Սևանի հարցը թողած՝ Դեն Բիլզերյան ենք քննարկում ազգովի

Սևանի հարցը թողած՝ Դեն Բիլզերյան ենք քննարկում ազգովի
Մեծագույն զավեշտ է, երբ մեր կարևորագույն խնդիրները թողած, ինչ-որ Դեն Բիլզերյան ենք քննարկում ազգովի: Մեր բանբաս-նյուզ լրատվականները ու հեռուստաընկերությունները, իրենց արժեհամակարգին հարազատ, Դենին են ցույց տալիս ու նրա, նրա սիրուհիների և ունեցվածքի մասին են գրում ու խոսում: ԱԺ-ում Սևանի հարցն էր դրված երեկ, բայց դե թողած Բիլզերյանին այդ մանրուքի վրա մեր բանբաս-մասմեդիան հո ուշադրություն չէ՞ր դարձնի, թքած Սևանի վրա էլ, նրա մասին մտահոգ մարդկանց վրա էլ:



Ինչևէ, զավեշտն այնքան խորացավ այս երկու օրերի ընթացքում՝ կապված այդ կիսախելագարի այցի հետ, որ մեր հեռուստաալիքները սկսեցին մեծ ոգևորությամբ ցույց տալ այդ ընկերոջը ՊՆ-ին պատկանող ուղղաթիռով վոյաժներ անելուց և ինչ որ զենքերից կրակելուց` չհասկանալով, որ իրենք փաստորեն իրենց տեսախցիկներով սովորական հանցագործություններ են արձանագրել, ու դա քիչ չի, մի բան էլ ուրախ և զվարթ տարածում են դա մամուլով ու հեռուստաեթերով: Բանն այն է, որ Հայաստանում, նաև Արցախում, քաղաքացիները ազատ զենք կրելու իրավունք չունեն, այդ թվում նաև նորաթուխ քաղաքացի Բիլզերյանը: Միայն այն մարդիկ կարող են զենք կրել, որոնք պետության կողմից գրանցված են որպես որսորդ, և իրավունք ունեն կրել որսորդական զենք, բայց մեր նորաթուխը բոլոր մեր հեռուստաընկերությունների տեսախցիկների ներկայությամբ կրակում էր այնպիսի զենքերից, որոնք միայն ՀՀ ՊՆ-ի կամ էլ Ոստիկանության Ներքին Զորքերի զինանոցներում պիտի լինեն, ուրիշ ոչ մի տեղ:



Սա նշանակում է, որ այդ պետական կառույցների ղեկավարները չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, զենքեր են տրամադրել այդ նորաթուխ քաղաքացուն, իսկ եթե այդպես չի, ուրեմն Հայաստանում կան մարդիկ, որոնք անօրինական կերպով այդպիսի զենքեր ունեն, ու, առանց օրենքից մազաչափ անգամ վախելալու, դրանք հանգիստ տրամադրում են Դեն-ին, որպեսզի վերջինս դրանցից կրակի՝ ի ցույց ամբողջ աշխարհի:



Այսինքն այս երկրում անօրինական պահվող զենքեր հանձնելը միայն Շմայսի՞ն էր վերաբերում: Կամ, հարգելի լրագրողներ ջան, երբ հիացմունքով հետևում էիք, թե ոնց է այդ ընկերը երկնքում վոյաժներ կատարում ՀՀ ՊՆ-ին պատկանող ռազմական ուղղաթիռով, ձեզ մոտ հարց չէ՞ր առաջանում, թե ով է թույլ տվել նրան անել դա, գուցե մեր ՊՆ-ին պատկանող ուղղաթիռներն արդեն սկսել են կոմերցիոն թռիչքնե՞ր կատարել, այո՞, իսկ եթե ոչ, ապա այն վառելիքը, որ այդ ուղղաթիռը ծախսեց տվյալ մարդուն Արցախ հասցնելու համար, որը գնված էր ՀՀ քաղաքացիների մուծած հարկերով, մեր ՊՆ պաշտոնյաները կփոխհատուցե՞ն իրենց գրպանից, կամ ինչու՞ պիտի մեր զինծառայողները իրենց ծառայության գրաֆիկը փոխեին հանուն ինչ որ նորաթուխ քաղաքացու քմահաճույքները կատարելու։ Դա ի՞նչ է՝ մեր երկրի պաշտպանությանը ինչ որ կերպ միտված գործողությու՞ն էր: Կարծում եմ այս բոլոր հարցերին անձամբ Պաշտպանության նախարար Տոնոյանը պիտի պատասխանի: Սա երկի՞ր է վերջապես, թե՞ մենք հրաշքների կղզի Չունգա-Չանգա-ում ենք բնակվում, բայց տեղյակ չենք դրա մասին:



**Թորոս Ալեքսանյան**