Ինչպես ազատ արձակել Շանթ Հարությունյանին․ պարզաբանում է փաստաբանը

Ինչպես ազատ արձակել Շանթ Հարությունյանին․ պարզաբանում է փաստաբանը
2013 թ․ նոյեմբերին Երեւանի կենտրոնում «Արժեքների հեղափոխություն» իրականացնելու պատճառով վեց տարով ազատազրկված Շանթ Հարությունյանը թավշյա հեղափոխությունից երկու ամիս անց էլ շարունակում է մնալ անազատության մեջ։ Շանթ Հարությունյանը ժամանակին, 2008թ․, Նիկոլ Փաշինյանի հետ մեղադրվում էր հայտնի «Յոթի գործով»․ նրանք Մարտի 1-ին միասին եղել էին Մյասնիկյանի արձանի մոտ, ժողովրդի կողքին, երբ իշխանությունը կրակ էր բացել խաղաղ ցուցարարների վրա։ 2009թ․ նրան էլ մյուս քաղբանտարկյալների պես ազատ արձակեցին։ Իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն ընտրեց վարչապետ, քաղաքական հայացքների համար ազատազրկված մի շարք անձինք ԱԺ պատգամավորների երաշխավորագրերով կամ գրավի դիմաց ազատ արձակվեցին։ Շանթ Հարությունյանը պահանջում է, որ իրեն արդարացնեն, քանի որ իր արարքներում չկա հանցակազմ։ Նրա գործը բողոքարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։



Անցած երկու ամիսների ընթացքում սոցիալական ցանցերում պարբերաբար արծարծվում է այն հարցը, թե ինչքան է շարունակելու Շանթը նստած մնալ։ «Շանթ Հարությունյանը հին Հայաստանում էլ էր քաղբանտարկյալ, նոր Հայաստանում էլ է քաղբանտարկյալ», «Շանթ Հարությունյանին Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք ավելի շատ էին հիշում, քան՝ հիմա», «Շանթը նստել է սովետի օրոք, նստել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, նստած է հիմա»․ այսպիսի գրառումներ են անում օգտատերերը, որոնք, սակայն, չեն առաջարկում, թե իրավական ինչ լուծում է պետք, որպեսզի Շանթ Հարությունյանը հայտնվի ազատության մեջ։ Միաժամանակ հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ են նրանք զուգահեռներ անցկացնում նախկին ռեժիմների եւ ժողովրդի կողմից ձեւավորված կառավարության միջեւ, որի ղեկավարը նախկին քաղբանտարկյալ է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը դեռ մինչեւ ՀՀ վարչապետ ընտրվելն էր հայտարարել, որ ինքը չի միջամտելու դատական իշխանությունների գործունեությանը, եւ նրանց որեւէ հրահանգ չի տրվելու։ Մի շարք քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանած փաստաբան Տիգրան Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացակարգով է հնարավոր արդարացնել Շանթ Հարությունյանին։ «Մեր օրենսդրությունը թույլ է տալիս ձեւավորել նման նախադեպ, եւ դա համապատասխանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերին, որոնք ընդունել է Հայաստանը։



Խոսքը վերաբերում է ԵԽԽՎ-ի 1900 բանաձեւին, որը քաղբանտարկյալների կարգավիճակի մասին է։ Իսկ բանաձեւում նշվում է, որ ԵԽԽՎ ցանկացած երկրում եթե կան անձինք, ովքեր զրկված են ազատությունից հինգ բնորոշիչ հանգամանքներով, օրինակ՝ ենթարկվել է մյուսների համեմատ խիստ պատժի կամ նրա ազատազրկումը կապված է եղել քաղաքական գործունեության հետ, ցանկացած փուլում նրանց գործերը կարող են վերանայվել։ Եվ եթե եղել են ԵԽԽՎ բանաձեւում նշված հանգամանքները, ապա նրանք պետք է ազատ արձակվեն։ Իմ կարծիքով՝ իրավական ճանապարհը կլինի այն, որ Շանթ Հարությունյանը դիմի կառավարությանը, համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք վերանայեն իր գործը։ Իմ կարծիքով՝ պետք է լինեն նոր ի հայտ եկած հանգամանքներ։ Մեր օրենսդրության դեպքում դա կարող է անել Վճռաբեկ դատարանը, որը մատնացույց կանի, որ Շանթ Հարությունյանն ազատությունից զրկվել է քաղաքական դրդապատճառներով, ներկայացնի հիմնավորումներ, հղում կատարի ԵԽԽՎ-ի 1900 բանաձեւի 6-րդ կետին՝ նշելով, որ ԵԽ-ն պարտադրում է վերանայել այդ գործը, ներկայացնի միջնորդություն, որպեսզի կայացվի արդարացման վճիռ»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Հայրապետյանը։



Նա հավելեց, որ մեր երկրում չկա նման նախադեպ, եւ գլխավոր դատախազությունն ու Վճռաբեկ դատարանը հազիվ թե ի վիճակի լինեն նման որոշում կայացնել։ Եվ այդ դեպքում, ըստ փաստաբանի, ճիշտ ճանապարհն այն է, որ Շանթ Հարությունյանը դիմի կառավարությանը, արդարադատության նախարարությանը, ասի, որ միջնորդում է վերանայել իր գործը։ Իսկ դրանից հետո էլ դատարանը կարող է կիրառել ԵԵԽՎ բանաձեւը եւ կայացնել արդարացման դատավճիռ։ Կամ էլ, փաստաբանի կարծիքով, դատարանը հաշվի կառնի, որ Շանթ Հարությունյանն ազատազրկվել է քաղաքական դրդապատճառներով եւ նրան ազատ կարձակի։ «Եթե Շանթը համարում է, որ իր գործողություններում չկա քրեորեն պատժելի արարք, ապա հենց արդարացման դատավճիռ պահանջելով օգնում է մեր արդարադատության իրականացմանը։ Այդ դեպքում արդարադատությունը մեկ քայլ առաջ կգնա։ Ինչպես նրան անհիմն ազատազրկել են, այնպես էլ պետք է արդարացնեն, ճանաչեն նրա անմեղությունը։ Կարծում եմ, որ դա առաջին հերթին հենց Հայաստանի վարկանիշը կբարձրացնի, արդարությունն էլ կվերականգնվի։ Ասեմ նաեւ, որ, չնայած կա բանաձեւ, բայց Եվրոպայի խորհրդի անդամ ոչ մի երկիր չի կիրառել այն։ Եվ եթե Հայաստանը կիրառի այդ բանաձեւը, ապա արդարություն իրականացնողները լուրջ կմտածեն, որ քաղաքական հայացքների համար չի կարելի մարդուն ազատությունից զրկել եւ կարող են ենթարկվել պատասխանատվության»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։



**Թագուհի Հակոբյան**