Աստված՝ տիեզերքի վարչապետ

Աստված՝ տիեզերքի վարչապետ
Եկեք պատկերացնենք, որ տիեզերքը պետության տարածք է։ Աստված օրենքներ է գրել՝ կատարելով վարչարարական գործը նաեւ։ Այնտեղ էներգիայի պահպանման օրենքն ապահովում է տիեզերքի բյուջեի դեբետ-կրեդիտը։ Հետո Աստված պլանավորել է կյանքը եւ, բնականաբար, նպատակաբանել այն։



Իսկ ո՞րն է կյանքի իմաստը։ Կյանքի իմաստը, իհարկե, մարդու բանականության արգասիքն է՝ նրա բնազդային, հոգեւոր ու մտավոր բաղադրիչը, այսինքն՝ մարդու ներդրումն Աստծո աշխարհում։ Մարդկային ցեղը բաժանվել է ազգերի։ Ազգերը ձգտել են ունենալ իրեց լեզուն, մշակույթը, ապրելու տարածքները եւ հիմնադրել են պետություններ՝ իրենց ինքնությունը պահպանելու համար։



Ո՞ր ազգերն արդեն չկան եւ ինչո՞ւ չկան։ Պատճառները բազմազան են, բայց պատճառների պատճառը, պատմական հեռավորությունից երբ նայում ենք, անջնջելի ուրվագծեր ունի։ Պատմաբաններին դիմելու բան էլ չի մնացել՝ մեր պատմությունը մեր արյան մեջ է, եւ այն մեզ ասում է, որ այդ պատճառն աշխարհում ազգային հարմարվողականությունն է, որն էլ ընկած է գոյության պայքարի հիմքում։



Ազգային հարմարվողականություն։ Սա բոլորովին էլ կենսաբանական հասկացություն չէ, սա նույն ազգային քաղաքականությունն է՝ մեր աքիլեսյան գարշապարը։ Եվ այսօր ինչո՞ւ դրանով զբաղվելը, մեր ժողովրդի քաղաքական զարթոնքից հետո վստահել այն գործիչներին, որոնց հետագիծը մաքուր չէ, որոնք արդեն բազմիցս հուսախաբ են արել մեզ։ Որտեղի՞ց պեղենք ազգասեր ու ազգանվեր մարդիկ։ Ինչպե՞ս հայ ժողովրդի կամքն ու նպատակներն արտածենք մեր ազգային քաղաքականության մեջ։ Թվում է՝ շա՛տ դժվար է։ Ես հեռվից եկա, որ ասեմ՝ Աստված բոլորին է անխտիր օգնել, բայց քչերն են նրան լսել։ Աստծո օրենքները բնության համար են, իսկ մենք բնության մասն ենք կազմում։



Մի՛ ստիր։ Մի՛ գողացիր...։ 1700 տարի առաջ սա հասկանում էինք, երբ ոչ մի տեղ գրված չկար, հիմա չե՞նք հասկանում, երբ մեր սարերից էլ շատ եկեղեցիներ ունենք, ու մեր թագավորները երդմնակալության ժամանակ իրենց ձեռքը դնում են Ավետարանի վրա։ Այո, հենց այդպես, հատկապես մինչթավշյաները, որոնք երդմնակալությունից հետո, Ավետարանը թողած՝ թղթադրամներ են թերթել միայն ու՝ «Ինչքա՞ն ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսնեց էս հողին»։



«Ամուր եկեղեցի՝ ամուր պետություն»-ն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի վերջին կարգախոսներից է։ Ռոդենն իր «Մտածողը» քանդակով, երեւի, Ա․ Բաղդասարյանի կերպարն է փորձել մարմնավորել։ «Ամուր եկեղեցի՝ ամուր պետություն»․ լավ կարգախոս է, ոչինչ, գինով կուտվի, բայց որ քաղաքական Հուդայի բերանով է ասվում...։ Միայն մի բան կարելի է հաստատ ասել, որ ընտրություններին առաջ վազող մեր «կերկոխ» եղած քաղաքական գործիչներից շատերը գաղափարական բաջանաղներ են։ Նրանց վերարտադրությունը մեր ետթավշյա քաղաքականության մեջ մտահոգիչ է։ Նրանց կարգախոսները, մեծ հաշվով, մի բանաձեւ ունեն՝ բոլորս վերցնենք ցնցուղները եւ ջրենք աշխարհի բոլոր անապատները։ Մտահոգությունս մտահայեցողական չէ, այլ պատճառահետեւանքային է։ Պարզ է, որ նրանց նպատակային լսարանը բարեփոխումների սպասող ժողովուրդն է, իսկ քաղաքական թիրախը՝ պետական կերակրատաշտը։



Մենք հիմա ինչո՞վ ներկայանանք աշխարհին։ Մեր քրգործերի նոր մատենաշարո՞վ։ Ո՞ւր են այն արժեքներն ու արժանիքները, որոնց համար աշխարհը մեզ հետ կուզենա սեղան նստել։ Վատիկանում Նարեկացու արձանը դրեցինք։ Միլիարդների մեջ լողացող մեր կաթողիկոսն ու Սերժը տարան՝ Սերժի բոյին մի կտոր քարի վրա Նարեկացու արձանը «կանգնեցրին»։ Նարեկացու տիեզերական մեծությունը, բնականաբար, երկրային փոքրությունները չէին կարող տեսնել։ Տարեք մեր «ռազմարդյունաբերության» վերջին ճիչը՝ անօդաչու թռչող սարքը, ցուցադրեք աշխարհին, որ բոլորն ասեն՝ այդ խաղալիքից մեր մոտ թափված է։ Այ մարդ, տանկերի վառելիքը գողանում են պատերազմի ժամանակ, իսկ ընտրությունների ժամանակ ասում են, որ պատրաստվում են հինգհարկանի տանկեր արտադրել ու ռազմական գերտերություն դառնալ։ Սերժի աջ թեւը հանդիսացող գեներալը եռագույնով ծածկել էր «տուշոնկաները», զինվորներն անհաց ու ջուր էին մնացել պատերազմի դաշտում։ Երեկվա Սերժ խաղացնողներն այսօր նոր կարգախոսներ են մտածել, նոր Հայաստան են ուզում «կառուցել»։



Սա ո՞ր դարն է, որ մենք մեր հույսը դնենք մեր եկեղեցու վրա։ Եկեք հիմա էլ խաչքարերի ետեւում չթաքնվենք։ 90-ականներից ի վեր մեր եկեղեցին այնքան գումարներ է տեսել, որոնցով կարելի էր եւս մեկ բանակ պահել՝ իր ռազմական «թաշախուշտով»։ Եթե այդ ժամանակաշրջանում կառուցված եկեղեցիների փոխարեն մեր սպայակազմի ու պայմանագրային ծառայողների համար կառուցվեին բնակարաններ, այսօր մենք ուրիշ լեզվով կխոսեինք Ադրբեջանի հետ։ Եկեք մեր արարքներով քրիստոնյա լինենք, ոչ թե քրիստոնեություն ցուցադրենք։ Մենք էլի եկեղեցիներ կկառուցենք, եթե աղոթողները խոպանից վերադառնան։



ՀՀ նախկին ղեկավարները եկեղեցուց դուրս չէին գալիս, երբ տեսնում էիր` մոմ էին վառում իրենց խանումների հետ։ Տեսանք, թe դրանք ինչ քրիստոնյաներ են եղել ու քանի անմեղ մարդու արյուն են թափել։



Հիմա` Նիկոլ Փաշինյանի մասին։ Նա իր խմբագրած «Հայկական ժամանակ» թերթը, առաջին համարից սկսած, ժողովրդի խոսափողն է դարձրել։ Ով ինչ ուզում է, թող ասի։ Նա այն քաղաքական գործիչն է, որի սիրտն ու հոգին եկեղեցի է։ Իսկական քրիստոնյա է՝ ապրում է ժողովրդի համար։ Նա ոչ մի բանով չգայթակղվեց, անցավ կյանքի բոլոր փորձությունները, արժանապատվորեն տարավ ազատազրկումն ու բոլոր հալածանքները, ամեն ինչ անում է հայ ժողովրդի ազգային իղձերի իրականացման համար։ Խոսում ենք մեր ազգային արժեքներից։ Կտեսնեք, որ մի գեղեցիկ օր նրան իր անցած քաղաքական այսպիսի ուղու համար Նոբելյան մրցանակի են արժանացնելու։ Անկախ նրանից, թե աշխարհն ինչպես կընդունի նրան, նա հայ մեծերի մեջ իր ուրույն տեղն ունի։ Ես շատ կուզեի, որ Երեւանում նրա նկարը նույնպես փակցված լիներ հայ մեծերի նկարների կողքին։ Հայ ժողովուրդը պետք է նրան արժանին մատուցի եւ այդ գիտակցումով օգնի՝ իրականացնելու իր բոլոր ծրագրերը, որպեսզի մենք վերականգնենք անցյալ երեսուն տարիների ընթացքում կատարված մեր բոլոր քաղաքական ու տնտեսական բացթողումները եւ կարողանանք համաչափ քայլել աշխարհի հետ։ Մենք նրա նման ազնիվ, ժողովրդահպատակ ու պետականապաշտ ղեկավար հորիզոնում չենք տեսնում։ Այսօր հույսը դնել ուրիշի վրա, գայթակղվել նրանց նախընտրական ոսկե սարերով՝ մեզ վրա թանկ է նստելու, եւ Աստված մեզ չի ների։



**Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



**«Գրավիտոն» ՍՊԸ տնօրեն**