ՀՀԿ-ն «զադնի» է դնում

ՀՀԿ-ն «զադնի» է դնում
Դեռ օգոստոսի 20-ին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ, անդրադառնալով երկրում ստեղծված «մտահոգիչ» իրավիճակին, նշել էր, թե նախատեսում է հանդիպումներ հանրապետության նախագահի, վարչապետի, մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ հարցերը: Երեկ տեղի է ունեցել վարչապետ-ԱԺ նախագահ հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունն աչքի է ընկնում ուշագրավ ընդգծումներով։ Մի կողմից ԱԺ ՀՀԿ-ական խոսնակը հակադրվել է Փաշինյանի մոտեցումներին, մասնավորապես նշելով, որ «Անկախ քաղաքական հայացքներից՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք», «օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպետք է խաթարվի»։ Իսկ անցումային արդարադատություն ձեւավորելու մասով՝ «արդարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել», այդուհանդերձ, որոշ հարցերում գնացել է կոմպրոմիսի՝ «եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն անցումային արդարադատության ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը»: Ի դեպ, օգոստոսի 20-ի իր հայտարարության մեջ Բաբլոյանն անցումային արդարադատության մասին կարծիք հայտնելիս Փաշինյանի հայտարարությունը գնահատել էր՝ «այդ թեզի ներքո ներկայացվեց օրենքներին հետադարձ ուժ տալու հակաիրավական ակնարկ»։



Մյուս կողմից՝ Բաբլոյանը դեմ չէ Փաշինյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին՝ համաձայնելով, որ «արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով»։ Ստացվում է՝ Բաբլոյանին մտահոգողը ոչ թե Փաշինյանի առաջարկների բովանդակային մասն է, այլ վարչապետի ոճը, խոսելաձեւը, ինչը մեկ շաբաթ առաջ Բաբլոյանը դատապարտել էր՝ ասելով, թե անթույլատրելի է «սպառնալիքի եւ ճնշման ներքո» ԱԺ-ում որեւէ հարցի շուրջ ցանկալի արդյունքի հասնելը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի առաջարկի հիմքում ընկած էր Սահմանադրությունը փոխելու գաղափարը, սակայն քաղաքացիների համապատասխան քանակի ստորագրություններով դիմումի հիման վրա՝ ԱԺ-ի կողմից իրականացվող։ Միայն վերապահում ունի, որ դա արվի ոչ թե քաղաքացիների դիմումի, այլ հանրաքվեի միջոցով։



Դեռեւս պարզ չէ, թե Արա Բաբլոյանի օգոստոսի 20-ին արտահայտած մտահոգությունների վերաբերյալ ինչ կարծիք ունեն նախագահականում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ Արա Բաբլոյանի հետ հանդիպելու եւ բարձրացված հարցերը քննարկելու առաջարկ եղե՞լ է, եւ ինչպիսի՞ն է Սարգսյանի կարծիքն այդ հարցերի վերաբերյալ։ Նախագահի օգնականը խոստացավ ավելի ուշ պատասխանել, իսկ ավելի ուշ ոչինչ չասող հաղորդագրություն տարածեցին․ «Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետեւում եւ իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության եւ դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունը, հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի եւ քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար: Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի եւ ԱԺ նախագահի հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ: Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետեւողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով եւ արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա մշակույթ»:



Արա Բաբլոյանը ցանկացել էր հանդիպել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին։ Երեկ տեղեկացանք, որ հրավերը դեռ չի ուղարկվել, առաջիկա օրերին կուղարկվի բոլորին։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի խոսնակն էլ հայտնեց, որ ԱԺ նախագահի Չեխիա կատարած այցից առաջ ՄԻՊ-ի եւ Բաբլոյանի միջեւ քննարկում է եղել, պայմանավորվել են Բաբլոյանի վերադառնալուց հետո հանդիպել, սակայն օրը կոնկրետացված չէ։