Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել Ֆրանսիան և Ադրբեջանը

Ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել Ֆրանսիան և Ադրբեջանը
«Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ելիսեյան պալատում Մակրոն-Ալիեւ բանակցությունների ավարտին կողմերն ստորագրել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, Ֆրանսիայի Տիեզերական ուսումնասիրությունների ազգային կենտրոնը եւ Ազերկոսմոս բաց բաժնետիրական ընկերությունը համաձայնագիր են ստորագրել տիեզերական համագործակցության մասին, իսկ Ադրբեջանի Ազալ ավիաընկերությունը եւ Thales ընկերությունը՝ հուշագիր: Նախատեսվում է, որ ֆրանսիական ընկերությունը պետք է արդիականացնի Հեյդար Ալիեւի օդանավակայանի ռադիոլոկացիոն համակարգը:



Նույն ընկերությունը կիրականացնի նաեւ Հեյդար Ալիեւի օդանավակայանի կիբերանվտանգության ապահովումը: Այլ փաստաթղթերի մասին տեղեկատվություն չի տարածվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ NAVAL ռազմական նավաշինական ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ Ալիեւի բանակցությունները, որի մասին ավելի վաղ խանդավառությամբ տեղեկացրել էր ադրբեջանական մամուլը, հաջողությամբ չեն պսակվել: Այդուհանդերձ, տիեզերական ուսումանսիրությունների ոլորտում համագործակցության մասին կողմերի համաձայնությունը զգուշանալու տեղ թողնում է: Ֆրանսիան Ադրբեջանին տեխնիկական աջակցություն է ցուցաբերել արհեստական արբանյակ գործարկելու հարցում:



Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ այդ արբանյակն օգտագործվում է հիմնականում ռազմա-հետախուզական նպատակներով: Եթե Ֆրանսիան շարունակում է Ադրբեջանին աջակցել տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում, ուրեմն անուղղակի նպաստում է նրա ռազմա-հետախուզական հնարավորությունների մեծացմանը: Իսկ դա իր հերթին չի կարող չանդրադառնալ ԼՂ հակամարտության գոտում ուժերի հարաբերակցությանը: