«Հյուսիս-հարավի» մասին՝ «Հյուսիս-հարավի» վրա

«Հյուսիս-հարավի» մասին՝ «Հյուսիս-հարավի» վրա
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը երեկ բացառիկ «ակցիա» իրականացրեց՝ լրագրողներին տարավ «Հյուսիս-հարավի» Թալինի հատված, որտեղ վերջանում է Տրանշ 2-ն ու սկսվում Տրանշ 3-ը։ Շինարարները կազմ-պատրաստ՝ մեզ էին «դիմավորում», ամեն ինչ պատշաճ տեսքի էր բերվել։ Տրանսպորտի նոր նախարարի խորհրդական է նշանակվել Արթուր Առաքելյանը, ով Գագիկ Բեգլարյանի ժամանակ տրանսպորտի եւ կապի փոխնախարարն էր։ Վահան Մարտիրոսյանի օրոք Առաքելյանը դուրս եկավ աշխատանքից, Աշոտ Հակոբյանի օրոք՝ վերադարձ։ Նախարարը երկար-բարակ ելույթ ունեցավ, լրագրողներին գրեթե հարց չմնաց տալու։ Անդրադարձավ չարաշահումների թեմային։



Գագիկ Բեգլարյանին, իհարկե, չանդրադարձավ, բայց թափանցիկ ակնարկներ արեց։ «Ես չեմ ուզում անդրադառնալ, թե մինչ այսօր կատարված աշխատանքների շրջանում հափշտակություններ եղե՞լ են, թե՞ ոչ, դա իմ լիազորություններից դուրս է, դրանով այսօր զբաղվում են իրավապահները, եւ կարծում եմ՝ նրանք այդ իրավախախտումները, եթե այդպիսիք եղել են, կբացահայտեն»,-ասաց նա՝ խոստանալով օժանդակել իրավախախտումները վեր հանելու հարցում։



**Աշոտ Հակոբյանը** մանրամասն ներկայացրեց, թե որքան գումար է տրամադրվել օտարերկրյա բանկերից, ինչ աշխատանք է կատարվել, ինչ է մնացել։ Բայց չկարողացավ որոշակի պատասխան տալ ծրագրի ապագայի մասին․ դեռ հարավի՝ Սիսիան-Քաջարանի հատվածը, որն ամենաբարդն է, չունի ֆինանսավորում։ Հետեւաբար, դժվարացավ նշել՝ մեր թոռները կտեսնե՞ն այս ճանապարհը կառուցված, թե՞ ոչ։ Միայն մի բան հստակ նշեց, որ ծրագիրը կշարունակվի, կատարվածից հետ կանգնելը նաեւ մեծ ֆինանսական կորուստներ է ենթադրում։



Հարցրինք նախարարին՝ իր առջեւ ի՞նչ առաջադրանք է դրվել մինչեւ իր պաշտոնավարման ավարտը։ «Ինժեներական կազմում, շինարարական կազմում բավականին փոփոխություններ են կատարվել, ներկա պահին տեխնիկան են ավելացնում, որպեսզի մենք կարողանանք նոր թափ հաղորդել, եւ ոչ մեկն էս ծրագրից, առայժմ համենայնդեպս ես, իմ գործունեության՝ Ձեր ասած ժամանակահատվածում տենց պլաններ չունեմ, որ կարող է էսօր էս ծրագիրը համարենք, որ ինքն անիմաստ է, եւ հետ կանգնենք էդ ծրագրից»,- ասաց Հակոբյանը։



Ելույթ ունեցավ նաեւ ճանապարհային որակի հսկողությունն իրականացող «Սաֆեր» կազմակերպության աշխատախմբի ղեկավար **Բրոնիսլավ Դիմիտրեւիչը**։ Նա էլ երկար-բարակ պատմեց, թե ինչ թերություններ են հայտնաբերել, ինչ ճաքեր են եղել, ինչպես են դրանք լցրել՝ թերությունների «մեղքը» բարդելով Հայաստանի բարդ ռելիեֆի վրա։ Հարցրինք՝ ի վերջո այդ բոլոր թերությունների պատասխանատուն ո՞վ է՝ կապալառո՞ւն, վերահսկո՞ղը, թե՞ նախարարությունը՝ հավանական չարաշահումների հանգույն։ Ինչո՞ւ պիտի Հայաստանում նման խոշոր ֆինանսական ներդրումներով կառուցվի վատորակ ճանապարհ, միջազգային հեղինակավոր շինարարական կազմակերպություննե՞րը (իսպանական, չինական) պրոֆեսիոնալ չեն, թե՞ Հայաստանին լուրջ չեն վերաբերվում, մտածում են, թե մեզ այսքանն էլ հերիք է։ Դիմիտրեւիչը նախ ռիսկային համարեց մեր հարցադրումը եւ չհամաձայնեց, որ ճանապարհի որակը լավը չէ։ Ապա համեմատական անցկացրեց ճանապարհի եւ հիվանդ մարդու միջեւ՝ ակամա խոստովանելով, որ իրենք ի սկզբանե «հիվանդ» ճանապարհ են «ծնել»։ «Երբ մարդը հիվանդ է, նա պետք է լաբորատոր փորձաքննություններ անցնի, նույնն էլ ճանապարհի դեպքում է»,- ասաց նա։



Մեղավորների վերաբերյալ էլ ասաց․ «Ճիշտ է, իմ ելույթի մեջ ես նշեցի որոշ կետեր, որոնք չեն համապատասխանում պայմանագրի կետերին, բայց համոզված եղեք՝ դրա պատճառը ո՛չ պատվիրատուն է, ո՛չ ինժեները։ Սա մեր բոլորի խնդիրն է»։ Նրա խոսքով՝ ստանդարտները, որ նախատեսված են եղել ծրագրի համար ի սկզբանե, չեն համապատասխանել հայաստանյան պայմաններին, եւ իրենք բազմաթիվ այլ ստանդարտներ են փորձարկել, մինչեւ որ գտնեն Հայաստանին հարմար տարբերակը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**