորում են, ով Ապրիլյան պատերազմի օրերին 2 հազար ազատամարտիկների հետ առաջինը հասավ օգնության եւ իրավիճակը փոխեց հօգուտ հայկական ուժերի, ապա պարզ երեւում է, որ ոչնչացվում են բանակն ու արցախյան հաղթանակի հոգեբանությունը՝ որպես հասարակական, համազգային գործոն։ Նոր իշխանություններին թվում է, որ կարող են հասարակության հոգուց ու մտքից հանել ազգային վեհ նպատակը՝ փոխարենն այնտեղ տեղավորել աղանդավորամիասեռական սորոսյան գաղջ ու ազգակործան երեւույթները։ Սակայն նրանք պետք է հասկանան, որ իրենց նմաններն անցողիկ են։ Դեռեւս 1,5 տարի առաջ ես իմ ելույթում ասել եմ, որ Սերժ Սարգսյանի գործունեությունը վտանգավոր է մեր պետության համար, սակայն չէի կարող մտածել, որ նրան փոխարինած իշխանությունը կլինի այսքան պոպուլիստ ու ազգակործան։



Արցախյան պատերազմում հաղթանակած ավագ եւ բարձրագույն սպայական կազմի անունից լիազորված եմ հայտարարել, որ այս կիսատ-պռատ, բանակի ու պետության հզորությունը վտանգող իշխանությունը եթե չսթափվի, ապա մենք շատ բան կկորցնենք, որը երբեք չի ներվի նրանց։ Հայը պատմության մեջ Նեմեսիս իրականացրել է ոչ միայն թուրքի, այլեւ ներքին դավաճանների դեմ։



**Վոլոդյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ**



_Պատմաբան, հասարակագետ, գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից_