Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները շատ մեծ են․ միջնորդեցին գրավով ազատ արձակել  Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի հնարավորությունները շատ մեծ են․ միջնորդեցին գրավով ազատ արձակել  Քոչարյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։ 

Նիստին պաշտպանական կողմը կրկին հանդես եկավ միջնորդությամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։

Պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ներկայացրեց միջնորդությունը։ Նա նշեց, որ, գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի եւ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ սահամանելով գրավի ողջամիտ չափ։ Վարդեւանյանը նաեւ նշեց, որ չափը թողնում են դատավորի հայեցողությանը։

Միջնորդության հետ կապված`  պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ այն հիմքը, որ դրվել էր սեպտեմբերին կայացված որոշման հիմքում, դադարել է գոյություն ունենալ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր գրավի միջնորդությունը՝ որոշման պատճառաբանական մասում գրելով, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Մեղադրանքի կողմն առարկեց միջնորդության դեմ։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ խոչընդոտելու ու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկն առկա է։

«Մենք պնդում ենք, որ առկա է թաքնվելու ռիսկ։ Բոլորը գիտեն այն հանգամանքները, որոնք մենք շեշտադրել ենք մեր հակափաստարկներում պաշտպանական կողմի միջնորդությունների դեմ։ Ռոբերտ Քոչարյանը կապեր ունի ՀՀ սահմաններից դուրս, ապրել է ՀՀ-ի սահմաններից դուրս, դա մեծացնում է ՀՀ-ից դուրս գտնվելու, հեռանալու, քննությունից թաքնվելու ռիսկը։ Ինչպես նախկինում ենք ներկայացրել, հիմա եւս փաստում ենք, որ առկա է քննությունից թաքնվելու ռիսկը։ Խոչընդոտելու ռիսկը նույնպես առկա է սույն քրեական գործում։ Ապացույցներ են առկա այն մասին, որ հայտնի իրադարձությունից հետո բարձրաստիճան անձինք ներգրավվել են տեղի ունեցածը քողարկելուն, իրականացրել են համապատասխան գործողություններ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները փոխելու համար։ Մի կարեւոր հանգամանք․ ես չեմ ուզում խոսել իրավունքի չարաշահման մասին, բայց առաջարկում եմ՝ մենք շուտ անցնենք դատական քննությանը, որպեսզի կարողանանք առաջինը հարցաքննել նրանց, ում վրա ազդեցություն ունենալու ռիսկ կա»,-նշեց դատախազը։

Տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները միացան մեղադրանքի կողմի դիրքորոշմանը։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց․ «Ռոբերտ Քոչարյանն իր անձնական հատկանիշներով ներքաշել է պաշտպանության նախարարին, հիմա էլ ասում է՝ ապացուցեք, ես տեղյակ չեմ։ Նրա հնարավորությունները շատ մեծ են, եւ կարող է վկաների վրա ազդեցություն գործել։ Ես նույնպես ուզում եմ հայտարարել, որ նախաքննության  ընթացքում տվյալներ կան այն մասին, որ մի շարք անձինք՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, ցուցմունքներ են տվել, թե ինչպես են փամփուշտները փոխել, դրա առաջին տեղում եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ես գտնում եմ, որ խափանման միջոցը փոփոխման ենթակա չէ, գրավի կիրառումն անթույլատրելի է Ռոբերտ Քոչարյանի դեպքում»։