Ռ․ Քոչարյանի պաշտպանները կանգնելու են անլուծելի խնդիրների առջեւ

Ռ․ Քոչարյանի պաշտպանները կանգնելու են անլուծելի խնդիրների առջեւ
_Hraparak. am-ի հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։ _



**-Դուք եղել եք ԳԽ եւ ԱԺ պատգամավոր, Մաքսային վարչության պետ։ Հիշո՞ւմ եք, որ նախկինում գաղտնալսվեին բարձրաստիճան պաշտոնյաները։ Առհասարակ՝ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ պետք է իրականացվեն, որպեսզի պաշտոնյային չգաղտնալսեն։**



-Այդ մասին ինձ հայտնի է եղել այն ժամանակ, երբ 1995-ի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց Ս.Սարգսյանը, որն իր աշխատակիցներից պահանջել էր դոսյեներ ստեղծել բոլոր միջին ու խոշոր գործարարների եւ պետական բարձր ու միջին պաշտոնյաների վրա: Անկեղծ ասած, գաղտնալսման այն ժամանակվա նորագույն սարքերի Հայաստան մուտքի վերաբերյալ ես իմացել եմ 1993-1994-ին, որոշ չափով բռնագրավել ենք, բայց վստահ չեմ, թե կարողացել ենք ամբողջականորեն վերահսկել դրանց օրինական եւ անօրինական մուտքի ճանապարհները: Գաղտնալսման մասին այն ժամանակ հայտնի էր դառնում խոսակցությունների մակարդակով եւ հիմնականում խոսքը հեռախոսային գաղտնալսման մասին էր: Ձեր հարցի վերջին բաղադրիչի մասին. Եթե Ձեզ անձամբ չճանաչեի կհամարեի, որ դա սադրանք է: Գաղտնալսման հնարավորությունների դեմ միջոցառումները նույնպես գաղտնի են պահվում, ինչպես գաղտնալսում կատարելը: Եւ ընդհանրապես ՝ ինչպես գողության նոր ձեւերն ու միջոցներն են թելադրում դրանց դեմ պայքարի նոր ձեւերի եւ միջոցների զարգացումը, այնպես էլ գաղտնալսումների նոր ձեւերն ու միջոցներն են թելադրում դրանց հաղթահարման ձեւերի ու միջոցների հայտնաբերումը:



**-ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը հետաձգվում է։ Հնարավո՞ր է, որ կառավարությունը կորցնի հանրային վստահության որոշակի պաշար՝ դաշտը թողնելով իշխանատենչությամբ տառապող որոշ ուժերի։**



-Ավելի ճիշտ՝ ձգձգվում է: Դա ես համարում եմ անթույլատրելի եւ վտանգավոր նոր իշխանության համար: Սպասենք անցումային արդարադատության ձեւավորմանը, որը կարող է այս իրադրությունը փոփոխել եւ հիմքեր ստեղծել արտահերթ ընտրությունների առաջնահերթ անցկացման համար: Բայցեւ աչքաթող չպետք է անել այն հանգամանքը, որ հակահեղափոխական բացահայտ եւ քողարկված ուժերը ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ այլոք, հենվելով փոխադարձ գաղտնի պայմանավորվածությունների, ռուսամոլ զանգվածի, պետբյուրոկրատիայի մեծ մասի եւ ռուսական իշխանությունների աջակցության վրա, կարող են որեւէ պահի խռովություն բարձրացնել երկրում, որը չափազանց վատ կազդի ներհայաստայան եւ արցախյան զարգացումների վրա: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները լավատեսության նշույլ իսկ չեն թողնում: Իրադրության նման զարգացման դեմն առնելն իրատեսական է, բայց պետք է հասկանալ, թե ինչից սկսել, հասկանալ, որ յուրաքանչյուր հաղթական հեղափոխության առաջնակարգ խնդիրը ինքնապահպանումն է, իր իշխանության ամրապնդումը: Այստեղ պատահականություններ չեն լինում, ժամանակն էլ շատ թանկ է:



**-Մարտի 1-ի բացահայտման հարցում ի՞նչ արդյունքների ենք հասել, ըստ Ձեզ։**



-Կարծում եմ, որ դրա կապակցությամբ առաջին շտապողական եւ լավ չնախապատրաստված քայլից հետո ՀՔԾ-ն ներկայումս միանգամայն ճիշտ ուղու վրա է: Ակնհայտորեն այս անգամ Քոչարյանի դատապաշտպանները անլուծելի խնդիրների առջեւ են կանգնելու, քանի որ դատարան ներկայացվող մեղադրանքը մեկ էպիզոդով չի պարփակվելու:



**-Հետեւո՞ւմ եք Երեւանի ավագանու ընտրություններին։ Առաջիկայում այդ ընտրությունների արդյունքում ձեւավորվող խճանկարը որքանո՞վ կարող է նոր քաղաքական համակարգ ձեւավորելու նախադրյալներ ստեղծել։**



-Երեւանի ավագանու ընտրությունը հեղափոխության հաղթանակից հետո առաջին լուրջ ճակատամարտն է լինելու իշխանության եւ ներկա ընդդիմության միջեւ: Պետք է ժողովրդին հասու դարձնել այն, որ խառնիճաղանջ ավագանու ընտրությունը, մեղմ ասած, անգործունակության է մատնելու քաղաքապետարանին, ինչը ծառայություն է մատուցելու հակահեղափոխությանը: Ես կոչ եմ անում Երեւանի բոլոր ընտրողներին՝ ակտիվորեն մասնակցել ընտրությանը եւ քվեարկել "Իմ քայլը" դաշինքի օգտին: Դրանով կընդլայնվեն եւ կամրապնդվեն մեր համաժողովրդական հեղափոխության կարողությունները:



Թագուհի Հակոբյան