Որպես ստեղծագործող՝ ինձ ապահով չեմ զգում

Որպես ստեղծագործող՝ ինձ ապահով չեմ զգում
**Հնագետ, հեղինակ կատարող**



**Արմինե Հայրապետյան-ի խոսքը**



**«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած**



**«Մշակույթ-արվեստ-պետություն. պահանջարկ-առաջարկ» թեմայով հանդիպում-քննարկմանը**



Ես մշակութաբանության ամբիոնի դասախոս եմ. որքան էլ ոմանց համար նորություն լինի, այդպիսի ամբիոն ունենք, որտեղ ուսանողներն ուսումնասիրում են բազմաթիվ ուղղություններ՝ թե նյութական մշակույթի շերտերը, և թե ժամանակակից մշակույթի ուղղությունները, թե մշակույթի պատմություն և թե մշակութային քաղաքականություն: Իբրև նման հաստատության աշխատակից և սրտացավ մարդ այդ ուսանողների համար՝ պիտի նշեմ, որ իմ ուսանողներն այսօր ակտիվորեն ներգրավված չեն մշակութային գործընթացներում: Մենք, փաստորեն, ունենք մշակութաբան-ուսանողներ, որ պատրաստվում են նաև պետության միջոցներով, սակայն նրանց ներուժը չի կիրառվում:



Մենք ունենք մի տիեզերք, որ մշակույթն է, և ես չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր չափորոշիչներ դնել, որ պարզ լինի, թե ինչպես են մարդիկ այստեղ իրար հետ մրցելու, մրցակցելու: Ինձ համար անհասկանալի է, թե մենք ինչ չափորոշիչներով ենք ուղղորդվելու: Ի վերջո, արվեստը չի կարող վանդակված լինել, և շատ հաճախ ստեղծագործողները դուրս են մղվում որևէ միության, կազմակերպության, կուսակցության շարքերից միայն այն բանի համար, որ իրենք ազատ ստեղծագործեն: Որովհետև արվեստը չի կարող գոյություն ունենալ քառակուսի վանդակների մեջ: Եվ հիմա հարցն այն է, թե արդյո՞ք մեր մշակույթի նկատմամբ պետության վերցրած ուղղությունը նախատեսում է այդ տիեզերքը տեղ հասցնել, թե՞ նա ուղղակի պիտի չափորոշի, թե ինչ պիտի մենք կատարենք: Հիմա խնդիրն այն է, թե պետությունն ինչպես պիտի կողմնորոշվի՝ ինչ է առաջարկում, ինչ պիտի ժողովուրդը լսի, ինչ պիտի դիտի, և ինչպես պիտի դրա հետ գործ ունենա:



Հասկանալի է, որ բոլոր հարցերի պատասխանը ստանալ հնարավոր չէ, բայց հաշվի առնենք, որ մենք մի կողմից ունենք շատ փխրուն սուբստանց, որին կեղտոտ ձեռքերով, նախանձոտ մտքերով մոտենալ չի կարելի, մյուս կողմից ունենք կարգավորման խնդիր: Կարծում եմ՝ այդ ադմինիստրատիվ կառույցները գոյություն ունեն հենց դրա համար, որպեսզի մարդը՝ քանդակագործը, նկարիչը, երաժիշտը, կարողանա իր ստեղծածը հանել ցուցադրության: Ի վերջո ստեղծագործությունը ներկայացնելը նման է այն պահին, երբ դու քո երեխային առաջին անգամ հասարակության մեջ ես տանում. տանում ես վախով՝ ինչպես կվերաբերվեն, արդյոք չեն փշրի, արդյոք չեն կոտրի:



Հենց այս առումով՝ ես որպես ստեղծագործող՝ ինձ ապահով չեմ զգում: Ես այսօր շատ խիստ կասկածում եմ՝ արժե արդյոք կիսվել իմ ստեղծագործություններով, թե առավել ճիշտ է դրանք ներկայացնել ավելի մտերմիկ պայմաններում: Դրանով էլ պայմանավորված է այն, որ ակումբային հանդիպումները՝ սեղմ պայմաններում հանդիպումները, շատ ավելի տարածված են, քան հրապարակայինները:



Ինչևէ, ուզում եմ նշել, որ եթե կա մի այսպիսի կառույց՝ մշակույթի նախարարությունը, միգուցե այն կարող է մտածել, թե ինչ եղանակներով ստեղծագործություն հանրայնացնի, և մեզ էլ իրազեկի, թե մշակութային քաղաքականությունն ինչպես կարող է իրականացվել:



«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»