Թոխմախի Մհերն ընդամենը ուզեցել է «կոմպրոմիս անի»

Թոխմախի Մհերն ընդամենը ուզեցել է «կոմպրոմիս անի»
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, թե տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարարն ու ԱԺ նախկին պատգամավորը չարաշահումներ են թույլ տվել։ Կա հարուցված քրեական գործ, որից ՔԿ հաղորդագրությունից, սակայն, պարզ չի հասկացվում, թե ինչ չարաշահումներ են թույլ տվել նախկին պաշտոնյաները։ Տարածված հաղորդագրությունից հասկացվում է միայն, որ վարկային կազմակերպության սեփականատերերի վեճի մասին է խոսքը, սեփականատերերից մեկը գումար է շորթել, բացի դրանից, փաստաթղթեր կեղծելով՝ քաղաքացու հաշվից կես միլիոն դոլար հանել եւ այլն։ ՔԿ-ն հաղորդում է, որ տվյալներ են ձեռք բերվել կատարված առերեւույթ հանցավոր դրսեւորումներին նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչության վերաբերյալ։ Մասնավորապես՝ «Ցուցմունքներում՝ որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի, մատնանշվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ. Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ դեպքերի վերաբերյալ»։



Մեզ չհաջողվեց կապ հաստատել Գագիկ Բեգլարյանի հետ, փոխարենը Մհեր Սեդրակյանը հայտնեց, որ քրգործը հարուցվել է դեռեւս ամիսներ առաջ, ինքը գործի հետ կապ ունի այնքանով, որ ցանկացել է հաշտեցնել կողմերին, ստանալ «քցվողի» գումարը, ավելին՝ ամիսներ առաջ հարցաքննվել է վկայի կարգավիճակում․ «Ես ընդամենը ուզեցել եմ կոմպրոմիս անեմ, էս կնիկը գալիս էր ջանուջիգյարով խոսում էր, դե, աշխատում էի մի քիչ էլ իր օգտին լուծել, ասում էի՝ երեւանցի ա, էնի՝ ամերիկացի, ո՞վ կպատկերացներ, որ կգնար իմ դեմ ցուցմունք կտար»։



Սեդրակյանն ասաց, որ Բեգլարյանն էլ է նույն առնչությունն ունեցել, եթե Սեդրակյանին հարցաքննել են, ապա, նրա խոսքով՝ Բեգլարյանին չեն կանչել հարցաքննության։ Պատմությունը եղել է այսպես․ վարկային կազմակերպության բաժնետերերից մեկը՝ Իրինա անունով արաբկիրցի մի կին, ըստ տեղեկությունների, «քցել» է գործընկերոջը։ Իրինան մեծ վարկեր է ձեւակերպել իր հարազատների, ամուսնու անունով՝ դրանց դիմաց անհամապատասխան, ցածրարժեք գրավ ներկայացնելով։ Մոտավորապես 200-300 հազար դոլարանոց գրավի դիմաց 20 հազար դոլարանոց անշարժ է գույք գրավադրել, մոտ 2-3 մլն դոլարի չափով վնաս է պատճառել սեփական ընկերությանը, որի ֆինանսական ներդրողն ամերիկահայ բաժնետերն է եղել։ Ինչպես նաեւ փաստաթղթերի կեղծմամբ գումար է հանել վերջինիս բանկային հաշվեհամարից։ Երբ ամերիկահային բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողացել օգնել՝ հետ ստանալու գումարը, ընդ որում՝ Բեգլարյանից ու Սեդրակյանից բացի գործին խառնվել է նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանը, վարկային կազմակերպության «քցված» բաժնետերը՝ ամերիկացին, որոշել է իրավապահ մարմինների միջոցով հարցին լուծում տալ։ Գործ է հարուցվել Իրինայի նկատմամբ, նրա ողջ ունեցվածքի վրա կալանք է դրվել, կինն էլ իր ցուցմունքներում հնչեցրել է Բեգլարյանի ու Սեդրակյանի անունները։ Սեդրակյանը, սակայն, վստահեցրեց, որ տիկնոջ բաժնեմասը շորթելու լուրերն ապատեղեկատվություն են։ Ի դեպ, տիկինը ոստիկանության միջին կալիբրի պաշտոնյաներից մեկի բարեկամն է։



Մեզ չհաջողվեց պարզել ո՛չ տիկնոջ անունը, ո՛չ տվյալները, որպեսզի լսեինք նաեւ նրա վարկածը։ Հուսանք՝ առաջիկայում այդ հնարավորությունը կունենանք։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**