Մանվել Գրիգորյանի վիճակը օր օրի վատանում է․ պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ

Մանվել Գրիգորյանի վիճակը օր օրի վատանում է․ պաշտպանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արայիկ Ալվանդյանը՝ նշելով, որ Վճռաբեկը դեռ չի արձագանքել։



Պաշտպանը նաեւ նշեց՝ նայելով պրակտիկային դժվար էլ թե Վճռաբեկը վարույթ ընդունի։



Անդրադառնալով դատարանի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննությանը՝ պաշտպանը նշեց՝ Գրիգորյանին այսօր հետազոտել են․ «Այսօր դեռ նոր նայել են։ Օր օրի վատ է վիճակը, ոչ թե պաշտպանն եմ դրա համար եմ ասում, այլ օր օրի վիճակը վատ է։ Պայմանները նորմալ են, մեկուսարանի հետ կապված խնդիր չկա, դեղեր, սրսկումներ, բայց դե դա մասնագիտական մոտեցում չէ»։



Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:



Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։



**Աննա Պապիկյան**