Փնթի

Փնթի
Ամենագնացը գրեթե թռչելով անցնում է ճանապարհի մեջտեղում գոյացած հին փոսն ու մեզ մի քիչ էլ մոտեցնում նշանակետին: Վարորդն ընթացքում հասցնում է դժգոհել երկրից, ճանապարհներից, Ամերիկայից ու Ռուսաստանից: Բողոքում է, որ չեկան ու մեր փոխարեն ճանապարհներ չսարքեցին:



-Երկրի ճանապարհներն այդ երկրի բնակիչների նման են,- ասում եմ ես՝ հստակ գիտակցելով, որ նրան նոր դժգոհությունների նյութ եմ տալիս: Եվ վարորդի միատոն ձայնն ականջներիս մեջ՝ հիշում եմ, որ մի օր մայրս նկատեց՝ մարդու կոշիկի ծայրը շատ նման է մարդու քթի ծայրին։ Ծիծաղեցինք, բայց հետո մետրոյի մեջ ես սկսեցի նայել մարդկանց կոշիկներին ու քթերին՝ հինգից չորսը նման են՝ փոքրիկ վիճակագրությամբ հաստատեցի ես:



Պատուհանից նայելով՝ մտքերիս հետ ժպտում եմ, մինչդեռ վարորդը նոր փոս է շրջանցում ու բացականչում՝ ես ձեր ճամփա սարքողի... անհասցե բողոքից հեշտ բան չկա՝ մտածում եմ...



Մենք մի քիչ փնթի մեծացանք: Մեծացանք՝ ոնց հասցրինք, ով ոնց կարողացավ: Մեծացանք գյուղի ճանապարհներին՝ ավտոբուսով, գնացքով ու ոտքով հասնելով տեղ: Մեծացանք մի շան հալի, որ մեզնից շատերը մի շան բախտ էլ չունենան: Փնթի ու թափթփված մանկություն էր, հետո այդպես փնթի պատանեկություն վարի տվեցինք՝ չնկատելով ամենակարեւոր բաները՝ մամայի ներկայությունը, քրոջ տխրությունը, շենքի կողքին պաղպաղակ վաճառող տղայի սիրահարված հայացքը... եւ ժամանակը, որ թաքուն, անշշուկ փախչում է:



Մենք փնթի մեծացանք ու այդպես էլ ոչ մի օգտակար սովորություն ձեռք չբերեցինք: Չսկսեցինք վազել առավոտյան, չսկսեցինք առողջ սնվել կամ օգնել անտուն կենդանիներին: Ինչ արեցինք ու ինչ սովորեցինք՝ գրելն էր, փնթի ու իմիջիայլոց գրելը՝ մեր մասին... իրար մասին: Գրեցինք, որ մեզ հասկանան, բայց այնպես գրեցինք, որ անհասկանալի թվանք: Իսկ երբ ոչ ոք չհասկացավ մեզ, մենք փակվեցինք իրար հայացքներում ու հարմարված աշխարհին, կյանքին ու ճակատագրին՝ լռեցինք: Լռությունն այդ ընդունվեց որպես համեստություն, համեստությունը՝ խեղճություն, խեղճությունը՝ հիմարություն: Ու այդպես էլ ոչ ոք չհասկացավ, որ այդ լռությունը մեծություն էր, ընդվզում շատախոս օրերի ու պայքար բարձր ու մեծ-մեծ խոսելու դեմ: Չիմացան, որ աշխարհում ոչ ոք չի ծնվում դառնությունը կուլ տալու համար, որ բոլոր սերմերը քաղցր են ի սկզբանե, եւ միայն ուժեղ քամուց, արեւի կամ ջրի պակասից է, որ դառնանում են:



Ճանապարհին կանգնում ենք ջուր խմելու... աղբյուրի կողքի վայրի տանձենին եթե պտուղ տված լիներ, հաստատ քաղցր էր լինելու:



-Էս տարվա արեւը լավն էր, բայց միրգ չունենք,- դժգոհում է վարորդը՝ մտքում հաշվելով, թե քանի ոլորան ու փոս է մնացել:



Փոքրիկ հյուսերով աղջկա վաճառած ելակը դառնահամ է թողնում բերանիս մեջ, բայց ամեն օր նրանից ելակ եմ գնում, որովհետեւ ժպտում է միայն, երբ ինչ-որ բան է վաճառում կոկիկ շարված իր դառնահամ մրգերից: Ես բարձրանում եմ, փակվում իմ միսենյականոցում՝ հույսով, որ այսօր էլ կիսեցի փոքրիկ հյուսերով աղջկա ճակատագիրն իր հետ: Ելակ ուտելու փոխարեն ծխում եմ ելակի համով ծխախոտն ու հիշում, որ այդպես էլ ոչ մի օգտակար սովորություն ձեռք չբերեցի՝ չսկսեցի անմիջապես լվանալ ափսեները ու չդադարեցի մոռանալ անընդհատ... Իմ պատուհանից երեւում է ավտոկայանատեղին, որտեղ երբեք ազատ տեղ չի լինում մեքենայիս համար: Մեքենաները՝ ամեն մեկն իր տիրոջ նման, իր տիրոջ դիրքով ու հոգեվիճակով, կանգնած են ու երազում են աշխարհի ամենահարթ ճանապարհների մասին....



Գյուղ տանող ճանապարհը, բացի հին, մաշված ու ծանրաքարշ դեղին ավտոբուսից, ուրիշ բան չէր տեսել՝ ո՛չ նորոգում, ո՛չ ասֆալտ, ո՛չ հեղափոխություն, ո՛չ պայքար: Ճանապարհ էր՝ անտառների ու ձորերի մեջ ընկած: Գիտեինք, որ ինչ-որ տեղ կհասցնի, որ այդ ճանապարհի ամենավերջում ոտաբոբիկ գետերի մեջ ընկած, կորած ձիերի, ավանակների ու կովերի ետեւից սարերն ընկած փնթի մանկություն էր: Ճանապարհը հոգնած էր, բայց հնազանդ, ինքն իր ճակատագրի հետ հարմարված, իր փոսերն ու ոլորանները սիրող ճանապարհ էր, վերեւի ժայռից քարեր կուլ տված ու ուրիշ ոչինչ չտեսած, միամիտ ճանապարհ:



Մեզ ճանապարհում էին շոգ ու աղմկոտ կայարաններից: Սպասում՝ մինչեւ ավտոբուսը կկորի տեսադաշտից: Ու մինչեւ վերջ ձեռքով էին անում: Որովհետեւ յուրաքանչյուրիս է ճանապարհող պետք, ձեռք սեղմող, ժպիտով ավտոբուսի ետեւից նայող, ում ջրավազանի մեջ գցած մանրադրամի նման թալիսման ես դարձնում ու թողնում այնտեղ, որտեղից հեռանում ես, որ մի օր անպայման վերադառնաս: Մենք երջանիկ էինք, երբ փնթի ավտոբուսներից տեսնում էինք կայարանում քիչ-քիչ փոքրացող, ձեռքը վերեւ պարզած մարմինը: Մենք երջանիկ էինք, որովհետեւ գիտեինք՝ ճանապարհը միայն տանելու համար չէ՝ ետ է բերելու մեզ նորից, ու կայարանում կանգնած ֆիգուրը քիչ-քիչ մեծանալու է, ձեռքը ցած է իջնելու, որ գրկի քեզ:



Եվ մենք միշտ վերադառնում էինք...



Ճանապարհը վերջին ճիգն է գործադրում մեզ տեղ հասցնելու համար, վերջին զառիվերը, վերջին շրջադարձը: Մի քիչ էլ, ու նորություն, հեղափոխություն, ու ոչ մի նախարար չտեսած գյուղը կեսօրի շոգից քրտնած իր փողոցների փնթի լռությամբ կընդունի ինձ... եւ ես կմոռանամ մի կարճ ժամանակով, որ մի օր նստել եմ բարձրահարկի մութ բակում, նայել իմ տան պատուհանին... վառվող լույսը հեռու ու օտար է թվացել... ես հիշել եմ գյուղ տանող դեղին ավտոբուսը, հիշել ինձ համար դաշտից մորի բերող տղային... հետո մի փնթի հնազանդությամբ վեր եմ կացել ու գնացել տուն, որովհետեւ մենք միշտ գնում ենք մեզ սպասողների մոտ՝ մտքում ապրելով մեր վերջին զրույցը նրա հետ, ում մենք ենք սպասում անվերջ...



Մեքենան ծանր հոգոցով կանգնում է դարպասների առաջ: Ոչինչ չի փոխվել, եւ ամեն բան ուրիշ է: Վարորդը թողնում է մեքենան պատի տակ, հրաժեշտ է տալիս ու դանդաղ անհետանում փողոցի թեքության տակ:



Ես մի կերպ կուլ եմ տալիս կոկորդիս կանգնած հաշտությունը՝ ճանապարհող չունեցողին ոչ ոք չի դիմավորում...







**Անի Մաղաքյան- գրող, սցենարիստ**



**Հրապարակ մշակութային հավելված**