Փայտե տնակում էր ապրում՝ երեխաների հետ․․․

Փայտե տնակում էր ապրում՝ երեխաների հետ․․․
 



Երեկ՝ հունիսի 22-ին երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ Հետո հավելում է․



«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները՝ համապատասխան կարգով»։



Մահացել է։ Ախր դա լրիվ ուրիշ իմաստ ունի։ Մեկ էլ մտածում ես, լավ, բա ո՞նց գրի․․․ Ասի՝ սպանե՞լ են․․․ Կասեն՝ ի՞նչ գիտես, գուցե մահացել է։



Էդ խառը մտորումների մեջ փորձում եմ վերհիշել  խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատների հետ զրույցներս։ Փակ աչքերով տեսնում, լսում եմ կառավարության շենքի առաջ նրանց ողբը, լացուկոծը ու սառը, անտարբեր արձագանքը։ Եթե մի քարայրի պատմեին, գոնե արձագանք կլսեին՝ իրենց բառերի, մրմունջի, տառապանքի․․․



Շատ եմ զրուցել խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների, հարազատների հետ ու մի այսպիսի  հոգեբանական նկատառում կարող եմ անել։ Զինվորը երբ  զոհվում է թշնամու գնդակից՝ մարտի դաշտում՝  ծանր է, անասելի ծանր, բայց դրանից է՛լ ավելի ծանր բան  կա։ Երբ որդիդ, եղբայրդ, հարազատդ զոհվում է յուրայինի գնդակից։



Առաջին դեպքում «գետում խեղդվողը շյուղ է գտնում»՝ որդիս զոհվել է իր երկրի համար, երկրորդ դեպքում այդ շյուղը չկա՝ ինչու՞, ինչի՞ համար, ու՞մ ձեռքով․․․ Ու այդքանից հետո, երբ համապատասխան մարմինները  թաքցնում են մահվան պատճառը ՝ որակելով այն որպես ինքնասպանություն կամ ոչ միտումնավոր սպանություն՝ այլևայլ նրբերանգներով, երբ թաքցվում են  հետքերը, դա «ծնողին քոռ դանակով մորթել է նշանակում»։ Դանդա՜ղ, տանջալի․․․



Մինչև հիմա մեր աչքի առաջ խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների «մի բուռ դարձած մարմիններն են»՝ աղերսանքի փոխված՝ գտեք մեր տղային սպանողին (մարմիններ եմ ասում, որովհետև նրանց մեջ էլ կյանք չկա)։



Երեկվա զոհը՝ Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից է։ Երեք երեխայի հայր, 45 տարեկան։ Փայտե տնակում են ապրում։ Աղջկան էլ, լրատվական աղբյուրներից իմացա, երկու շաբաթ առաջ է ամուսնացրել։ Ինչ աներ, իր լավ վիճակից չէր գնացել «թշնամու բերան»։



Դեռ օրը չի կլորում, արդեն լսում ենք․



«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից»։ Էլ չեն գրում հարուցվել է քրեական գործ ու «արևին դեմ տալիս»։ Էլ չեն կոծկում, թաքցնում։ Էլ չեն ասում՝ թշնամին դրանից կուրախանա։ Ջրի երես են հանում։ Դա լավ փոփոխություն է, դրա մասին պիտի անդրադառնանք։  Ճիշտը դա է՝ շարունակական ներքին սպանությունները կանխելու համար։ Սպանողին անմիջապես «ջրի երես պիտի հանել»։ 



Էլ չպիտի նայել, թե ով է սպանել զինվորին՝ հրամանատա՞ր, հրամանատարի տեղակա՞լ, թե՝ շարքային զինվոր։  Ազգի թշնամի պիտի հայտարարել նրան, ու պատիժը շատ խիստ պիտի լինի։ Յուրայինի կողմից սպանված զինվորն էլ է   զոհ, զոհված, որովհետև ներքին ու արտաքին թշնամու մեջ այս դեպքում տարբերություն չկա։



Հասմիկ Բաբաջանյան