Արցախի նախագահը կանցնի՞ իր բաժին քավարանով

Արցախի նախագահը կանցնի՞ իր բաժին քավարանով

Հետպատերազմյան մեկ տարում ի սկզբանե իշխանության սատարումը վայելող եւ այդ գնով լռության ուխտ պահող բարձաստիճան պաշտոնյաներն աստիճանաբար զոհաբերվում են։ Դա տեղի ունեցավ Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Արա Այվազյանի եւ այլոց, հիմա էլ՝ Արայիկ Հարությունյանի հետ։ Նրա դժգոհության նոտան հայաստանյան իշխանությանը, սակայն, ամենեւին չպետք է ստվերի սեփական պատասխանատվության ահռելի բեռը։ Արցախի նախագահին չափից դուրս շատ ուղղվելիք հարցեր կան, այնպես որ՝ թող անտեղյակ կամ անկարեւոր դերակատարում ունեցող պաշտոնյայի դերակատարում չստանձնի։

Արայիկ Հարությունյանը պետք է պատասխանի, թե ինչո՞ւ էր պատերազմից ամիսներ առաջ հավաստիացնում, որ Արցախի օդը փակ է, եթե դա այդպես չէր։ Ինչո՞ւ էին մեր ինժեներաամրաշինական կառույցները, խրամատները անբավարար, հաճախ՝ անմխիթար վիճակում, երբեմն անգամ բետոնապատ չէին։ Ինչո՞ւ էր զինվորի գլուխը բաց, ո՞ւր էին պաշտպանական միջոցները, ինչո՞ւ հակաօդային պաշտպանությունը չաշխատեց։ Թե՞ առաջնագծում խմած սուրճի լուսանկարը բավարար էր զինվորի ոգու ամրապնդման համար։ Ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ էին պատերազմի նախօրեին թաշկինակի արագությամբ փոխվում պաշտպանական շրջանների եւ կարեւորագույն գնդերի հրամանատարները։

Ինչո՞ւ էին Արցախի իշխանություններն իրենց ընտանիքներին, ի տարբերություն առաջին պատերազմի, տարհանել Ստեփանակերտից, ինչո՞ւ էին խրախուսում նաեւ քաղաքացիական բնակչության տարհանումը՝ շատ հաճախ կեղծ խուճապ տարածելով։ Պատերազմի վերջին փուլում Ստեփանակերտը քաղաք-ուրվականի էր վերածվել, պարզ է, որ դա սարսափելի հոգեբանական ազդեցություն էր թողնում նաեւ զորքի վրա։ Ինչպե՞ս հնարավոր եղավ Ջրականի բնագծի ճեղքումն ու խոր թիկունք ներթափանցումը, ինչո՞ւ չկասեցվեց հարձակումն Արաքսի հովտում, ինչո՞ւ ինժեներատեխնիկական արգելափակոցներ չկային դեպի թիկունք։

Երբ անօդաչուների երամների գրոհները թուլանում էին, ինչո՞ւ մեր հրետանին բեկում չէր մտցնում պատերազմի ընթացքում։ Իբր փրկված 35 հազար զորքից 500 հոգի պայմանագրային զինծառայող չգտնվե՞ց՝ կազմակերպելու Շուշիի պաշտպանությունն ընդդեմ թշնամական հատուկ ստորաբաժանումների։ Ինչո՞ւ շատ զինվորներ անգամ չհասցրին մեկ գնդակ կրակել, թիրախավորվեցին դիրքերում՝ չնահանջելով։ Անզեն աչքով էլ պարզ է, որ մեր խրամատներում հսկայական ձագարափոսերն առաջացել են արկերի պայթյունից, տղաներն էլ զոհվել են՝ նույնիսկ մարտի չնետված։ Ինչո՞ւ նահանջելիս զորքը չի ականապատել մոտեցող թշնամու ճանապարհը։ Ինչո՞ւ Ստեփանակերտը Երեւանին չառաջարկեց հերթական հրադադարը կնքել՝ կապիտուլյացիայի փոխարեն։

Ի վերջո, ինչո՞ւ էր հետպատերազմյան իր առաջին ուղերձով Արայիկ Հարությունյանը դավաճան կարգում բոլորին՝ բացի իրենից ու Փաշինյանից, ինչո՞ւ էր հերոսացած զինվորների եւ ազատամարտիկների, իրենց կյանքը պատվով զոհասեղանին դրած տղաների սխրանքը նսեմացնում՝ փոխանակ ընդունելու, օրինակ, Երեւանի ու Ստեփանակերտի արտաքին քաղաքականության անճարակությունը։ Ինչո՞ւ էր լռում, երբ իբր ռազմական անվտանգության նկատառումներով Փաշինյանը քաղաքացիական բախումներ էր հրահրում Երեւանում։ Թե՞ այդ ժամանակ կարծում էր, որ ՀՀ վարչապետն իրոք հայրենասեր, սկզբունքային, ազնիվ մարդ է, իսկ ահա ֆեյսբուքյան վերջին ասուլիսը պատռեց նրա դիմակը։

Դեռեւս մի կողմ օդում կախված այն լուրերը, որ Արայիկ Հարությունյանը մինչեւ պատերազմը վաճառել էր թշնամուն անցած տարածքներում գտնվող իր ձեռնարկությունները։ Ամենամեծ հարստահարողին անգամ կարելի է ներում գտնել, բայց ազգուրացին ու դավաճանին՝ երբեք։ Հետեւաբար՝ Արցախի դեռեւս գործող նախագահը պետք է կողմնորոշվի՝ հրապարակո՞ւմ է ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվությունը պատերազմի դավադիր ընթացքի մասին, թե՞ շարունակում է մնալ ռեժիմի խոնարհ սպասարկուն՝ քաղհալածյալի կարգավիճակից խուսափելու համար։

Դավիթ Սարգսյան