ՀՀԿ-ականները զարմացած են, որ Մանվելն ընդունակ էր գողանալ զինվորի հացը

ՀՀԿ-ականները զարմացած են, որ Մանվելն ընդունակ էր գողանալ զինվորի հացը
ՀՀԿ-ականները շոկի մեջ են։ Նրանք զարմացած են, մարդիկ էլ զարմացած են նրանց զարմանքի վրա, որ կարծում են, թե գեներալ Մանվել Գրիգորյանն ընդունակ չէր բանակը թալանել, զինվորի հացը գողանալ։ Համենայնդեպս, այդ մասին են վկայում ԱԱԾ-ի սենսացիոն բացահայտումները ԱԺ պատգամավոր, գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի առանձնատնից, ամառանոցից, ավտոտնակից։ Հանրապետականները երեկ, սրբի դեմք ընդունած, հայհոյանքը շուրթերին՝ պախարակում ու դատապարտում էին Մանվել Գրիգորյանի արարքը՝ ինչպե՞ս կարելի է զինվորի հացը գողանալ, ինչպե՞ս կարող էր մարդը զինվորին ուղղված նամակներով «տուշոնկաները» բերեր-լցներ իր տուն ու դրանցով կերակրեր արջերին։



Այն, որ մամուլը տարիներ շարունակ գրում էր Մանվել Գրիգորյանի «հերոսությունների» մասին, ՀՀԿ-ականները չէին հավատում, ասում էին՝ փաստեր տվեք։ Նրանք հյուրընկալվում էին Գրիգորյանի շքեղ դղյակներում, եւ իրենց մոտ հարց չէր առաջանում՝ որտեղի՞ց այս մարդուն միլիոնների կարողությունը, շքեղ առանձնատունը, կենդանաբանական այգին, թանկարժեք մեքենաները եւ այլն։ Տարիներ շարունակ մամուլը փորձում էր բացել նրանց աչքերը, որ այդ կարողությունը «ստեղծվել» է բանակը թալանելով, զինվորի հասանելիքը գողանալով, այլոց գույքը խլելով։ ՀՀԿ-ականները չէին հավատում նաեւ այն պատմություններին, թե ինչպես էր Մանվելն իրեն հակադրված հարեւանների վրա շուն «քսի տալիս», որ պատժեր նրանց։



Չէին հավատում, որ գրում էին՝ Մանվելը վախի մթնոլորտ է տարածել Էջմիածնում, արգելափակոցներ է շարել փողոցներում, ավտոմեքենաների անվադողերն է ծակում, երբ օտար մեկը համարձակվում է կայանել իր արգելած վայրերում։ Բնականաբար, ՀՀԿ-ականները չեն հավատա նաեւ, որ իրենց թիմակիցն ընդունակ էր մարդուն կապել մեքենայից ու քարշ տալ այնքան, որ տանջանքներին տուրք տալով՝ համաձայնի իրեն պատկանող լիճը գրանցել Մանվելի անունով։ Ու այսպիսի քանի-քանի պատմություն։ Նրանք դժվարանում են նաեւ ասել՝ Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՞լ է այս ամենից, թե՞ ոչ։ Բայց պնդում են՝ ով ուզում է լինի, պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ։



«Հանրապետական կուսակցությունը բազմաթիվ անգամներ, բազմաթիվ առիթներով, ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր, ե՛ւ վաղը․․․ որեւէ օրինախախտում ոչ միայն չենք արդարացնելու, ոչ միայն դատապարտելի ենք համարելու, այլ նաեւ ես չգիտեմ… սա կարելի ա ամենախիստ գնահատականները հնչեցնել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ **Շարմազանովը**՝ ԱԱԾ-ի հրապարակած կադրերից վրդովված։ Նա, իհարկե, չի ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց եթե պարզվի, որ այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը, դա արդարացում չունի։



«Ուզում է՝ ես անեմ, ուզում է՝ իմ տղան անի, ով ուզում է՝ անի»,-ասաց նա։ Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը տեղյակ չի՞ եղել այս ամենից, Շարմազանովն ասաց՝ իհարկե, ոչ։ Այսինքն՝ նախորդ իշխանություններն այնքան թույլ են եղել, որ չե՞ն կարողացել այդ ամենը բացահայտել։ Շարմազանովն անմիջապես ընդունեց իրենց թուլությունը․ «Ուրեմն մի վայրկյան, հիմա մեր իշխանությունները որ շատ լավը լինեին, էսօր մենք կլինեինք վարչապետ ու գործադիր իշխանություն»։ Հարցրինք նաեւ՝ զինվորի հացը գողացողն ազգի հերո՞ս է, թե՞ ազգի տականք։ «Ազգի դավաճան»,-ասաց նա։



Շարմազանովի հետ զրույցից րոպեներ անց ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց, որտեղ բացի դատապարտելուց եւ տեղի ունեցածն անընդունելի ու զազրելի համարելուց, նաեւ նշել էին, որ «օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է, թե ոչ, ԱԺ պատգամավոր է, թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջեւ»։



ԱԺ մեկ այլ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ այս հայտարարությանն ավելացրեց ընդամենը մեկ բան․ «Ես ամբողջությամբ կիսում եմ այն ապրումներն ու զգացողությունը, որ ունեցել է հայ ժողովուրդը այդ տեսանյութը դիտելուց հետո»։ Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր տեղի ունեցող արտահերթ նիստում ինքը կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն, թեկուզ քվեարկությունը գաղտնի է։



ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ջավախեցի **Տաճատ Վարդապետյանն** էլ մեր հարցին հարցով պատասխանեց․ «Ինչպե՞ս կվերաբերվեր մի մարդ այդ բացահայտումներին, երբ 2016 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանում կոչով հանդես եկավ եւ խնդրեց դրսում ապրող իր հայրենակիցներին, որոնք մոտավորապես 100 հազար դոլարին համարժեք ռուսական ռուբլի եւ չորս ՈՒԱԶ մեքենա նվիրաբերեցին՝ առանց իրենց անունները հրապարակելու»։ Վարդապետյանը, սակայն, չպնդեց, որ Մանվել Գրիգորյանի ավտոտնակում հայտնաբերվածը հենց իրենց ուղարկած ՈՒԱԶ մեքենաներն էին․ իրենց ուղարկածն ինքն ու Էդուարդ Շարմազանովն անձամբ են տարել-հասցրել Արցախ՝ հավաստիանալով, որ դրանք տեղ են հասել։



Իսկ այն, ինչ տեսել է ԱԱԾ-ի տեսանյութում, եթե վերջնականապես հաստատվի, ինքը դա որակում է հայրենադավություն․ «Եվ կանիծեի ամենամոտիկ հայրենակցիս անգամ, ով պետության գրպանն է մտնում»։ Իսկ ի՞նչ է կարծում՝ երկրի բարձրագույն ղեկավարությունն այդ ամենից տեղյակ եղե՞լ է։ Վարդապետյանն ասաց․ «Դա նաստրադամուսյան ժանրից է, ես չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ։ Այնուհանդերձ, մենք գործ ունենք մի իրողության հետ, որն ինձ համար սառը ցնցուղ էր»։



Այս ամենից զարմացած էր նաեւ ԱԺ-ում Մանվել Գրիգորյանի օգնականը՝ Մեսրոպ Մանուկյանը, ով երկու օր առաջ ԱԱԾ-ի դիմաց միտինգ էր անում՝ ի պաշտպանություն «զորավար» շեֆի։ «Իմ համար անակնկալ էր ու շատ մեծ, որովհետեւ նույն խտացրած կաթերը, որոնք որ կային երեխաների մակագրությամբ, առաջին էդ ակցիան իրականացրել եմ ես՝ իմ քրոջ երեխայի միջոցով։ Ես էլ եմ կարծում, որ եթե էս ամենն իրականություն է, ուրեմն մի հոգի չի արել։ Ես իմ մեջ չեմ ուզում հավատալ դրան, քանի որ ես էդ կերպարը չեմ տեսել։ Էս երեւույթն իմ համար շոկ է»,- ասաց նա՝ նշելով, որ եթե նկատեր նմանատիպ երեւույթ, «ինքը դրան չէր գնա»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**