Քաղաքացու սոցիալական խնդիրների լուծումը ենթադրում է աշխատանք

Քաղաքացու սոցիալական խնդիրների լուծումը ենթադրում է աշխատանք
Թավշյա հեղափոխության աներկբա հաղթանակը յուրատեսակ սպասողական իրավիճակ ստեղծեց սոցիալական ամենատարբեր խնդիրներ ունեցող շահառուների շրջանում: Նույնիսկ պաշտոնական տվյալներով հայտարարված՝ աղքատության, գործազրկության, հաշմանդամության մակարդակները ենթադրում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ և եղանակներ: 90-ական թվականնների սկզբից առ այսօր այդ խնդիրների լուծումը, քիչ բացառություններով, ըստ էության էական փոփոխությունների չի ենթարկվել, չնայած դրան միտված պետական միջոցների հատկացումը մշտապես աճել է:



Իրականացված ոլորտային ռազմավարությունները և քաղաքականությունները որոշակի իրավիճակային լուծումներ ապահովել են: Խնդիրը կիրառված ռազմավարությունների, քաղաքականությունների կամ ֆինանսական հատկացումների չափի մեջ փնտրելը այնքան էլ արդարացված չէ: Գրեթե երեք տասնամյակ սոցիալական հարցերի լուծման հիմքում դրված է սոցիալական որոշակի շերտերի խմբավորման մոտեցումը: Հաստատվել են որոշակի չափորոշիչներ, որոնց համապատասխանել են մարդիկ՝ իրենց ունեցած սոցիալական խնդիրներով: Այդպես ձևավորել ենք որոշակի սոցիալական խմբեր՝ աղքատներ, գործազուրկներ, հաշմանդամներ, տարեցներ, պետության խնամքին հանձնված շահառուներ, անօթևաններ, մանկատան սաներ, պետական նպաստառուներ, կենսաթոշակառուներ: Ամենևին էլ չանտեսելով որոշակի հատկանիշներով և առանձնահատկություններով ձևավորված այս և նմանատիպ սոցիալական շերտերի հետ իրականացված աշխատանքի կարևորությունը, պետք է ընդունել, որ բավարար կարևորություն չի տրվել կոնկրետ սոցիալական խնդիրներ ունեցող շահառուին, խնդիրներ, որոնք երբեմն կարող են լինել յուրօրինակ:



Պետության կողմից իրականացված սոցիալական քաղաքականությունը հիմնականում թիրախավորել է սոցիալական խմբերին, սոցիալական շերտերին և սոցիալական ամբողջությանը: Նման պայմաններում հնարավոր չէ բավարար ուշադրություն հատկացնել կամ ապահովել կոնկրետ սոցիալական շահառուին, խնդիր ունեցող քաղաքացուն, անհատին: Սոցիալական ծառայություններ մատուցող պետական կառույցների կողմից խնդիր ունեցող քաղաքացիների սոցիալական կարիքների գնահատման ուղղությամբ ձեռնարկված քայլերը լիարժեք չեն եղել: Այդ քայլերը չեն հանգեցրել հիմնավոր արդյունքների, որովհետև կանխորոշված չեն եղել իրականացվող քաղաքականությունների և ռազմավարությունների վերջնանպատակը, այն է ՝ շահառուի սոցիալական վերաինտեգրումը կամ ինտեգրումը հասարակություն՝ չբացառելով այդ հնարավորությունների բացակայության դեպքում՝ պետության խնամքի կարևորությունը շահառուների համար:



Ոլորտային քաղաքականության եվրոպական մի շարք երկրների փորձը համոզում է, որ սոցիալական պրոբլեմներ ունեցող քաղաքացու խնդիրների լուծման համապարփակ մոտեցումը առավել արդյունավետ է նաև ֆինանսական առումով: Քաղաքացու սոցիալական խնդիրների լուծումը ենթադրում է աշխատանք, որը միտված է նրա առողջության վերականգմանը, մասնագիտական նոր հմտությունների ձեռքբերմանը, ընտանիքի և շրջապատի հետ խաթարված սոցիալական կապերի վերականգմանը, աշխատանքի տեղավորմանը և այլն: Անշուշտ մեր կառավարությունը, ի դեմս կառավարման ոլորտի լիազոր մարմինների, չի կարող միանգամից լուծումներ գտնել կուտակված ոլորտային խնդիրների համար: Այս առումով շատ կարևոր է նույն եվրոպական երկրների մոտեցումը սոցիալական խնդիրների լուծման առաջնահերթություններին. ցանկացած սոցիալական խնդիր ենթադրում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման համակարգի համահավասար մասնակցություն: Խնդրի լուծման անհրաժեշտ օպերատիվ միջամտության դեպքերում անպայմանորեն կատարվում է վերահաշվարկ՝ կատարված ծախսերի 50%-ի հատուցմամբ: Փաստարկը, որ մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինները լիովին կայացած չեն, ընդունվում է միայն այսօր: Ոլորտային քաղաքականությունների և ռազմավարությունների մշակումը մշտապես միտված է ապագային, այդ թվում նաև՝ ամենամոտ:



**Ձոնիկ Մարգարյան**