Մասնակցում ենք Փաշինյանի հանրահավաքին

Մասնակցում ենք Փաշինյանի հանրահավաքին
Մինչեւ մարդկային խմբերի հանրահավաքի տանելու որոշում կայացնելը երկար մտածել եմ: Ոչ մի կերպ չէի կողմնորոշվում` ստանձնե՞լ այդպիսի պատասխանատվություն, չստանձնե՞լ: Դժվար գործ է, գիտե՞ք: Բուն ասելիքը, իհարկե, Նիկոլն է ասելու, բայց երբ դու ստանձնում ես ինքնաբուխ կազմակերպչի դեր, արդեն իսկ պարտավորվում ես մարդկանց բան ասել, բացատրել, թե ինչու ես իրենց կանչել՝ երբ կարող էին հետեւել նաեւ բազմոցին պառկած` համակարգչով:



Երբ «Ֆեյսբուքում» կարդացի, որ այս հանրահավաքին «ոչխարահավաք» անունն են դրել, քիչ էր մնում վերջնականապես հրաժարվեի մարդկանց կազմակերպելու մտահղացումից: Բայց հետո հավաքեցի ինձ ու ասացի` ո՞նց թե «ոչխարահավաք», էս ո՞ւմ տեղն են ուզում դնել մեզ: Վատ չէր լինի, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքեր վերոչակերտյալ որակմանը: Դա բավականին կհեշտացներ իմ գործը, բայց, հավանաբար, ժամանակ չի գտնում: Ոչինչ, ես կօգնեմ նրան եւ հանրահավաքի օրն այնպես կկազմակերպեմ միտինգավորներին, որ ոչ միայն ֆեյսբուքյան թամաշայի սիրահարները, այլեւ Փաշինյանը եւ նրան կրնկակոխ հետեւող ոստիկանությունը կզարմանան:



Եվ ուրեմն` երեւանցիները հրապարակի կենտրոնը չեն զբաղեցնում, որովհետեւ այնտեղ բեռնաթափվելու են հեռավոր մարզերից ժամանած ավտոբուսները: Եթե չեմ սխալվում, այդ օրվա մեխը հրապարակում բացվելիք սեղանն է լինելու, որի վրա շարվելու են հայկական հողի բարիքները` բերված ընդհուպ Մեղրիից: Առաջարկում եմ` այս հատվածի կարգուկանոնը համակարգի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Ճիշտն ասած` չգիտեմ, թե ինչպես կընդունվի հանրահավաքի բուն կազմակերպիչների կողմից, բայց ես կառաջարկեի նաեւ Սյունիքի Շուռնուխ գյուղին առանձին տաղավար հատկացնել, որտեղ կցուցադրվեն այն բահերը, փոցխերն ու եղանները, որոնցով գյուղն «ինքնապաշտպանական» կռիվներ մղեց գիտեք ում դեմ:



Բազմամարդ հավաքներ կազմակերպելը քաղաքական մտքից զատ նաեւ շնորհք է պահանջում: Այսինքն՝ պիտի կարողանաս այնպես անել, որ մարդիկ անշնորհք բաներ չանեն` հայհոյանք, քաշքշուկ, տուրուդմփոց: Սա միայն ոստիկանության գործը չէ, այլեւ՝ կազմակերպչի: Եվ, ուրեմն, մինչեւ Նիկոլին բերելը հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին պետք է դասավորած լինենք ըստ նրանց միջեւ ատելության եւ անհանդուրժողականության չափաբաժնի: Այսինքն՝ ինչքան ատելությունը մեծ է տվյալ 2 խմբի միջեւ, այնքան նրանց միջեւ եղած տարածությունը պետք է մեծ լինի: Ենթադրենք, Շուռնուխի տաղավարը տեղադրում ենք հրապարակի գորգի մեջտեղում: Բնական է, որ սեռական փոքրամասնությունները ոչ միայն առանց դրոշի պետք է գան հանրահավաքի, այլեւ տեղակայվեն հրապարակի մատույցներում, ասենք` Ամիրյան, Աբովյան, Նալբանդյան, Վազգեն Սարգսյան, Տիգրան Մեծի փողոցների սկզբնամասերում: Չնայած այս զգուշավորությանը, պետք է ապահովել Երեւանի կենտրոնից նրանց անարգել փախուստի ուղիները եւ համապատասխան քարտեզներ բաժանել, որ հետո չասեն` մինչեւ ոստիկանությունը հասա՛ա՛ա՛վ…



Ոչ անհայտ Զոյա Թադեւոսյանի հայտարարություններից եւ Երեւանում հոսանքի անոմալ անջատումներից հետո ռիսկային գոտում է հայտնվել նաեւ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսն ամեն տեղ հնչեցնող քաղաքացիների խումբը: Բայց ես մի լավ բան եմ մտածել նրանց համար: Ասում եմ` պապիին բազկաթոռի մեջ, իր կողմնակիցներով, տեղավորենք Պատմության թանգարանի երկրորդ հարկում, որպեսզի միայն այդ ոլորտով հետաքրքրվողները մոտենան: Լավ գաղափար է, երեւի Լիլիթ Մակունցին ՖԲ-ով կգրեմ այդ մասին:



Հրապարակի կենտրոնի եւ պապիի հարցը կարգավորելուց հետո, բնական է, պետք է մտածել հրապարակի ներսի շրջագծով մարդկանց տեղակայելու մասին: Բայց մինչ այդ, Ճանապարհային ոստիկանությունը պետք է միջանցք ապահովի, որպեսզի «սիգնալ» տվող ավտոները կարողանան Աբովյան փողոցից մտնել հրապարակ, շրջան կատարել եւ Նալբանդյան փողոցով բարձրանալ Թումանյան փողոց, ապա այնտեղից կրկին Աբովյանով իջնել հրապարակ: Սա` հեղափոխության օրերի մթնոլորտն ապահովելու նպատակով:



Իսկ հիմա` մայթերը: Արտգործնախարարության նախկին շենքի առջեւ նստարաններ ենք դնում, որ այնտեղ հավաքվեն թոշակառու միտինգավորները` տատիկներ, պապիկներ: Գոնե այդպես պետք է շահել նրանց սրտերը, որովհետեւ դեռ ոչ մի համաշխարհային առաջնորդի չի հաջողվել 100 օրում կենսաթոշակ ավելացնել կամ կոմունալ ծախսեր թեթեւացնել: Նստարանների միջեւ պետք է անցուդարձ անեն ՀՀ առաջին փոխվարչապետի քարոզիչները, խոսեն այն քայլերի մասին, որոնք կառավարությունը ձեռնարկել է արդեն այս գարնանը ներդրումներ բերելու եւ մինչեւ կանաչի դուրս գալը թոշակները բարձրացնելու համար:



Ես իմացել եմ, որ Նիկոլ Փաշինյանի եւ Վալերի Օսիպյանի համատեղ նոու-հաուի պատճառով հասարակական նոր խումբ է հայտնվել Հայաստանում: Դա վարորդների խումբ է, որ ինքնաբուխ միացել է հեղափոխությանը, բայց փոխհատուցում չի ստացել իր մեքենան վնասելու համար: Նրանք իրենց «խաբված վարորդներ» են անվանում: Նրանց համար սկզբունքն ավելին է, քան այն մի քանի հազար դրամը, որ պետք է ստանային որպես փոխհատուցում: Փաշինյանն ու Օսիպյանը հրաժարվում են նրանց պարտքը վերադարձնել, ինչը նույնն է, թե հրաժարվում են իրենց իսկ որոշումն իրականացնելուց: Անցյալ օրն այս խմբի ներկայացուցիչներից մեկի հետ էի խոսում: Դառնացած նետեց, թե իշխանություններն իրենց շլանգի տեղ են դնում արդեն: Ես կառաջարկեի այս խումբը տեղակայել «Մարիոթի» մայթին:



Վազգեն Սարգսյան փողոցի մուտքերին, ինչպես նաեւ Լենինի արձանի նախկին վայրում աշխատանքները կարող է համակարգել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Այդ հատվածը ԿԳ-ի հետ կապ չունի, ճիշտ է, բայց հայտնի է որպես տակից խոտ-մոտ ծախողների, նաեւ հանրապետության հյուրերի եւ Երեւան ժամանած տուրիստների համար աղջիկ-մաղջիկ դասավորողների հավաքատեղի: Կարծում եմ` Արայիկ Հարությունյանը, որ հասկացել է սփյուռքահայերի երջանիկ լինելու գաղտնիքը, կկարողանա հանրահավաքի ծանր գործը համադրել հաճելի քարոզչության հետ: Հասանք կենտրոնական փոստի շենք: Մայթի այս հատվածը պետք է 2 մասի բաժանել` մինչեւ դալանը եւ դալանից հետո: Մինչեւ դալանն ընկած հատվածը պետք է տրամադրել արեւածաղկի սերմեր, լոտո, բրդուճ, կարկանդակ վաճառողներին: Սա մանր ու միջին բիզնեսի շարժիչ ուժն է: Նրանց այդ օրը ցուցադրաբար պետք է ազատել բոլոր հարկերից եւ պատասխանատվությունից, որպեսզի հանրահավաքի մասնակիցների սպասարկումը լինի բարձր մակարդակի վրա: Այստեղ պետք է տեղակայվեն նաեւ շտապօգնության մեքենաները, որ լավ տեսնեն Նիկոլ Փաշինյանի ցույց տված ուղղությունը եւ ժամանակին բուժօգնություն հասցնեն: Ինչ վերաբերում է փոստի շենքին, ապա այդ մասում կարելի է տեղակայել հնարավորինս անտարբեր, իրադարձություններին մեծ կրքով չվերաբերվող մարդկանց: Փոստը, ամեն դեպքում, պետք է ուժեղ հսկողության տակ լինի: Ռադիոյի գրավումը հիշո՞ւմ եք, փոստը հենց այդպիսի կարեւոր նշանակության օբյեկտ է:



Հասանք կառավարության շենքին: Այստեղ մեր քաղաքացիներին ըստ խմբերի տեղակայելու դժվարություն չկա ընդհանրապես: Հրապարակի այս հատվածը հայտնի է որպես տարին տասներկու ամիս բողոքողների հավաքատեղի: Մարդիկ արդեն ըստ պատուհանների գիտեն, թե որը որ պաշտոնյայի կաբինետն է: Այդքանից հետո էլ, զարմանում ես, դեռ հետեւի մուտքից ծլկող պաշտոնյաներ կան: Կարծում եմ` հանրահավաքի օրը հոծ խմբերով այստեղ կգան հայ օդաչուները, էլիտար շենքերի խաբված «բնակարանատերերը», բնակարանները կորցրած Երեւանի կենտրոնի բնակիչները, «Սասնա ծռերի» մնացորդացի համար ազատություն պահանջողները, ցմահ դատապարտվածների հարազատները, չի բացառվում` նույնիսկ պետական հիմնարկների նախկին աշխատողները, որոնք մնացել են առանց աշխատանքի` նոր կառավարիչների զանգվածային կադրային ջարդերի արդյունքում:



Եվ վերջում` հարթակի մասին: Տակավին հայտնի չէ` այդ օրը Փաշինյանը սափրվա՞ծ կլինի, թե՞ մորուքով: Խոսակցություններ կան, որ կարող է նույնիսկ ուսապարկով գալ, որ հրապարակից հեռանա, եթե այն դատարկ լինի: Չարժի, պարոն Փաշինյան, որովհետեւ ես արդեն հոգացել եմ, որ հրապարակում լիքը մարդ լինի: Կարելի է նույնիսկ սափրված գալ եւ դրանով ազդարարել հեղափոխության նոր փուլի սկիզբը: Ո՞ւմ կբարձրացնի Փաշինյանը հարթակ, չեմ կարող ասել: Միայն ենթադրում եմ, որ, ի թիվս այլոց, հարթակին կլինի նաեւ Հայկոն` Երեւանի ապագա քաղաքապետը՝ ըստ «ՔՊ» եւ «ՖԲ» էյֆորիկ ընտրազանգվածի: Ես հասկանում եմ, որ շոշափելի ազդեցություն չեմ կարող ունենալ հարթակի կազմի ընտրության հարցում, բայց վատ չէր լինի, եթե հարթակն էլ առնվազն փոստի շենքի չափ անվտանգություն ունենար: Վարչապետի համար «շատյոր» կապել, չգիտեմ, արժե՞, թե՞ չարժե: Երեւի նա բացօթյա ավելի լավ կնայվի: Սա իմ կարծիքն է: Ու մեկ էլ փուչիկներ չպետք է լինեն, մինչեւ չիմանանք, թե այս օրերին ինչով է զբաղված Կարեն Ավագյանը:



Առայժմ՝ այսքանը: Ավելի ուշ, երբ Նիկոլ Փաշինյանը կոնկրետացնի, թե ինչ է խոսելու, մենք էլ կխոսենք այն մասին, թե ինչպիսի ռեակցիաներ է պետք սպասել վարչապետի այս կամ այն հայտարարության ժամանակ: Բայց ինչ էլ լինի, սիրելի հարսա… ներողություն, հանրահավաքավորներ, բոլորս, լսո՞ւմ եք, բոլորս պարտավոր ենք առաջնորդվել «թողենք աշխատեն» մարդասիրական մոտեցումով:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**